Հայաստանը փորձում է շահել ժամանակ այնքան, քանի դեռ «գնահատվում» է, այդ ժամանակն օգտագործելով պաշտպանունակության բարձրացման համար:
Հակոբ Բադալյան
Ադրբեջանի ամբարտավանության «մեխանիկան» եւ Կովկասի խաղաղության համակարգը
Ադրբեջանը հերթական անգամ ամբարտավան եւ հանդուգն պատասխան է տվել Հայաստաննից հնչող խաղաղամետ հայտարարություններին, որ բարձրաձայնել էր Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի օրվա հանդիսավոր միջոցառման իր ելույթում, ասելով, որ Ադրբեջանին առաջարկել է անգամ չհարձակման պայմանագիր կնքել՝ հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի գործընթացը կարող է ձգվելլ: Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություն եւ ծրագիր, ու սա թերեւս շատ վաղուց «ոզնուն էլ պարզ է»: Հայաստանը փորձում է իր հայտարարություններով ստեղծել կառուցողականության ամուր եւ անխախտ պատկեր, իսկ այդ ֆոնին էլ ցույց տալ Ադրբեջանի ապակառուցողականությունն ու ռազմատենչ, ագրեսիվ քաղաքականությունը:
Այդ քաղաքականությունը, ինչպես նշեցի, «ոզնուն էլ պարզ» է, հետեւաբար միանգամայն պարզ է նաեւ միջազգային դերակատարներին, որոնք հաստատ «ոզնի» չեն եւ շատ ավելի վաղուց գիտեն, թե ով է Ալիեւը, ինչ է Ադրբեջանը, ինչ քաղաքական հավակնություններ, ռազմական ծրագրեր ունի, ինչ հավակնություններ ու ծրագրեր կան այն կենտրոններում, որոնք այս կամ այն կերպ մտադիր են միմյանց դեմ պայքարում օգտագործել Ադրբեջանին: Հետեւաբար, հարց է առաջանում, Երեւանի փորձը՝ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կոնտրաստը, որքա՞ն արժեք ունի, որքա՞ն է իմաստավորված:
Այդ փորձը կարող է իմաստ ունենալ միայն մի դեպքում, երբ Հայաստանն ունենա համոզում, որ բոլորը սպասում են Երեւանի մի փոքր «վրիպումին»՝ ադրբեջանական ագրեսիայի՝ «կրակ» հրամանը տալու համար, եւ Հայաստանը անում է ամեն ինչ, այդ վրիպումը թույլ չտալու, այդ հրամանի «փաստարկ» չտալու համար: Ամբողջ հարցն այն է, որ դա էլ կարող է իմաստավորված լինել սահմանափակ ժամանակահատվածի համար, քանի որ ինքնին իրերի այդ դրվածքը կարող է վկայել այն մասին, որ մեծ հաշվով խնդիրը նպատակահարմարության դաշտում է, ըստ նպատակահարմարության՝ այդ վարքագիծը կարող է գնահատվել, կամ՝ ոչ:
Հնարավոր է, որ Հայաստանը փորձում է շահել ժամանակ այնքան, քանի դեռ «գնահատվում» է, այդ ժամանակն օգտագործելով պաշտպանունակության բարձրացման համար: Բայց որքա՞ն ժամանակ ունի Հայաստանը: Սա իհարկե միակ հարցը չէ: Մյուս հարցն այն է, թե Հայաստանն ինչ այլընտրանքային տարբերակ ունի՝ կայունության կառավարելիության առավել հուսալի ու երկարաժամկետ մեխանիզմ ձեւավորելու համար, իհարկե մի կողմ թողնելով Ադրբեջանի հետ որեւէ հավասարակշռված փաստաթուղթ ստորագրելու հարցում համաձայնության գալու անիրատեսական տարբերակը: Իրերի ներկայիս դրությունը հուշում է, որ խորքային առումով այլընտրանքներ գոյություն չունեն, քանի որ գոյություն չունի պատերազմի եւ խաղաղության վերաբերյալ ոչ միայն գլոբալ համաձայնություն, այլ որեւէ ռեգիոնի առումով լոկալ համաձայնությունների շատ, թե քիչ շոշափելի համակարգ:
Միայն այդօրինակ համակարգերն է, որ երաշխավորում են տեւական կայունություն ու խաղաղություն: Կովկասի առնչությամբ կա այդպիսի մեկ համակարգի գաղափար՝ 3+3: Կան տարբեր այլ պատկերացումներ ու փորձեր, որոնք սակայն իբրեւ համակարգ չունեն անգամ նախնական ձեւակերպված ուրվագծում: Այդպիսին կարող էր լինել Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը, որի կենսունակության ապահովում սակայն Եվրամիությունն ի վիճակի չեղավ, ինչպես ի վիճակի չէ ապահովել անգամ Ալիեւի բանակցություն իր հովանու ներքո: Համակարգային ինչ առաջարկ ունի ԱՄՆ, եւ ունի՞ արդյոք, դեռ պարզ չէ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։