Հայաստան

Իրանին Ուժեղ Հայաստան Պե՞տք Է

Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները թերեւս անվիճարկելի են, ու դա այն է, ինչի մասին խոսում են նաեւ շատերը՝ խաղաղության գրավականը հակառակորդի հանդեպ «մեղմասացության» շքերթը կամ իջնող «նշաձողերը» չեն, խաղաղությունը ուժերի հավասարակշռությունն է, դրան միտված համակարգված, խորքային եւ արդյունավետ քաղաքականությունը:

Հակոբ Բադալյան

Իրանի դեսպանի անսպասելի անկեղծությունը․ Թեհրանը ուզում է տեսնել դիմադրող և հզոր Երևան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նախօրեին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի սպառնալիքներին եւ «միջանցքի» հետ կապված ռազմական ռիսկերին, արել է բավականին բաց, միաժամանակ բավականին ճշգրիտ ու դիպուկ հայտարարություն. «Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե դուք լինենք ուժեղ, կկարողանա՞ն ձեզ սպառնալ։ Ես կարծում եմ, որ խաղաղության չհասնելու գաղտնիքը դա ուժի հավասարության գոյություն չունենալն է։ Եթե դուք ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ»: Դեսպանը գործնականում ներկայացրել է քաղաքականության, աշխարհաքաղաքականության աքսիոմը՝ ուժերի բալանսն է որոշում խաղաղությունը, եւ դրա խախտումն է պատերազմի կամ ռազմական ռիսկերի բանալին: 

Այստեղ էական է, թե ինչո՞ւ է Թեհրանը որոշել այդպես անկեղծանալ Հայաստանին առնչվող զգայուն թեմայի կապակցությամբ: Արդյո՞ք դա պայմանավորված է օրեր առաջ Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականի Հայաստան կատարած այցով, որի ընթացքում Քամալ Խարազին հանդիպել է Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Այդ ա՞յցն է ունեցել նշանակություն Թեհրանի ուղիղ եւ զգալիորեն բաց, ըստ էության առանց դիվանագիտական այլեւայլությունների խոսելու համար: Դա նշանակու՞մ է արդյոք, որ Իրանին չեն բավարարել այն մոտեցումներն ու դիրքորոշումները, որ լսել է Խարազին Երեւանում: 

Համենայն դեպս, պատասխանելով հարցին, թե Իրանը ի՞նչ կանի, եթե Ադրբեջանը որոշի ուժով բացել այսպես կոչված «միջանցքը», դեսպան Սոբհանին պատասխանել է, թե՝ «ինչ վերաբերում է հավանականությանը, թե ինչ կարող է լինել և ինչ չի կարող լինել, Թեհրանը չի կարող գնահատականներ տալ, ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կվարվենք Հայաստանում, դա կախված է Հայաստանի կառավարության դիրքորոշումից»: 

Ըստ ամենայնի, Թեհրանը բավականին բաց ակնարկում է, որ կուզեն տեսնել դիմադրող Երեւան, քանի որ ոչ ոք չի կարող ստանձնել այն դիմադրությունը, որը գործնականում լեգիտիմ կարող է լինել միայն Երեւանի կատարմամբ: Միաժամանակ, Իրանի դեսպանը խոսելով Հայաստան հնդկական զենքի տարանցման մասին, հայտարարել է, որ Իրանը ցանկանում է տեսնել հզոր Հայաստան, քանի որ ուժերի բալանսը կապահովի ռեգիոնալ խաղաղություն ու կայունություն: Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է այդ հարցում օգնություն ցուցաբերել Հայաստանին: Միաժամանակ, նա բամբասանք է որակել տեղեկությունները, թե Իրանը ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ Սյունիքում: Հայաստանում Իրանի դեսպանի բավականին, անսովոր բաց ու անկեղծ հայտարարություններն անշուշտ պետք չէ ընդունել ու ընկալել անվերապահ եւ միարժեք, ինչպես ցանկացած երկրի ցանկացած դիվանագետի հայտարարություն: 

Դիվանագետները ամենեւին չեն երդվում լսարաններին ասել միայն ու միայն ճշմարտոությունը, այլ երդվում են ծառայել իրենց երկրների շահերին: Տվյալ դեպքում, Հայաստանին ուղղված հայտարարությունները Իրանի համար կարող են լինել Ադրբեջանի եւ Թուրքիայի, նաեւ արեւմտյան խաղացողների ուշադրությունն ու տրամադրությունը ստուգելու միջոց՝ որոշ դեպքերում այդ ամենը հենց տվյալ սուբյեկտների հետ քաղաքական քննարկումների եւ սակարկությունների առարկա դարձնելու համարա, առավել եւս այսօր, երբ Թեհրանի շուրջ բավականնին բազմիմաստ գործընթացներ են Մերձավոր Արեւելքում: 

Միեւնույն ժամանակ, զուտ բովանդակային առումով՝ անկախ որեւէ տողատակային այլ նպատակից, Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները թերեւս անվիճարկելի են, ու դա այն է, ինչի մասին խոսում են նաեւ շատերը՝ խաղաղության գրավականը հակառակորդի հանդեպ «մեղմասացության» շքերթը կամ իջնող «նշաձողերը» չեն, խաղաղությունը ուժերի հավասարակշռությունն է, դրան միտված համակարգված, խորքային եւ արդյունավետ քաղաքականությունը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *