Հայաստան

Հայաստանի Միջուկային Հարեւանը

Միջուկային Իրանը թերեւս կլինի ռեգիոնալ կայունության հեռանկար ձեւավորող գործոն, սակայն մինչ այդ՝ Իրանի միջուկային հեռանկարի դեռեւս «բաց հարցը» կարող է լինել ռեգիոնալ ապակայունության ռիսկերը բարձրացնող հանգամանք:

Հակոբ Բադալյան

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Իրանն ունի հարստացված ուրանի բավարար քանակ՝ մի քանի միջուկային ռումբ պատրաստելու համար: Ըստ ամենայնի, աշխարհը «պատրաստվում» է նոր միջուկային պետության ձեւավորմանը: Ընդ որում, բավականին ուշագրավ է, որ ՄԱԳԱՏԷ այդ հայտարարությունը հնչում է այն աննախադեպ հրթիռային հարվածների ֆոնին, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը իրականացրեց Իրաքյան Քուրդիստանի եւ Պակիստանի տարածքներում գտնվող՝ Թեհրանի բնորոշմամբ իսրայելական հետախուզությանը կամ ահաբեկչական խմբավորումների պատկկանող տարածքներին:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ միջպետական մեծ պայմանագիրը մտել է եզրափակկիչ փուլ եւ կստորագրվի երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Երբ է ժամկետը, չի նշվում, սակայն թերեւս մեծ հավանականությամբ ռուս-իրանական այդ պայմանագիրն էլ կապակցված է լինելու Իրանի միջուկային տերության կարգավիճակի ազդարարմանը, կամ առնվազն՝ այդ հանգամանքի անշրջելիության «ներքին կարգով» արձանագրմանը: Առիթ եմ ունեցել գրելու, որ մեծ հավանականությամբ հենց այդ հանգամանքով է պայմանավորված Ռուսաստանից ՍՈՒ 35 բազմաֆունկցիոնալ օդանավեր ձեռք բերելու գործարքը, քանի որ այդ օդանավերը ի վիճակի են կրել նաեւ միջուկային մարտագլխիկով հրթիռներ:

Հատկանշական է բրիտանական Գարդիան եւ Տելեգրաֆ պարբերականների վերջին հրապարակումները, որոնցում Իրանը «հռչակվում» էրր ռեգիոնալ գերտերություն: Ըստ էության, Իրանին այդօրինակ կարգավիճակում դիտարկելու համար շատ կարեւոր է միջուկային ներուժը: Միեւնույն ժամանակ, այդուհանդերձ բաց է մնում հարցը, գոնե առայժմ՝ միջուկային տերություն Իրանն անշրջելի՞ իրողություն է, ինչը թերեւս նշանակելու է թե ռեգիոնալ, թե միջազգային հարաբերությունների գրեթե հեղափոխական նորություն, թե՞ այդ հեռանկարը զսպելու համար այդուհանդերձ սպասվում են Իրանի հանդեպ արմատական գործողություններ, որոնց առավել մեծ «լոբբիստը» եւ շահառուն կարող է դիտարկվել Իսրայելի կառավարող համակարգը: Միջուկային Իրանը թերեւս կլինի ռեգիոնալ կայունության հեռանկար ձեւավորող գործոն, սակայն մինչ այդ՝ Իրանի միջուկային հեռանկարի դեռեւս «բբաց հարցը» կարող է լինել ռեգիոնալ ապակայունության ռիսկերը բարձրացնող հանգամանք:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *