Հայաստան

Թեհրանը Ուղիղ Հարցեր Է Տալու

Իրանի նախարարը Երեւան է ժամանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցից հետո, որտեղ նա ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ոչ պաշտոնական շփում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ։

Հակոբ Բադալյան

Աբդոլահիանը Հայաստանում կքննարկի շատ կոնկրետ հարցեր

Այսօր Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը, որը բանակցություն կվարի Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Հատկանշական է, որ Երեւան այցից առաջ Իրանի արտգործծնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախարար Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկել է ինչպես երկկողմ ու բազմակողմ օրակարգի առնչվող հարցեր, այդպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերության, խաղաղության գործընթացի թեման: Ընդ որում, այստեղ ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ Իրանի արտգործնախարարը Բաքվի նախարարի հետ հեռախոսազրույց է ունենում, եւ աշխատանքային այցով Հայաստան է ժամանում այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանը բարձրաձայնեց Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները ստացած լինելու մասին:

Մյուս հատկանշականությունն այն է, որ Իրանի նախարարը Երեւան է ժամանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցից հետո, որտեղ նա ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ոչ պաշտոնական շփում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, թեեւ հայտնի չէ, թե ինչ աստիճանի եւ ինչ բովանդակության է եղել այդ շփումը: Մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ Իրանի արտգործնախարարի այցը հաջորդում է Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահի օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցին: Եվ վերջապես, երկու օր առաջ Իրանն ու ԵԱՏՄ-ն ստորագրեցին ազատ առեւտրի վերաբերյալ ընդլայնված համաձայնագիր, որը փոխարինում է մինչ այդ կնքված եռամյա ժամանակավոր համաձայնագրին, որի ժամկետը լրանում էր 2022 թվականին:

ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի ընդլայնված համաձայնագիրը անշուշտ էական տնտեսա-քաղաքական տարածություն կարող է բացել Հայաստանի-Իրան հարաբերության համար, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանն Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիրն է, թեեւ ինքը Հայաստանը չունի ԵԱՏՄ հետ ցամաքային սահման: Այդպիսով, ակնառու է, որ հայ-իրանական գործակցության օրակարգը բավականին ընդգրկուն է եւ բարդ է ասել, թե հատկապես ի՞նչ շեշտադրում ունի Իրանի նախագահի այցը: Այն կապված է Հայաստան-Ադրբեջան գործընթացի՞ հետ աննմիջապե՞ս, թե՞ այդ գործընթացը այսպես ասած ներառվում է հարցերի այն ավելի լայն շրջանակում, որ կարող էին քննարկած լինեն Նիկոլ Փաշինյանն ու Իբրահիմ Ռայիսին օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Բոլոր դեպքերում, կասկածից վեր է, որ Իրանի նախարարի աշխատանքային այցը Հայաստան ունի բավականին կոնկրետ քննարկումների նպատակ եւ այցերի այդօրինակ ձեւաչափերը գործնականում ծառայում են հենց այդպիսի անհրաժեշտությունների: Միով բանիվ, Իրանի համար Կովկասում գլխավոր խնդիրը թերեւս մեկն է՝ չունենալ անակնկալներ, հատկապես այն պարագայում, երբ Թեհրանը բավականին նուրբ, բայց ինտենսիվ կերպով ներգրավված է մերձավորարեւելյան գոտում ծավալվող թեժ զարգացումներում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *