Հայաստան

Ո՞վ Է «Խանգարում» Էրդողանին

Թուրքիան հետեւում է Կովկասի իրադարձություններին եւ ռուս-ուկրաինական պատերազմին: Այստե՞ղ է, որ փորձ է արվում խոչընդոտել Անկարայի ամրապնդմանը։

Վահրամ Աթանեսյան

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ինչպես եւ խոստացել էր, անձամբ է գլխավոր տեղական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քարոզարշավը: «Միլլիեթի» փոխանցմամբ, ելույթ ունենալով Իզմիրում, նա հայտարարել է, թե որոշ ուժեր մտադիր են խոչընդոտել Թուրքիայի ամրապնդմանը եւ զարգացմանը՝ «ահաբեկչության, հեղաշրջման փորձերի եւ քաոս ստեղծելու միջոցով»:

Նա սպառնացել է, որ «բոլոր առնչվածները համարժեք պատասխան կստանան»: Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետեւում է Կովկասում իրադարձություններին եւ Ուկրաինայում պատերազմին եւ ամփոփել, որ «փորձում են խոչընդոտել, որ Թուրքիան լինի տարածաշրջանային դերակատար»:

Ո՞վ եւ ինչպես է խոչընդոտում, որ Թուրքիան տարածաշրջանային դերակատար լինի՝ կարելի է մի քանի ենթադրություն անել կամ վարկած առաջադրել: Այս դեպքում, կարծես, ավելի ակտուալ է հարցադրում անել. «Իսկ Թուրքիան տարածաշրջանային դերակատար չէ՞»: Այս դիտանկյունից եթե գնահատելու լինենք, ապա կստացվի, որ Էրդողանը նկատի ունի ավելի ազդեցիկ դերակատարություն: Այդ դեպքում «խոչընդոտողների» շրջանակը չափազանց լայն է կամ ցանկության դեպքում շատերին կարելի է «խոչընդոտ նշանակել» եւ խնդիրներ հարուցել: Բայց դա Թուրքիայի «քաշին» եւ Էրդողանի հավակնոտությանը չէր պատշաճի:

ՄՆում է ենթադրել, որ նա նկատի ունի կամ ուժային կենտրոններից մեկին, կամ՝ տարածաշրջանում ազդեցիկ որեւէ երկրի, որ վայելում է արտաքին բավարար աջակցություն: Թուրքիան հետեւում է Կովկասի իրադարձություններին եւ ռուս-ուկրաինական պատերազմին: Այստե՞ղ է, որ փորձ է արվում խոչընդոտել Անկարայի ամրապնդմանը: Մի քանի օր առաջ Թուրքիա է այցելել Իրանի նախագահը: Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսին նա ասել է, որ Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի:

Դա նշանակում է Կովկասում Թուրքիայի ամրապնդմանը խոչընդո՞տ: Գուցե խոչընդոտ է, որ Մոսկվան պնդում է հայ-ադրբեջանական կարգավորման իր միջնորդությու՞նը կամ այն, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը հայտարարել է Արեւմտյան Բալկաններ- Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա տնտեսա-կոմունիկացիոն ինտեգրացիայի եվրոպական ծրագրին Վաշինգտոնի աջակցության մասի՞ն: Իսկ գուցե Էրդողանը նկատի ունի, որ Ռուսաստանը եւ Իրանը պատրաստվում են ռազմավարական գործընկերության նոր պայմանագիր ստորագրե՞լ: Էրդողանը զգուշավորություն ունի, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները «սեպարատ համաձայնությա՞ն են գնում»:

Հարցադրումներից յուրաքանչյուրը, երեւի, գոյության իրավունք ունի, բայց Էրդողանի դիտարկումը, որ խոչընդոտողներն իրենց նպատակին հասնելու համար գործի են դնում «ահաբեկչությունը, հեղաշրջմամբ քաոս ստեղծելու փորձերը»՝ զգալիորեն սահմանափակում է «կասկածյալների» շրջանակը: Ահաբեկչություն ասելիս նա, անկասկած, նկատի ունի Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերին, իսկ ո՞վ Թուրքիայում հեղաշրջման փորձ եւ քաոս ստեղծելու հնարավորություն ունի: Վերջերս Թուրքիան հայտարարել է երկրում «Մոսադի» գործակալական ցանց բացահայտելու մասին:

Մի՞թե Էրդողանը «հեղաշրջման փորձ կազմակերպելու» մեջ Իսրայելին է կասկածում: Դա չափազանց վտանգավոր զարգացումների անոնսավորում է թվում: Մանավանդ որ նա հավաստիացնում է, որ Թուրքիայի ազդեցության սահմանափակման բոլոր մասնակիցները «համարժեք պատասխան կտասնան»: Անհավական չէ, որ Էրդողանի սպառնալիքները նախընտրական քարոզչության բեմագրի շրջանակներում են, բայց ոչինչ չպետք է բացառել:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *