Հայաստան

Բաքվում Ահաբեկչությու՞ն Է

Համացանցում տարածվել է բլոգեր Թուրալ Սադիգլիի՝ ադրբեջանական ժողովրդին տեսաուղերձը, որտեղ նա տասը ծանրագույն հարցեր է տալիս Իլհամ Ալիեւին՝ սկսած մոտ երեսուն միլիարդ դոլար գնահատվող նրա անշարժ գույքի ծագումնաբանությունից եւ վերջացրած նրանով, թե ե՞րբ են Ադրբեջանից հեռանալու ռուսական զորքերը։

Վահրամ Աթանեսյան

Ադրբեջանի մայրաքաղաքի Բինագադիի շրջանում արտակարգ իրավիճակ է. օրվա առաջին կեսին կարճ հաղորդագրություն է տարածվել «կահույքի արտադրամասում հրդեհի» մասին: Ընդ որում, ԱԻՆ-ը հավաստիացրել է, որ հրդեհը մարված է: Կարճ ժամանակ անց լրատվամիջոցները տարածեցին ԱԻՆ Հրշեջ ծառայության պետի տեղակալի հայտարարությունը, որ միջադեպի հետեւանքով «փլուզվել եւ հրկիզվել է 2750 քառակուսի մետր տարածք, փլատակներից դուրս է բերվել երեք դիակ, երեք մարդ փրկվել է»:

Հետագա ժամերին թելեգրամ-ալիքները եւ սոցիալական ցանցերը տարբեր տեղեկություններ տարածեցին, ինչին հետեւեց պաշտոնական նոր հաղորդագրություն, ըստ որի «տեղի է ունեցել պայթյուն, որից հրդեհ է բռնկվել»: Պաշտոնական տվյալներով՝ մարդկային կորուստների թիվը հասել է վեցի, ընդհանուր առմամբ տուժել է քսանչորս անձ: Նրանցից միայն մեկն է, որ տեղում բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է տուն: Մյուսները գտնվում են բուժհաստատություններում, այդ թվում տասը անձ՝ «Այրվածքային կենտրոնում»:

Պատահարի բնույթի եւ պատճառների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, եթե պաշտոնապես ընդունվում է, որ հրդեհը հետեւել է պայթյունին: Կահույքի արտադրամասում դյուրավառ նյութեր օգտագործվում են, բայց ինչի՞ հետեւանք է պայթյունը: Տեղեկություն չկա, թե ում է պատկանում կահույքի արտադրամասը, որ, դատելով փլուզված եւ հրկիզված տարածքի չափերից, բավական խոշոր ձեռնարկություն է:

Ուշագրավ է, որ պատահարի վայր են տեղափոխվել ինչպես ոստիկանության ուժեր, այնպես էլ «հատուկ վարժեցված շներ»: Նշանակու՞մ է, արդյոք, որ շները պետք է որոնեն փլատակների տակ մնացած մարդկանց, թե՞ պատկան մարմիններն այլ կասկածաներ ունեն՝ պարզ չէ: Պատահարն արձանագրվել է Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը: Թեեւ իշխող տպավորություն է, որ արտահերթ ընտրությունները ոչ մի ինտրիգ չեն ունենա, տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները վկայում են, որ Բաքվում ներքին լարվածություն է:

Համացանցում տարածվել է բլոգեր Թուրալ Սադիգլիի՝ ադրբեջանական ժողովրդին տեսաուղերձը, որտեղ նա տասը ծանրագույն հարցեր է տալիս Իլհամ Ալիեւին՝ սկսած մոտ երեսուն միլիարդ դոլար գնահատվող նրա անշարժ գույքի ծագումնաբանությունից եւ վերջացրած նրանով, թե ե՞րբ են Ադրբեջանից հեռանալու ռուսական զորքերը: Ամփոփելով՝ Սադիգլին ուղղակի դիմել է Ալիեւին եւ ասել, որ միլիոնավոր ադրբեջանցիներ հայրենիքը լքել են, նրանցից շատերը հետապնդվում են, ոմանք սպանվել են. «Գուցե դուք կսպանեք նաեւ լրագրող Թուրալ Սադիգլիի՞ն» – հռետորական այս հարցադրմամբ եւ նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչով է բլոգերն ավարտել տեսաուղերձը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *