Հայաստան

Անվտանգության Եւ Կյանքի Հորիզոն

Մեզանում կա լայնորեն տարածված ընկալում, որ Մերձավոր Արեւելքը հարեւան ռեգիոն է, ըստ այդմ՝ աշխատանքային ուղղություններից մեկը: Գործնականում, Մերձավոր Արեւելքը Հայաստանի համար ունի ոչ թե աշխարհագրական, այլ ռազմա-քաղաքական եւ դավանա-քաղաքական ընկալման անհրաժեշտություն, ինչը կնշանակի, որ այն ոչ թե լոկ աշխատանքային ուղղություն է, այլ գոյաբանական միջավայր:

Հակոբ Բադալյան

Հայկական անվտանգության եւ կենսագործունեության «ալմա-մատերը»

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկանք է տարածել նախորդ տարվա գործունեության ուղղություններից մեկի՝ Մերձավոր Արեւելքի ուղղության առնչությամբ, նշելով, որ այդ ուղղությունն իր յուրահատուկ տեղն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Մերձավորարեւելյան ուղղության կարեւորության մասին խոսվել եւ խոսվում է պարբերաբար, սակայն ըստ ամենայնի այս ուղղությունը հայկական քաղաքական մտածողության համայնապատկերում ունի վերագնահատման անհրաժեշտություն:

Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքը ոչ թե պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ «ուրույն տեղ ունեցող ուղղություններից» մեկը, այլ ըստ էության Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային աշխատանքային դաշտ: Մեզանում կա լայնորեն տարածված ընկալում, որ Մերձավոր Արեւելքը հարեւան ռեգիոն է, ըստ այդմ՝ աշխատանքային ուղղություններից մեկը: Գործնականում, Մերձավոր Արեւելքը Հայաստանի համար ունի ոչ թե աշխարհագրական, այլ ռազմա-քաղաքական եւ դավանա-քաղաքական ընկալման անհրաժեշտություն, ինչը կնշանակի, որ այն ոչ թե լոկ աշխատանքային ուղղություն է, այլ գոյաբանական միջավայր:

Այդ միջավայրում են ձեւավորվում հայկական պետականության բնականոն կենսագործունեության հիմնարար բաղադրիչները, որոնց հիման վրա էլ պետք է կառուցվի արդեն այլ առանցքային աշխարհաքաղաքական ուղղություններով աշխատանքը, առավել եւս ներկայիս աշխարհակարգային լայն տրանսֆորմացիաների պատմական շրջափուլում, երբ նշանակալիորեն ուրվագծվում է նոր աշխարհակարգի «մոդելների» շրջանակը, որոնցում թերեւս գերակշռելու է համաշխարհային անվտանգության ճարտարապետության «լոկալիզացիայի» տրամաբանությունը՝ «գլոբալիզացիայի» փոխարեն:

Այդ իմաստով, անշուշտ ողջունելի է Հայաստանի դիվանագիտական աշխատանքը, որ կատարվել է մերձավորարեւելյան ուղղությամբ: Նախորդ՝ 2023 թվականին այդ առնչությամբ եղել են նշանակալի իրադարձություններ, ինչպիսին ոչ միայն երկկողմ շփումները, այլ Հայաստանի մասնակցությունն Արաբական Լիգայի պետությունների արտգործնախարարների հավաքին՝ տարեսկզբին Եգիպտոսում, ինչպես նաեւ տարեվերջին Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը Մանամայի երկխոսության ձեւաչափի երկրների ամենամյա հանդիպմանը՝ Բահրեյնում: Այդ ամենով հանդերձ, հայկական քաղաքական մտածողության շրջանակում արդիական է մերձավորարեւելյան ռեգիոնի ընկալման հայեցակարգային վերափոխումը՝ հայկական պետականության թե անվտանգության, թե բնականոն զարգացման հիմքերի ամրացման նպատակադրումով:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *