Հայաստան

Նիկոլ Փաշինյանի Սխալները

Մաս 2

Դե ֆակտո Հայաստանի տնտեսությունը մնում է շինարարության ու ծառայությունների հիմքի վրա, տնտեսական աճը՝ պատահականությունների, որ կարող են և չլինել: Հայաստանին պետք է արդյունաբերություն, հանքահումքային ռեսուրսների լիարժեք տիրապետում ու շահագործում, արտահանում ոչ թե հումքի, այլ ապրանքի տեսքով:

Անահիտ Ադամյան

Եթե Նիկոլ Փաշինյանը հավատում է իր իսկ հայտարարությանը, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն է անելու, ինչու՞ է շարունակում ՀՀ տնտեսությունը գերկախման մեջ մնալ Ռուսաստանից: Ինչու՞ 2018-2023-ին քայլեր չեն ձեռնարկվել Հայաստանում վերացնելու ՌԴ մոնոպոլիան տնտեսության մեջ՝ ինչու՞ է դեռ ՌԴ կոնցեսիոն կառավարմանը հանձնված հայկական երկաթուղին: Բացի կոռուպցիոն սկանդալներից այդ կառավարումը նշանավորվե՞լ է պայմանագրային ներդրումներով, թե՞ բավարար է ռուսական հիմնավորումը, որ ՀՀ տարածքը խիստ փոքր է շահութաբերության համար, իսկ այլ երկրների հետ հայկական երկաթուղին կապված չէ (բացառությամբ Վրաստանը): Ինչու՞ այլընտրանք չի ստեղծվել ՙԳազպրոմին՚, երբ ՌԴ-ն գազն օգտագործում է իբրև քաղաքական ու տնտեսական շանտաժի միջոց: Ինչու՞ Հայաստանի հանքահումքային ռեսուրսները մնում են կամ ռուսական տնօրինման տակ, կամ չեն օգտագործվում: Ինչու՞ է շարունակվում նույն քաղաքականությունը, որ վարել են բոլոր նախկինները՝ գերակա համարելով օրվա խնդիրը ու անտեսելով պետական երկարաժամկետ ծրագրերի անհրաժեշտությունը: Եթե վարչապետը հասկանում է աշխարհաքաղաքական փոփոխությունների վտանգները, վաղուց արդեն ՀՀ-ն պետք է երկկողմ համագործակցության համաձայնագրեր՝ իմա իրավապայմանագրային բազա ստեղծած լիներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Վրաստանի, այն երկրների հետ, որ տնտեսության դիվերսիֆիկացման ու ռազմական անվտանգության հնարավորություններ են տալիս: Կփոխվե՞ն այդ երկրներում իշխանությունները, թե՞ ոչ, համաձայնագրերը գործելու են: Եթե ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարում՝ Հայաստանը վեկտոր չի փոխելու, որովհետև քաղաքականության հիմքում ազգային շահն է, ո՞րն է ազգային շահը նրա ընկալմամբ: ՙՆաիրիտի՚ ռեկուլտիվացիան ՙՌոսատոմին՚ հանձնե՞լը: Թե՞ Ամուլսարի վերագործարկումը ռուսական բանկի հետ կապելը: Հայաստանում նոր աէկ-ի հարցով ՌԴ-ի հետ բանակցե՞լը: Օրինակները բազում են՝ ինչ չի արվել: Դե ֆակտո Հայաստանի տնտեսությունը մնում է շինարարության ու ծառայությունների հիմքի վրա, տնտեսական աճը՝ պատահականությունների, որ կարող են և չլինել: Հայաստանին պետք է արդյունաբերություն, հանքահումքային ռեսուրսների լիարժեք տիրապետում ու շահագործում, արտահանում ոչ թե հումքի, այլ ապրանքի տեսքով: Տեղապտույտից դուրս գալու ու որևէ քայլ անելու համար վերջապես պետք է կայացնել պետականության պահպանման համար գլխավոր որոշումը՝ կատարել քաղաքակրթական ընտրություն՝ հրաժեշտ տալ եվրասիականությանը, որտեղ կուտակված են քաղաքական ու ռազմական սպառնալիքները, տնտեսությունը ընդամենը ալիքի վրա պահելու, բայց ոչ զարգացնելու հնարավորությունները, չեն լինելու ներդրումներ ու նոր տեխնոլոգիաներ, և վճռական շարժվել դեպի Արևմուտք՝ իրական անվտանգության, իրական զարգացման նպատակով: Հակառակ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը դնելու է իր իշխանության վերջի սկիզբը:
Վաղուց պետք է քայլեր ձեռնարկվեին տնտեսության դիվերսիֆիկացման համար՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ-ից անցնցում դուրս գալը: Դա միայն պետության գործը չէ, պետությունն ու բիզնեսը պետք է համատեղ գործեն՝ լոգիստիկայի, սպառման շուկաների ու արտադրության զարգացման համար: Զուգահեռ պետք է ձեռնարկվեն քայլեր թե արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքի համար նոր շուկաների բացման, թե նոր տեխնոլոգիաների ներդրումով ապրանքների մրցունակության բարձրացման ու արևմտյան շուկաներ մուտքի հնարավորությունների ստեղծման համար: Բայց այդ խնդրի լուծման համար նախևառաջ պետք է կայացվի քաղաքական որոշում, որ ձեռնարկվող քայլերը նպատակամետ ու համակարգված լինեն, ոչ թե արձագանքներ դրսից արվող առաջարկներին, այլ ներսից նախաձեռնություններ ու համագործակցության առաջարկներ արևմտյան ընկերություններին:
2050-ին Հայաստանում 5 միլիոն բնակչություն ունենալու մասին իր հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը հավատու՞մ է, թե՞ 2050-ին ոչ ոք չի լինի, որ հիշի … Եթե հավատում է ու եթե սոսկ կարգախոս չէ, ընդամենը 26 տարում բնակչությունը կրկնապատկելու ի՞նչ քայլեր են արվելու՝ կրթակա՞ն, առողջապահակա՞ն, բնապահպանակա՞ն, ներգաղթի՞, արտագաղթի կանխմա՞ն, միգրացիո՞ն, ծնելիության աճի՞, կա՞ ծրագիր: Խնդրի լուծումը տարբեր գերատեսչությունների տարբեր բաժինների տնօրինությանը հանձնե՞լն է արդյունավետ, թե՞ մեկ կառույցում կենտրոնացնելը: Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական անվտանգությունը ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ է՝ ինչպես բանակը, տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը: Եվ ժողովրդագրական անվտանգության ապահովման համար կիսաքայլերը, կամ մեկ քայլ առաջ, մի քանի քայլ աջ ու ձախը վստահաբար ունենալու է հետևանքներ, բայց ոչ արդյունքներ: Իսկ հետևանքը մեկն է լինելու՝ չի ստացվելու:
Մենք շատ կարճ ժամանակ ունենք, ժամանակի կորուստը դառնալու է պետականության կորուստ, եթե չարվեն անհրաժեշտ քայլերը:

Գրառումը՝ Անահիտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *