Հայաստան

ԱՄՆ-ը Կխառնի՞ Բոլորի Հաշիվները

Քերմանի ահաբեկչությունն, ըստ ամենայնի, Իրանին խիստ զգուշացում է: Խորհրդարանական ընտրությունները մոտ են, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը քիչ է ասել, թե բարվոք չէ: Ցանկացած պահի կարող են կրկնվել կամ ավելի լայն թափ ստանալ բողոքի զանգվածային ցույցերը:

Վահրամ Աթանեսյան

ԱՄՆ-ը՝ Մեծ Եվրասիայի «գերեզմանափո՞ր»

ԵԱՏՄ Տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարվա ամենակարեւոր ձեռքբերում գնահատեց Իրանի հետ ազատ առեւտր համապարփակ համաձայնագրի ստորագրումը: Իրականում խոսքը Ռուսաստան-Իրան ազատ առեւտրի մասին է. փաստաթուղթն ստորագրել են ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը եւ Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ալիաբադին, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն ընդամենը միացել են:

Հունվարի 4-ին նախատեսված էր Իրանի նախագահ Ռայիսիի այցը Թուրքիա, որտեղ նա նախագահ Էրդողանի հետ առանձնազրույցից զատ պետք է մասնակցեր առեւտրա-տնտեսական համագործակցության Բարձրագույն խորհրդի նիստին: Այդ այցը նոյեմբերին հետաձգվել էր: Ըստ երեւույթին, դա կապված էր Ռուսաստան-Իրան ազատ առեւտրի համապարփակ պայմանագրի հետ: Բայց Ռայիսին Թուրքիա չմեկնեց: Ուղեւորության նախօրեին Քերմանում երկու կամ չորս պայթյուն որոտաց, որ մոտ հարյուր մարդու կյանք խլեց:

Ասել, թե դա «Իսլամական պետության» մահապարտ ահաբեկիչների կույր վրեժխնդրություն է՝ չափազանց պարզունակ է: Իրանն ինքը իսլամական պետություն է, Մերձավոր Արեւելքում ԻԼԻՊ-ի դեմ պատերազմին ուղղակի մասնակցություն չի ունեցել: Քերմանի ահաբեկչությունն, ըստ ամենայնի, Իրանին խիստ զգուշացում է: Խորհրդարանական ընտրությունները մոտ են, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը քիչ է ասել, թե բարվոք չէ: Ցանկացած պահի կարող են կրկնվել կամ ավելի լայն թափ ստանալ բողոքի զանգվածային ցույցերը:

Այս համապատկերին ուշագրավ է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Բլինքենի տարածաշրջանային այցի փոփոխված ժամանակացույց է հրապարակել, ըստ որի՝ նա առաջինը կայցելի Թուրքիա: Բանակցություններն, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղի կունենան Ստամբուլում: Բլինքենը կհանդիպի ոչ միայն արտգործնախարար Ֆիդանի, այլեւ նախագահ Էրդողանի հետ: Ավելի վաղ Բլիքենի այցը Թուրքիա եւ իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցով թուրքական կողմի հետ բանակցություններ նախատեսված չէին:

Բլինքենը կայցելի նաեւ Հունաստան եւ Եգիպտոս, Հորդանանի արեւմտյան ափ, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Արաբական միացյալ էմիրություններ: Նա տարածաշրջանում կմնա մինչեւ հունվարի 11-ը: Ինչու՞ է նրա տարածաշրջանային այցի աշխարհագրությունը նման փոփոխության ենթարկվել, ընդ որում՝ Քերմանում ահաբեկչությունից անմիջապես հետո: Թուրքիային ներգրավելով իսրայելա-պաղեստինյան կարգավորման բանակցություններին, Վաշինգտոնը խնդիր ունի չեզոքացնե՞լ թուրք-իրանական հնարավոր համագործակցությունը: ԵԱՏՄ-ի, փաստացի Ռուսաստանի հետ ազատ առեւտրի համապարփակ պայմանագիրն Իրանի համար փորձությու՞ն է: ԱՄՆ-ը ձգտում է տապալե՞լ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագիրը: Դա լրջագույն խնդիր կարող է լինել նաեւ Ադրբեջանի համար:

Հունվարի 10-ին ՆԱՏՕ-ն անդամ երկրների դեսպանների ձեւաչափով գումարում է Ուկրաինայի հետ Խորհրդի արտակարգ նիստ: Բելգորոդի նահանգապետը մարզկենտրոնի բնակիչներին հորդորել է տարհանվել: Ուկրաինայում պատերազմը կհասնի՞ անդառնալիության կետի: Եթե Բլինքենին չհաջողվի կանխել Մերձավոր Արեւելքում պատերազմի թատերաբեմի ընդլայնումը կամ եթե ԱՄՆ իրական նպատակը դա չէ, ապա ի՞նչ է սպասվում Իրանին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *