Այստեղ նշանակություն չունի՝ հայ ժողովուրդը «բազմաչարչար» եւ «քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունա՞ծ» է, թե՝ «հեթանոս» կամ «բուդդայական»: Խոսքը միջազգային իրավունքի սուբյեկտ, Միավորված ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի անդամ պետության մասին է, որի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմաններն անձեռնխելի են այնքանով, որքանով՝ ԵՄ անդամ ցանկացած երկրինը:
Վահրամ Աթանեսյան
Եվրամիությունը դիվիզիաներ չունի, նրա աջակցությունն ուղիղ համեմատական է Հայաստանի խոսույթին
Հունվարի 22-ին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները գումարել են խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից մեկն էլ հայ-ադրբեջանական բանակցություններն էիան: ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնակատար Բորելը մամուլին տեղեկացրել է, որ «նախագահ Ալիեւի վերջին տարածքային հավակնությունները մեծ անհանգստություն են առաջացնում, Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կազդի Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»:
Օգտագործելով իր ոճը՝ կարելի է ձեւակերպել, որ Եվրամիության գլխավոր բանագնացի այս հայտարարությունը խոր մտահոգության տեղիք է տալիս: Ի՞նչ է նշանակում Ալիեւի «տարածքային հավակնությունները մեծ անհանգստություն են առաջացնում»: Ալիեւը չի կարող եւ Հայաստանի նկատմամբ տարածքային որեւէ հավակնություն չպետք է ունենա, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային պարամետրերը որոշված են ոչ միայն եւ ոչ այնքան Ալմաթիի Հռչակագրով, այլեւ եւ ավելի հստակ ու իրավական առումով հիմնավոր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերով, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ: Այդ սահմաններից դուրս մեկ քառակուսի մետր տարածքի նկատմամբ հավակնությունը ոչ թե «անհանգստություն» պետք է առաջացնի, այլ՝ քաղաքական-դիվանագիտական դատապարտում:
Այստեղ նշանակություն չունի՝ հայ ժողովուրդը «բազմաչարչար» եւ «քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունա՞ծ» է, թե՝ «հեթանոս» կամ «բուդդայական»: Խոսքը միջազգային իրավունքի սուբյեկտ, Միավորված ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի անդամ պետության մասին է, որի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմաններն անձեռնխելի են այնքանով, որքանով՝ ԵՄ անդամ ցանկացած երկրինը: Կարծեմ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կամ Յալթայի կոնֆերանսում, երբ ակնարկել են ինչ-որ հարցում նաեւ Վատիկանի կարծիքը հաշվի առնելու նպատակահարմարությունը, Իոսիֆ Ստալինը թեման միանգամից փակել է. «Իսկ Հռոմի պապը քանի՞ դիվիզիա ունի»:
Դիվիզիաներ չունի նաեւ Եվրամիությունը: Դրանից չի հետեւում, թե Բրյուսելը դերակատար չէ, ասելիք չունի: Դերակատար է, ասելիք ունի եւ ասում է: Մամուլի համար Բորելի հայտարարության ամենասկզբունքային շեշտադրումը, թերեւս, այն է, որ ԵՄ անդամ բոլոր պետությունները համերաշխություն են հայտնել Ֆրանսիային, որի «երկու դիվանագետ Ադրբեջանը վերջերս արտաքսել է» Դա արդեն հստակ ազդակ է: Իսկ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության հստակ խոսույթ պետք է ձեւակերպի Հայաստանը: Եվրամիության աջակցությունը դրան ուղիղ համեմատական կլինի: Ինչպես որ Բորելի «անհանգստությունն» է ուղիղ համեմատական պետական լեգիտիմության մասին Հայաստանի գրեթե պաշտոնական «մեղավորությանը»:
Հոդվածը՝ 1in.am կայքից։