Հայաստան

Նոր Մտածողության Հրամայականով

(Մաս առաջին)

Հայաստանը խոշոր հաշվով նոր-նոր է սկսում անկախանալ: Եթե իշխանությունները մի քանի տարի առաջ առաջարկեին միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը, ապա մեծ կասկած կա, որ հասարակության մեծ մասը կհամաձայնվեր դրան: 

Հովսեփ Խուրշուդյան

Ներկայացնում ենք Ազատ քաղաքացի ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի՝ Նոյյան Տապան-ին տված հարցազրույցի առաջին մասը:

Հովսեփ Խուրշուդյանն իր խոսքի սկզբում խոսեց ուժերի գնահատման կարևորության, ներուժի պոտենցիալը չափելու սկզբունքի մասին: Հայաստանը, որ թվում էր թե 2020թ. պատերազմից հետո պիտի ինչ որ առումով վերաթարմանար, նոյեմբերի 9-ով ավարտվեր ամեն ինչ, ոչինչ էլ չավարտվեց: Այսօր վտանգ է սպառնում հենց Հայաստանի Հանրապետության գոյությանը, և մենք այսօր  հստակորեն պիտի հասկանանք, որ մեզ նոր մտածողություն ու կենսակերպ է պետք: Խուրշուդյանի խոսքով՝ դրան պիտի ուղղված լինի ողջ հասարակության գործը՝ բոլոր ոլորտներով հանդերձ:

Հովսեփ Խուրշուդյանը խոսեց այն մասին, որ Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունները որպես այդպիսին անկախության պայքար չեն մղել և անկախությունը նվեր ենք ստացել: Իհարկե երկու դեպքում էլ ունեցել ենք նվիրյալներ, բայց նրանք մարգինալ են եղել ու հասարակության ճնշող մեծամասնության համակրանքն ու աջակցությունը չեն վայելել: Նվեր տրված անկախության համար ևս պայքարը չի ընթացել այնպես, ինչպես դա կլիներ, եթե այդ ամենը ոչ թե իներցիոն գործողություններ լինեին, այլ հստակորեն գիտակցված քաղաքականություն: Ինչո՞ւ Ղարսն ընկավ, որովհետև պայքար չտարվեց, գաղափարական առումով մեծ բացեր կային, բացի դրանից էլ հայերը կարծես թե չէին հավատում, որ իրենք անկախ են:

Նույնն էլ խոշոր հաշվով երրորդ հանրապետությանն է վերաբերում: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ մենք ոչ միայն պետք է հասկանանք, որ միասնական պայքար է անհրաժեշտ, բայց նաև սառը և սթափ հաշվարկ անել, թե ինչին ինչ է հակադրվելու: Պարզից էլ պարզ է, որ այսօր մենք գործ ունենք մոտ 100 մլն-ոց թուրքական աշխարհի հետ: Ինչպե՞ս ենք փորձելու լուծել այդ հարցերը: Մենք այսպես, թե այնպես չենք կարողանալու միայն մեր ուժերով կանգնեցնել նրանց: Այսինքն պայքարը չպիտի տարվի միայն ներհայաստանյան քաղաքականության մասշտաբով:

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանը խոշոր հաշվով նոր-նոր է սկսում անկախանալ: Եթե իշխանությունները մի քանի տարի առաջ առաջարկեին միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը, ապա մեծ կասկած կա, որ հասարակության մեծ մասը կհամաձայնվեր դրան: Հիմա կա Ռուսաստանից մեծ դժգոհություն և այդ դժգոհությունը ոչ միայն պետք է Հայաստանի անկախանալու գծերից մեկը լինի, այլ հստակ գիտակցում: Գիտակցում այն մասով, որ Ռուսաստանից անկախությունը ոչ թե նշանակում է անտերություն և նոր հովանավորի փնտրտուք, այլ հնարավորություն նոր ու իրական դաշնակցի որոնում և սեփական ներուժի հաշվում: Մենք Ռուսական Կայսրությունից ենք պահանջում, որ նա ապահովի մեր անվտանգությունը, ինչը ֆանտաստիկա է: Ռուսաստանը, որ պատրաստ է սահմանադրորեն իր մասը ճանաչված Խերսոնից նահանջել, ինչ որ սակարկություններ անելու համար ու մի քանի հարյուր հազար մարդ է տանում Ուկրաինա և կոտորում, նա չի գա ու հենց այնպես մեզ պաշտպանի: Իհարկե կարող ենք խոսել այն  մասին, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել մեզ իր շահերի համար, որովհետև մենք խանգարում ենք թուրքական աշխարհի միացումը և սպառնալիքը դեպի ռուսական թուրքական փորոտիք՝ Թաթարստան: Բայց մենք պետք է հասկանանք իրադարձությունների գլոբալ մակարդակը: Մենք պիտի հասկանանք, որ ցանկացած իրադարձություն ունի շատ ավելի մեծ նշանակություն, քան այն կարելի է պատկերացնել առաջին հայացքից: Որպես օրինակ՝ Խուրշուդյանը բերեց Մայիսյան հերոսամարտերը և Բաքվի Կոմունան և խոսեց այդ իրադարձությունների ոչ միայն ու ոչ թե տեղային նշանակության, այլ թաքնված գլոբալ իմաստի մասին:

[շարունակելի]

Հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *