Հայաստան

Ռուս֊Իրանական Պայմանագիրն Ու Կովկասը

Օրեր առաջ Իրանը դժգոհություն էր հայտնել Մոսկվային, որը Իրանի եւ ԱՄԷ միջեւ վեճի առարկա հայտնի երեք կղզիների առնչությամբ արել էր «էմիրաթամետ» հայտարարություններ:

Հակոբ Բադալյան

Ռուս-իրանական մեծ պայմանագրի հեռանկարը բարձրացնում է Կովկասի գինը

15-ին տեղի է ունեցել հեռախոսազրույցւ Ռուսաստանի եւ Իրանի պաշտպանության նախարարությունների միջեւ, որի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է երկու երկրների միջեւ միջպետական մեծ պայմանագրի մասին: Այդ պայմանագրի մասին խոսվում է տեւական ժամանակ եւ այն քննարկվել է տարբեր մակարդակներում: Պաշտպանության նախարարների հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ պայմանագրի հիշատակումը հուշում է, որ երկու նախարարները քննարկել են դրա վերաբերյալ հարցեր եւ ձեւավորել որոշակի համաձայնություններ: Անկասկած է, որ երկկողմ այդ մեծ պայմանագրի ստորագրման ժամանակի ձգումը պայմանավորված է նրանով, որ դրա բովանդակությունը համաձայնեցված չէ ամբողջությամբ: 

Այժմ, պաշտպանության նախարարների մակարդակկով հղվող ազդակը խոսում է այն մասին, որ այդ հարթության վրա ձեւավորված են բավականին կայուն ընդհանուր մոտեցումներ: Ընդ որում ուշադրության է արժանի այն, որ ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրները մեծ պայմանագրում ընդգծելու են երկկողմ տարածքային ամբողջության եւ սուվերենության հստակ ճանաչումը: Այս տողը ուշադրության է արժանի նրանով, որ օրեր առաջ Իրանը դժգոհություն էր հայտնել Մոսկվային, որը Իրանի եւ ԱՄԷ միջեւ վեճի առարկա հայտնի երեք կղզիների առնչությամբ արել էր «էմիրաթամետ» հայտարարություններ:

Այժմ, պաշտպանության նախարարների մակարդակով հեռախոսազրույցից եւ հաղորդագրությունից ստեղծվում է տպավորություն, որ «չհասկացվածությունը» Իրանի եւ Ռուսաստանի միջեւ այդ առնչությամբ հարթված է: Ի վերջո մո՞տ է երկկողմ մեծ պայմանագիրը, թե ոչ, այդուհանդերձ հստակ չէ, սակայն կասկածից վեր է, որ այն նշանակելու է բոլորովին նոր իրավիճակ լայն իմաստով, թերեւս Ուկրաինայից մինչեւ Բաբ էլ Մանդեբի նեղուց: Բնականաբար այդ շարքում է Կովկասը:

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ փոխհարաբերության այդ խորացումը բնականաբար առաջացնելու է այն ուժային կենտրոնների հակազդեցությունը, որոնք ռուս-իրանական մերձեցումը դիտարկում են ռազմավարական վտանգ: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ խորացող դաշինք թույլ չտալու համար «ամեն ինչ անելու» պատրաստակամության մասին է հայտարարել Միացյալ Նահանգները, որն այսօր Բրիտանիայի հետ թիրախավորել է Եմենի հութիներին՝ Իրանի հովանավորյալներին, ինչն ըստ էության նշանակում է Իրանի թիրախավորում: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Կովկասում եւս կընտրվեն Իրանի թիրախավորման «հենակետեր»: Այստեղ միարժեք պնդումների հիմքեր չկան, սակայն հարկ է նկատել նաեւ, որ կան տարբեր շահեր եւ օրինակ այն, որ ԱՄՆ ու Բրիտանիան համատեղ են գործում Բաբ էլ Մանդեբի նեղուցում Եմենի դեմ, ամենեւին չի նշանակում, որ նույն միասնականությունը կարող է լինել Կովկասում իրանի դեմ «հենակետային» դիտարկումների առնչությամբ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *