Հայաստան

Ի՞նչ Արժե Արցախի Հայաթափումը

Բաքվում մինչ օրս ոչ միայն արվարձանային ավանները, այլեւ նախկին բանվորական թաղամասերից շատերն առայսօր չունեն ջրամատակարարման-ջրահեռացման կենտրոնացված համակարգ:

Վահրամ Աթանեսյան

Ադրբեջանի վարչապետ Ասադովը վավերացրել է Բաքու քաղաքի մինչեւ 2040թ զարգացման գլխավոր նախագիծը: Այն ենթադրում է 93,6 միլիարդ մանաթի կապիտալ ներդրումներ: Նույնիսկ ադրբեջանցի փորձագետներն են տարակուսում, թե ի՞նչ աղբյուրներից իրակնացվելու այդ մեգա-ծրագրի ֆինանսավորումը: Ըստ հաշվարկների՝ այդքան գումար կուտակված է «Նավթային հիմնադրամում»: Բայց դա իշխող ընտանիքի փաստացի սեփականությունն է: Ոչ ոք չգիտի՝ տասնյակ միլիարդավոր դոլարներն իրականում «նստած են» Ադրբեջանում, թե՞՝ շրջանառվում են օֆշորներում:

Իշխանամերձ աղբյուրներին հայտնի է դարձել, որ Բաքվի զարգացման ծրագիրն իրականացվելու է կառավարության եւ մասնավոր ներդրումների հաշվին. ծախսերի երկու երրորդը կիրականացնի պետական, մեկ երրորդը՝ արտաքին ֆինանսական միջոցների հաշվին: Խոսքը ոչ միայն քաղաքաշինական, այլեւ ինժեներա-տեխնիկական ենթակառուցվածքների, բնապահպանական գոտիների, մարզա-մշակութային եւ ուսումնա-գիտական կենտրոնների կառուցման ծրագրերի մասին է:

Ընդհանուր գումարի մեկ երրորդը 31,2 միլիարդ մանաթ կամ 17-18 միլիարդ դոլար է կազմում: Խոստովանենք, որ բավական պատկառելի գումար է: Ոզնուն էլ հասկանալի է, որ ոչ մի ներդրող Ադրբեջանի մայրաքաղաքում բարեգործական ծրագրեր չի իրականացնելու: Փաստացի Ալիեւը միջազգային բիզնես-շրջանակներին գայթակղիչ առաջարկություն է անում: Ադրբեջանում էներգետիկ եւ կոմունալ ծառայությունները ֆորմալ առումով պետական են: Բաքվում մինչ օրս ոչ միայն արվարձանային ավանները, այլեւ նախկին բանվորական թաղամասերից շատերն առայսօր չունեն ջրամատակարարման-ջրահեռացման կենտրոնացված համակարգ:

Մասնավոր օրինակ է, բայց, կարծես, պատկերացում է տալիս, որ որեւէ արտասահմանյան ընկերություն մեծ պատրաստակամությամբ կվերցնի այդ ծրագրի ֆինանսավորումը՝ պայմանով, որ շահագործման հանձնելուց հետո մատուցած ծառայությունների դիմաց վճարումներից շահույթ ապահովող մասնաբաժին կունենա: Կես միլիոնից ավելի ընտանիք ունեցող քաղաքում ջրամատակարարման-ջրահեռացման համար տարեկան վճարումներն ինչ գումարի կհասնեն՝ պատկերացնելի է:

Նույնը վերաբերում է բնակարանաշինությանը, տրանսպորտային միջոցների արդիականացմանը, այլ ծրագրերի: Կարճ ասած՝ Ալիեւը Բաքուն «աճուրդի է հանում»: Դա ռիսկային որոշում է, բայց ինչ-որ ձեւով պետք է գրավել համաշխարհային «շնաձկներին»: Այսպես կոչված «ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքների ծրագիրը» արդեն բաժանված է Թուրքիայի եւ Ռուսաստանի, մի փոքր մասով էլ՝ Իսրայելի միջեւ: Իսկ «պարտամուրհակ» ներկայացնողները շատ են:

Ըստ երեւույթին, այդ 17-18 միլիարդ դոլարի ներդրումներից ենթադրվող շահույթն այն գինն է, որ արտաքին ներդրողներին վաստակելու հնարավորություն է տալիս Ալիեւը: Դա, հավանաբար, Արցախի պետականության ոչնչացման, էթնիկ զտումների, ԼՂ-ում հայ ինքնության բացառման դիմաց լռության գին է: Ռուսաստանի եւ Իրանի պարագայում Ալիեւը քաղաքական «պարտամուրհակը» մասամբ մարել է: Բաքվի զարգացման ծրագրին մասնակցության հրավերն, ըստ երեւույթին, արվում է Արեւմուտքին, Չինաստանին, մասամբ էլ, երեւի, Պարսից ծոցի արաբական միապետություններին:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *