Հայաստան

Ալիեւը Դանդա՞ղ Է Շտապում

Որդուն ներգրավելով նման մթնոլորտի եւ այդ իրողությունը հրապարակայնացնելով՝ Ալիեւը բացահայտ ուղերձ է հղում, որ Ադրբեջանում, այո, հաստատվում է դինաստիական իշխանություն: Նախագահի արտահերթ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կծառայեն կրտսեր Հեյդար Ալիեւի քաղաքական բենեֆիսին:

Վահրամ Աթանեսյան

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը կազմակերպել է Ճապոնիայի, Պերուի եւ Լյուքսենբուրգի դեսպանների հավատարմագրի ընդունման պաշտոնական արարողություն: ASNA վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նորանշանակ դեսպանն ավելի քան մեկ ամիս սպասում է Ադրբեջանի նախագահին իր հավատարմագրի հանձնմանը: Մեկնաբանի կարծիքով՝ դա միայն մեկ պատճառ կարող է ունենալ՝ Ալիեւի անձնական քինախնդրությունը:

Այդ դիսկուրսի շրջանակներում «Թուրան» գործակալությունը հիշեցրել է 2008 թվականը, երբ «Ռուսաստանը ռմբակոծում էր Բաքու-Ջեյհան նավթամուզը, խողովակաշարի մի հատված Թուրքիայում քրդերն էին պայթեցրել, եւ Ալիեւին օգնեց միայն Միացյալ Նահանգների միջամտությունը» եւ սարկազմով ամփոփել. «Բաքվում հիմա երեւի կարծում են, թե ինչ-որ բան պատահելու դեպքում Լյուքսենբուրգը կշտապի օգնել»:

Ի՞նչ է ակնարկում Բաքվի բավական հեղինակավոր լրատվամիջոցը՝ բարդ է ենթադրել: Համատեքստը, թերեւս, այն է, որ Ալիեւը ոչ թե սեփական որոշմամբ է ձգձգում ԱՄՆ դեսպանի հավատարմագրի ընդունումը, այլ երրորդ երկրի ցանկությունն է կատարում: Հավանական է՝ հեղինակն ակնարկում է Մոսկվայից Ալիեւի կախվածությունը, բացառված չէ, սակայն, որ դժգոհության հասցեատերը Թուրքիան է, որ Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական շատ բարդ «նյարդերի պատերազմի մեջ է»:

Այս համապատկերին ընդգծվեց Արաբական միացյալ էմիրությունների նախագահի այցը Բաքու: Մանավանդ որ նույն օրվա առաջին կեսին նա ընդունել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, որ մինչ այդ այցելել էր Ստամբուլ եւ բանակցություններ վարել Թուրքիայի արտքային գործերի նախարարի եւ նախագահի հետ: ԱՄԷ նախագահ Մոհամեդ բեն-Զիադի հետ բանակցություններից հետո Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Պաղեստինի անկախ պետության ստեղծման հարցում շարունակում է հանձնառու մնալ:

Հունվարի 8-ի օրվա երկրորդ կեսին Էմիրությունների նախագահն արդեն Բաքվում էր: Նա հարգանքի տուրք է մատուցել Հեյդար Ալիեւի եւ պատերազմի զոհերի հիշատակին: Երեկոյան բեն-Զիադի եւ պատվիրակության անդամների պատվին կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն: Այստեղ արձանագրվել է Էմիրությունների նախագահի այցի , թերեւս, ինտրիգը. Իլհամ Ալիեւն առաջին անգամ պաշտոնական կարգով որդուն ներկայացրել է բարձրաստիճան հյուրին, ով փաստացի միապետ է:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը ընդունելությունից լուսանկարներ է հրապարակել: Առանձին սեղանի կողք-կողքի նստած են Իլհամ Ալիեւը եւ Մոհամեդ բեն-Զիադը՝ ինչպես, հավանաբար, արեւելյան արարողակարգն է պահանջում: Երկրորդ սեղանին ադրբեջանական կողմը ներկայացնում են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը եւ նախագահի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիեւը:

Սա արդեն ճանաչողական հանդիպումից բարձր մակարդակի ներկայացվածություն է: Պաշտոնական ընդունելությունների ընթացքում ոչ միայն անձնական սիրալիրություններ, այլեւ դիվանագիտական ուղերձներ են փոխանակվում: Որդուն ներգրավելով նման մթնոլորտի եւ այդ իրողությունը հրապարակայնացնելով՝ Ալիեւը բացահայտ ուղերձ է հղում, որ Ադրբեջանում, այո, հաստատվում է դինաստիական իշխանություն: Նախագահի արտահերթ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կծառայեն կրտսեր Հեյդար Ալիեւի քաղաքական բենեֆիսին:

Ի՞նչն է Ալիեւին դրդել, որ որդուն ներկայացնի որպես իրավահաջորդի: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները բազմիցս նշել են, որ կրտսեր Հեյդարը «տառապում է ծանր հիվանդությամբ եւ տարվա զգալի մասն անցկացնում է Հայֆայի առանձնատանը՝ իսրայելցի բժիշկների հսկողության տակ»: Դա արտաքին աշխարհին ուղղված ազդա՞կ է, թե՝ ներիշխանական խմբավորումներին արված զգուշացու՞մ: Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը Էմիրություններ, եւ նախագահ բեն-Զիադի նույն օրվա երկրորդ կեսին Բաքու մեկնելը պատահական զուգադիպությու՞ն է: Ալիեւը, կարծես, դանդաղ շտապում է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *