ՄԵՐ ՈՒՂԻՆ

Վարկային Շղթա

Բանկերը շատ խիստ են ապառիկների ու մուծումների դեպքում: Հաճախ մեկ օր անգամ ուշացումը հանգեցնում է ոչ միայն տույժերի, այլև սևացնում վարկային պարտավորությունը և տվյալ անձը հայտնվում է «սև ցուցակում», որից կարող է մոռանալ վարկ կամ ապառիկ ստնալու հնարավորության մասին, առանց որի հիմա պարզապես հնարավոր չէ:

Արայիկ Մկրտումյան

Հայաստանի ողջ բնակչությունը ծանր կքած է վարկային սարսափելի բեռի տակ, կապված է վարկային ծանրագույն շղթաներով: Խոշոր հաշվով բանկերը ուղղակի ֆինանսական գերության մեջ են  պահում ՀՀ բնակչությանը՝ նրան թույլ չտալով կենսամակարդակի որևէ տեսակի աճ արձանագրել: Երբևէ չընդհատվող տնտեսական լարվածության ֆոնին Հայաստանում շարունակում են հարստանալ միայն բանկերը, որոնք բնակչությանը ամբողջապես ենթարկեցին վարկային ստրկության: Գների բարձրացումը, աշխատավարձերի անհամեմատ ցածր մակարդակը և մյուս կողմից էլ կենցաղի կողմից պարտադրվող կանոնները ՀՀ բնակչությանը դեռևս 2000-ականների սկզբից դանդաղ, բայց կայուն քայլերով մտցրեցին վարկային բեռի տակ: Հաշվի առնելով այն, որ տնտեսական ծանր իրադրությունը թույլ չէր տալիս կանխիկ գումարով քիչ թե շատ նշանակալի գնում կատարել, ՀՀ բնակիչները նախապես շատ ուրախ էին, որ բանկերի միջոցով կարող են մի քանի տարում վճարել մի քանի հարյուր հազար դրամանոց ապրանքի գինը, որը վերջում գրեթե մեկ ու կես անգամ գերազանցում էր նախնական գումարը: Այդ վարկային «դրախտը», որը շատ արագ իր ցանցը գցեց բնակչության մեծ մասին, ի վերջո վերածվեց վարկային դժոխքի, քանի որ Հայաստանում հիմա գրեթե հնարավոր չի գտնել որևէ ընտանիք, որը վարկեր կամ ապառիկներ չունի: 

Ապառիկով կենցաղային իրեր գնելու քաղցր ու «հեշտ» միջոցը նմանվեց փշալարից մեղր ուտելու փորձի, երբ լեզուն քաղցրանալու փոխարեն պատռում ես ամբողջ բերանդ: Ապառիկներին զուգահեռ՝ Հայաստանում սկսեց աճել վարկային հեղեղը: Մարդիկ ստիպված վերցնում էին(ու շարունակում են) վերցնել մեծ տոկոսադրույքով վարկեր՝ բուժման, հարսանիքի կամ որևէ այլ ծախսերի համար և հետո տարիներով լարված փորձում մարել այն: Բայց նույնիսկ մեկ վարկի կամ ապառիկի մարելը խոշոր հաշվով նշանակություն չունի, քանի որ մեկ մարված ապառիկին հաջորդում է որևէ նոր վարկ, առանց որի արդեն անհնարին է դարձել ապրելը: Արդյունքում, ՀՀ քաղաքացու, առանց այն էլ ցածր աշխատավարձի մի նշանակալի մասը տարիներով ուղղվում է չարաբաստիկ ապառիկները և վարկերը փակելուն: Եվ դա այն դեպքում, երբ ապառիկով վերցված ապրանքը կամ վարկով կատարված իրադարձությունը վաղուց արդեն հիշողություն է դարձել: 

Հիմա ՀՀ ողջ բնակչությունը իրապես գերի է բանկերի ու վարկային կազմակերպությունների ձեռքերում: Մարդկանց ֆինանսները գտնվում են հիմնականում բանկերի ձեռքում և քաղաքացուն մնում է կիսաքաղց գոյատևելու խղճուկ մի գումար:

Մեկ այլ հարց է ապառիկների ու վարկերի բարձր տոկոսադրույքները: Խայտառակություն են առանձին վարկային կազմակերպությունների կամ գրավատների պայմանները: Պետության ղեկավարության անգործության, անկարողության կամ հանցավոր համաձայնության հետևանքն այն է, լինում, որ ՀՀ-ում բանկերը դառնում են բազմամիլիոնանոց ֆինանսական կորպորացիաներ, որոնք միայն ձևական են ենթարկվում Կենտրոնական Բանկին և կարող են շանտաժ անել և՛ պետական մարմիններին, և՛ հասարակ քաղաքացիներին, որոնցից շատերը ստիպված են սնանկ ճանաչվել, ենթարկվել հարկադիր կատարման ծառայության հրամաններին: Հայաստանում ապառիկներն ու վարկերը 20 տոկոսից ավելին են, հաճախ՝ 23-24 տոկոս, բայց փաստացի տարեկան տոկոսադրույքը կարող է հասնել մինչև 28-29-ի: Այսինքն ընդհանուր արժեքի մեկ քառորդից ավելին, ինչը նշանակում է, որ վարկով վերցված ապրանքը քաղաքացու վրա լավագույն դեպքում մեկ քառորդով ավելի թանկ է նստելու, իսկ վատագույն դեպքում՝ տույժերով ու տուգանքներով՝ գուցե և եռակի ու քառակի թանկ: 

Բանկերը շատ խիստ են ապառիկների ու մուծումների դեպքում: Հաճախ մեկ օր անգամ ուշացումը հանգեցնում է ոչ միայն տույժերի, այլև սևացնում վարկային պարտավորությունը և տվյալ անձը հայտնվում է «սև ցուցակում», որից կարող է մոռանալ վարկ կամ ապառիկ ստանալու հնարավորության մասին, առանց որի հիմա պարզապես հնարավոր չէ:

Հայաստանում շարունակաբար թանկանում են ոչ միայն կենցաղային ապրանքներն ու սննդամթերքը, հագուստը, այլև մեքենաները և հատկապես հողատարածքներն ու տները/բնակարանները: Երևանում նորակառույց շենքերում բնակարանների միջին գինը մոտ 600 հազար դրամ է մեկ ք/մ-ի համար: Հայաստանի բնակչության գերակշիռ մասը պարզապես ի վիճակի չէ նման պայմաններով տուն/բնակարան ձեռք բերել, քանի որ առանց դրա էլ ունեն մի քանի ապառիկ ու վարկ, և եկամուտները հազիվ են բավականացնում ծածկելու եղած ծախսերը: Դրան գումարած նաև այն, որ Հայաստանում շարունակում է թանկանալ բացարձակապես ամեն ինչը:

Եթե օրինակի համար վերցնենք միջին աշխատավարձով քաղաքացու՝ 200 հազար ՀՀ դրամ եկամտով, ապա նա երբեք չի կարող բնակարան ձեռք բերել, քանի որ նրան պարզապես վարկ չեն տա: Բնակարան ձեռք բերելու համար կամ բարձր եկամուտ է հարկավոր, կամ՝ գրավադրվող համարժեք որևէ բան՝ մեկ այլ բնակարան կամ շարժական, անշարժ գույք: Հասկանալի է, որ մարդկանց մեծ մասը չունի գրավադրելու համար որևէ համարժեք բան և հիփոթեքով բնակարան գնելու դեպքում գրավադրվում է հենց այն բնակարանը, որը նա ցանկանում է ձեռք բերել: Արդյունքում ստացվում է, որ 20-30 տարով մարդը պիտի ծանր տոկոսներ վճարի(որը վերջնական հաշվով շատ ավելի ահռելի գումար է կազմում, քան իրեն տրամադրվածը), իսկ եթե չկարողանա, ապա նրանից կվերցնեն այդ բնակարանը և նա կմնա առանց տուն, և մեծ պարտքով:

Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը:

Թվում է, թե վերադարձել են ցարական ժամանակները, երբ վաշխառուները ահռելի տոկոսադրույքներով գումար էին պարտք տալիս անգրագետ ու խեղճ մարդկանց և նրանց լիովին քամելուց ու գումարը տասնապատիկ վերադարձնելուց հետո գրավադրում և վաճառում նրանց շարժական ու անշարժ գույքը: Այդ առումով հրաշալի օրինակ է Մուրացանի «Առաքյալը» վեպը, որում գլխավոր հերոս իրավաբան Կամսարյանը Չիբուխլու-Ճապոտիկ գյուղում(ներկայիս Ծովագյուղը) ականատես է լինում մի իրավիճակի, երբ մի վաշխառու պատրաստվում է գյուղացիներից մեկի կովն ու ձին խլել նրա ձեռքից, որովհետև վերջինս չի կարողանում վճարել պարտք վերցրած գումարը: Կամսարյանը պարզում է, որ վաշխառուն գյուղացուն չորս տարի առաջ պարտք է տվել 20 ռուբլի և հիմա այդ 20 ռուբլին դարձել է 131 ռուբլի: Կամսարյանը հաշվում է ու պարզում, որ գյուղացուն պարտք է տրվել մոտ 60 տոկոս տոկոսադրույքով: Ի ուրախություն գյուղացու՝ իրավաբանը փրկում է գյուղացուն՝ վաշխառուին բացատրելով, որ նման տոկոսադրույքի համար քրեական հոդված կա նախատեսված, և վաշխառուն ստիպված համաձայնվում է բավարարվել օրենքով հասանելի գումարով: Բայց եթե Կամսարյանը փրկեց միայն մեկին, ապա մյուս հազարավորները շարունակեցին հեծել վաշխառուների անմարդկային տոկոսների տակ: Հրաշալի օրինակ է Վարդան Աճեմյանի կողմից Վրթանես Փափազյանի «Ժայռը» գործի վրա նկարահանված համանուն ֆիլմը, որտեղ գյուղաքաղաքի հարուստ Գրիգոր աղան պարզապես սնանկացնում է ողջ գյուղը՝ անմարդկային տոկոսներով նրանց գումարներ տալով, իսկ հետո ունեցվածքները ձեռքներից խլելով:

Բայց եթե այս ամենը 100-150 տարի առաջ էր, ապա հիմա նույն բանն է կրկնվում, միայն թե ավելի քաղաքավարի: Յասաուլների(տեղական ոսիկանության ներկայացուցիչներ) փոխարեն մարդուն քաղաքավարի կերպով ցույց են տալիս ԴԱՀԿ թուղթը և ապա՝ վռնդում տնից:

Վարկերի տակ տառապող հասարակությունը, որի միակ մտածմունքը վարկերը փակելն է, դառնում է ջղային, դեմոտիվացված, հուսահատ և փխրուն: Նա այլևս չի կարողանում քաղաքացիական առաքինությունների մասին մտածել, նա այլևս չի կարողանում սոցիալական չափանիշներ պահպանել, քանի որ մինչև կոկորդը խրված է բանկային պարտքերի մեջ: Մի կողմից այս իրավիճակն է, մյուս կողմից օր-օրի հարստացող բանկերը: Վերջերս Կառավարությունը հայտարարեց, որ իր վրա է վերցնում Արցախի հայերի վարկային պարտավորությունների մեծ մասը: Իր վրա վերցնել՝ այսինքն այդ գումարը փակելու են ՀՀ քաղաքացիները: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ բանկերը չեն կարող մեծահոգի լինել և ուղղակի ներել արցախցիների պարտքերը: Բայց բանկերը երբեք չեն ներում, ուշացումներ չեն հանդուրժում: Եվ վայն եկել տարել է նրան, ով կմեղանչի բանկի առաջ: Կաշին կքերթեն, բայց մի կոպեկ անգամ չեն զիջի ժամանակակից վաշխառուները: 

Ի տարբերություն՝ այլ երկրների, որտեղ հնարավորություն կա վարկը տեղափոխել այլ բանկ՝ Հայաստանում, դա, խոշոր հաշվով ոչ մի նշանակություն չունի, քանի որ բոլոր տեղերում գրեթե նույն տոկոսադրույքներն են ու տեղափոխել մի բանկից մյուսը՝ նշականում է մի դահիճը փոխարինել մեկ ուրիշով: Եթե զարգացած երկրներում տուն ձեռք բերելու վարկերը չնչին են՝ 1-5 տոկոս, ապա Հայաստանում չորս-հինգ անգամ ավելին են, ընդ որում՝ քաղաքացիների համար անհասանելի բարձր գներով: Ի՞նչ անի սովորական մարդն այս դեպքում: Մնա ողորմելի դրության մե՞ջ, թե՞, ստիպված արտագաղթի՝ հույս ունենալով ավելի լավ պայմաններ գտնել ապրելու համար: Դժվար է մարդուց պահանջել, որ նա հայրենասեր ու լավ քաղաքացի լինի, երբ նրան խրել են պարտքերի մեջ և նա ուղղակի չի կարողանում անգամ չնչին ծախսերի համար գումար պահել։ Ինչո՞ւ պիտի մարդը պայքարի մի երկրի համար, որում միայն պարտքեր ունի։ Արդյո՞ք բանկերը կհամաձայնվեն հանուն հայրենասիրության՝ մարդկանց ցածր տոկոսով վարկ տալ, հարուստները կանե՞ն նման բան։ Ո՛չ, չեն արել և չեն անի։ Այդ դեպքում ինչո՞ւ է հասարակ քաղաքացուն բաժին ընկնում նաև հայրենիքը պահելու ծանրագույն բեռը, երբ այդ հայրենիքի ուժեղները նրան պատրաստ են ողջ-ողջ հոշոտել ֆինանսապես ու տնտեսապես, իսկ հետո ուղարկել պատերազմի դաշտ՝ մեռնելու։ Պաշտպանելու հայրենիքը, որ բանկերն ավելի հարստանան։ Սա դիլեմա չէ, պարզ արդարամտություն է։ Պարզ ճշմարտություն։ Հայրենիքը չի կարող հասարակ մարդուն պատկանել միայն նեղության պահին։ Անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։

Վարկային այս շղթան սպանում է ՀՀ բնակչությանը, նրան ստրկացնում ու փակում ապագայի հետ կապված որևէ հույս, քանի որ Հայաստանում հասարակ մարդը, ի հակադրություն Սահմանադրության, ուր ասվում է, որ «Հայաստանը սոցիալական պետություն է» և «մարդը բարձրագույն արժեք է», մարդը շարունակում է տառապել 19-րդ դարին բնորոշ վայրի կապիտալիզմի պայմաններում՝ լինելով ոչ թե բարձրագույն արժեք, այլ ընդամենը արտադրական միավոր, որին օգտագործում են, սպառում ու դեն շպրտում: Նման հասարակությունները սովորաբար պարտվում են։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *