Ռուսաստանը զգուշանում է, որ Հայաստանը կարող է ունենալ ՀՕՊ միջոցներ, որոնց վերահսկումը ռուսների ձեռքում չի լինի, չեն կարողանա իրենց ուզած ժամանակ միացնել-անջատել, չեն կարողանա վերահսկել Հայաստանի ռազմական հնարավորությունները և այլևս չեն կարողանա «անվտանգային հովանավորի» դեր տանել, մի բան, որին այլևս ոչ ոք չի հավատում:
Արայիկ Մկրտումյան
Հայաստանը վերջնականապես վերածվել է տեղեկատվական-քարոզչական ազատ գոտու: Ով ինչ ուզում գալիս խոսում գնում է: Ով ինչ ուզում քարոզում է, ով ինչպես կարողանում, իր ուզածն առաջ է գցում ու պարտադրում իրենը: Ընդ որում ոչ միայն ներքաղաքական առումով: Հարցը դուրս է եկել ներքաղաքաքական կուսակցական շրջանայկներից:
Հավանաբար շատերը տեսան ֆոտոլրագրող Ալեքսանդր Պատրինի հրապարակումն այն մասին, որ ինքը դեկտեմբերի 31-ին կեսգիշերից կես ժամ առաջ դուրս է եկել ու տեսել, որ Նոր տարվա գիշերը պատկանում է օտարերկրացիներին, որ հրապարակը լի է ագրեսիվ ու ոչ սթափ հնդիկներով, փողոցում միայն այն հայերն են, որոնց համար փողոցը տունն է: Դրանից առաջ ու հետո այսպես կոչված, կես բերան հակահնդկական տրամադրություններ են ծագել հասարակական դաշտում: Ինչ որ տեղերից անընդհատ խոսում են այն մասին, որ հնդիկները շուտով կգան, կլցվեն Հայաստան, մեզնից շատ կլինեն և կսեփականեցնեն Հայաստանը: Ոմանք նաև ինչ որ հրեշավոր թվեր են բարձրաձայնում, որ Հայաստանում կան հարյուր հազարավոր հնդիկներ(ինչը միանշանակ այդպես չէ), և ընդհանուր մտավախության պատկեր է ստեղծվում, որ Հայաստանը մեր ձեռքից գնում է:
Ինչ որ առումով այդ անհանգստությունը հասկանալի է, որովհետև խոսքը վերաբերում է մեկ ու կես միլիարդանոց Հնդկաստանին: Կենցաղով ու կենսակերպով, սոցիալական այլ չափանիշներով և ընդհանուր մշակութային այլակերպության հետևանքով հնդիկները փոքր ինչ ավելի օտար են ընկալվում, քան ասենք նույն ռուսները: Բայց այն, որ ռուսներն են անհանգստանում, առաջին հայացքից անհասկանալի է: Մանավանդ, որ Հայաստանում մեծ քանակությամբ ռուսներ կան, որոնք եկել ու ապրում են այստեղ, ընդ որում նրանց թիվը մի քանի անգամ ավելի շատ է քանի հնդիկներինը: Ընդ որում զարմանալի է, որ ռուսները բողոքում են հնդիկների ոչ սթափ պահվածքից այն դեպքում, երբ առավել հաճախ հենց ռուսներն են աչքի ընկնում անադեկվատ պահվածքով: Հավանաբար Պատրինը չի հիշում կամ չի ուզում հիշել, որ հենց ռուսներն էին պոռնոֆիլմ նկարահանել Էրեբունու ամրոց-թանգարանում ու այն տեղադրել համացանցում, ռուսներն են հարբել ու հարձակվել սուրճի վաճառողի վրա, ջարդել բաժակներ, այլ վաճառողներին ծաղրել, նրանց վրա մրգեր շպրտել և բացահայտ վիրավորել, հայհոյել մարդկանց, ռուս զինվորն է մի ողջ ընտանքի գնդակահարել Գյումրիում…մի խոսքով հիշելու շատ բան կա, ընդ որում սա դեռ առանց որևէ քաղաքականության: Անհատ մադկանց անհատական գործողություններ են: Եվ այս պարագայում երբ ռուսները վրդովում են, թե տեսեք հնդիկները եկել լցվել են ու իրենց ադեկվատ չեն պահում, զարմանում ես:
Իսկ հիմա անցնենք ռուսների մտահոգության քաղաքական հատվածին: Բոլորին հայտնի է, որ Հայաստանն ու Հնդկաստանը ռազմաքաղաքական խորացող հարաբերություններ են կառուցում: Հնդկաստանը միակ երկիրն է, որ ակտիվ զենք է վաճառում Հայաստանին, ցուցաբերում է քաղաքական-դիվանագիտական աջակցություն: Հնդիկները տալիս են այն զենքը, որը ռուսները չեն տալիս կամ այլևս չեն կարողանում տալ: Հնդկաստանը գոնե զենքի առումով մոտ ապագայում կարող է լիովին փոխարինել Ռուսաստանին, ինչը բնականաբար Մետրոպոլիայի դուրը չի գալիս: Հարցը միայն զենքի վաճառքի օգուտը չէ, այլ այն, որ քանի դեռ Հայաստանը ռուսական զենքի դաշտում է, նշանակում է Ռուսաստանն է հսկում, թե Հայաստանը ինչ զենք ունենա, ինչքան ունենա: Ռուսաստանը զգուշանում է, որ Հայաստանը կարող է ունենալ ՀՕՊ միջոցներ, որոնց վերահսկումը ռուսների ձեռքում չի լինի, չեն կարողանա իրենց ուզած ժամանակ միացնել-անջատել, չեն կարողանա վերահսկել Հայաստանի ռազմական հնարավորությունները և այլևս չեն կարողանա «անվտանգային հովանավորի» դեր տանել, մի բան, որին այլևս ոչ ոք չի հավատում: Բացի ռազմական հարցերից, կա նաև Հնդկաստանից դեպի Եվրոպա գնացող մեծ առևտրային ճանապահի նախագիշը, որը գուց եև անցնի Հայաստանով: Թեև դեռևս պարզ չէ, թե ինչ ճակատագիր կունանա ճանապարհը, բայց Ռուսաստանի համար պարզ է, որ եթե Հայաստանը դուրս եկավ իր տնտեսական ու ռազմական, էներգետիկ լծի տակից, ապա ինքն այստեղ այլևս անելիք չունի:
Ահա, թե ինչու է ռուս լրագրողն անհանգստանում, որ Երևանում հնդիկները ամանոր են նշում ու իրենց «լավ չեն պահում»: Ահա, թե ինչն է ռուսական անհանգստության իրական պատճառը: Թե չէ տարօրինակ է, որ մոլորակի ամենաբազմազգ երկրներից մեկը հանկարծ անհասկանալի հետաքրքրություն է ցույց տալիս, թե Երևանում հնդիկներն ինչ արեցին, ինչ չարեցին:
Այնպես, որ պետք չէ ընկնել ռուսական այս «հայասեր» անհանգստության ծուղակը, ազգայնականություն խաղալ ռուսական սցենարով և Հայաստանի գլխին եկած բոլոր փորձանքների զայրույթն ուղղել դրանց հետ ոչ մի կապ չունեցող հնդիկների գլխին: Եթե Հայաստանում անիմաստ նեղացնեն հնդիկներին, ապա Հնդկաստանը կարող է նեղացնել Հայաաստանին: Սա ևս հասկանալ է պետք:
Անշուշտ սա չի նշանակում, որ հնդիկներրին իրավունք է տրվում Հայաստանում անել ինչ ուզում են: Նրանք, ինչպես և ցանկացած այլ ազգի ներկայացուցիչ, պարտավոր են հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքի խախտման դեպքում անհապաղ ենթարկվեն պատասխանատվության: Այդպես է բոլոր երկրներում: Եվ պետք չէ հնդիկների նկատմամբ կեղծ ատելություն գեներացնել և հարաբերությունները փչացնել մի ժողովրդի հետ, որը միշտ բարի է տրամադրված եղել հայերի հանդեպ: Պատմությանը շատ թե քիչ մարդիկ լավ գիտեն, հնդկահայ գաղթօջախի, նշանակության մասին: Ի վերջո հայերն ու հնդիկները իրար հետ առևտուր էին անում ու հարաբերություններ ունեին դեռևս այն ժամանակներում, երբ «ռուս» հասկացողություն դեռևս գոյություն էլ չուներ: Այնպես, որ պետք չէ ռեալ ու հավանական գործընկերոջ ոտքերը անհարկի տրորել, որովհետև ռուսներն այդպես են ուզում:
Իսկ այն հարցով, որ հնդիկները կգան, կշատանան, կսկսեն այստեղ հարցեր լուծել, ապա ի՞նչ է պետք անել, որ օտարերկրացին իրեն հյուրի փոխարեն տանտեր չզգա: Ամենից առաջ ունենալ իրոք ազգային հասարակություն, ոչ թե կեղծ ու ագրեսիվ պաթոս: Պետք է ունենալ այնպիսի կրթություն և այնպիսի գիտակցություն, որը տանտիրոջը կտարբերի հյուրից և ոչ ոք չի կարողանա խլել մեր տունը՝ լինեն հնդիկները կամ ռուսները:
Իսկ վերջում հիշենք ևս երկու բան: Այն, որ հնդիկներն այստեղ կատարում են հիմնականում սպասարկման ստորին օղակների աշխատանք, դա նրանց ավելի ցածր ու վատը չի դարձնում: Աշխատելը ամոթ չէ, աշխատելը պատիվ է: Ամոթը ծուլությունն ու ուրիշից հաց խնդրելն է: Պետք չէ ռասիստական ու քամահրական վերաբերմունք ունենալ նրանց նկատմամբ, քանի որ հայերից շատ շատերն են արտասահմանում նման կարգավիճակում ու նույնիսկ ավելի ցածր: Հնդիկները կգան ու կգրավե՞ն Հայաստանը: իսկ ինչո՞ւ հայերը չեն գալիս ու ապրում Հայաստանում: Դժվա՞ր է այստեղ: Չգիտե՞ք, որ հողը պարապ չի մնում: Եթե հայերը այստեղ չապրեն, ապա կապրի մեկ ուրիշը ու այս դեպքում խնդիրը մեր մեջ է, ոչ թե այլ ազգերի:
Ու նաև հիշենք, որ հայերն այն ժողովուրդն են, ովքեր առավել քան որևէ մեկը գիտե, թե ինչ է նշանակում գաղթ ու օգնության խնդրանք: Հայերը շատ շատ երկրներ են մահապուրծ գնացել ու հաճախ ստացել են ջերմ ու բարի վերաբերմունք: Ապերախտ չլինենք, չմոռանանք անցյալը: Տարբերենք մեր բարեկամին ու թշնամուն: