Հայաստան

Երևանը Բարձր Է Գնահատում Իրանին

Գործնականում, նա Երեւանում հայտարարել է, որ Կովկասում էլ խաղաղություն հնարավոր է միայն ռեգիոնալ դերակատարների երաշխավորությամբ՝ «առանց արտաքին միջամտության»:

Հակոբ Բադալյան

Հայաստանի բարձր գնահատականն Իրանին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 27-ին Երեւանում հյուրընկալելով Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Ամբոդալիահին, բավականին բարձր, թերեւս աննախադեպ գնահատական է հնչեցրել ռեգիոնալ խաղաղության ուղղությամբ Իրանի դերակատարությանը: Համատեղ ասուլիսում պատասխանելով դրա վերաբերյալ հարցին, Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Իրանի դերի մասին խոսել է բազմիցս, բայց միշտ էլ հաճելի է խոսել այդ մասին: Ըստ Արարատ Միրզոյանի, Իրանի դերակատարությունը «լավագույնն» է: «Անշուշտ կարող են արվել հանդիպումների կազմակերպումներ, տարբեր կողմերի կողմից, բայց միեւնույն ժամանակ, շարունակաբար եւ վճռականորեն հաստատակամ կերպով նշելով ու ամրագրելով այն սկզբունքները, այն հիմնասյուները, որոնց վրա պետք է հենված լինի խաղաղությունը, երեւի ամենամեծ ներդրումն է (Իրանի ներդրումը-խմբ.), կամ ամենամեծ ներդրումներից մեկն է այդ գործընթացում: 

Փաստացի, Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Իրանն է խաղաղության ապահովման ուղղությամբ ամենագործնական դերակատարը: Ընդ որում, այդ ֆոնին թերեւս երկրորդական չէ հիշատակել մի դրվագ, կապված նախորդ տարի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետ: Երեւանը այդ երկօրյա փաստացի պատերազմից հետո ԱԽ քարտուղարի մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ կռիվը դադարեց ԱՄՆ ջանքով: Սակայն, դրանից որոշ ժամանակ անց, Հայաստանի փոխարտգործնախարար Կոստանյանը հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանի միջնորդական ջանքն է եղել հրադադարի գրավականը: Անշուշտ, մեկը չի հակասում մյուսին, եւ այդ իմաստով հրադադարը կարող է լինել ոչ թե մեկի, այլ տարբեր ջանքերի հանրագումար, սակայն այս պարագայում հատկանշական է Երեւանից հնչող հայտարարությունների հանգամանքը:

Այդ հատկանշականությունը ոչ միայն Իրանի դերի Հայաստանի արտգործնախարարի այսօր տված բարձր գնահատականի ֆոնին է, այլ նաեւ Իրանի արտգործնախարարի հայտարարության, որ նա արեց երեւանյան ասուլիսում՝ հղելով Միացյալ Նահանգներին: Իրանի արտգործնախարարը Երեւանում համատեղ ասուլիսի վերջում բարձրաձայնեց, որ Հայաստանում քննարկել է նաեւ Գազայի իրավիճակը, շնորհակալ է Երեւանին, որ դատապարտում է պատերազմը, եւ միաժամանակ հայտարարեց, որ դիմում է Միացյալ Նահանգներին: Աբդոլահիանը, ըստ սինքրոն թարգմանության, հայտարարեց, թե ուզում է «զգուշացնել» Նահանգներին, որ «նրանք կասկած չունենան»՝ Գազայի հատվածում չի կարող լինել Իսրայելի հաղթանակ: «Վերադարձեք ձեր տներն ու թողեք Պաղեստինի եւ Գազայի հատվածի ժողովուրդը իրենք իրենց ճակատագրի համար կայացնեն որոշում», Երեւանում հայտարարել է Իրանի արտգործնախարարը, դիմելով Նահանգներին: 

Երեւանի համար համատեղ ասուլիսի այդ հանգամանքը եղել է անակնկա՞լ, անսպասելի՞, թե՞ Հայաստանը իրազեկված էր այդօրինակ բարձրաձայնման մտադրության մասին: Բարդ է ասել: Անկասկած է, որ այդ հայտարարության վայրը Աբդոլահիանը ընտրել է ոչ պատահական, կամ այսպես ասած հանգամանքների բերումով: Գործնականում, նա Երեւանում հայտարարել է, որ Կովկասում էլ խաղաղություն հնարավոր է միայն ռեգիոնալ դերակատարների երաշխավորությամբ՝ «առանց արտաքին միջամտության»: Ըստ էության, Թեհրանը Կովկասի եւ մերձավորաարեւելյան իրողությունները դիտարկում է այսպես ասած մեկ ամբողջության մեջ: Ի՞նչ կոնկրետ առաջարկ է արել Թեհրանն այդ ամբողջության մեջ Երեւանին, որ արժանացել է աննախադեպ բարձր գնահատականի։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *