ՄԵՐ ՈՒՂԻՆ

Իսրայե՞լ, Թե՞ Ասորեստան

Եթե հրեաները կարողացել են պետություն գաղափարը գրքայնացնել, դարձնել դավանանք, ապա մենք ավելի շատ այն վերածել ենք էմոցիայի, որի հետևանքով էլ գաղափարը վերածվել է հուզմունքի։ 

Հակոբ Մովսես

1inTV-ն «Մանրամասներ» հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալել էր բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսին։ Զրույցն ընթացել է քաղաքացիական արժեքների, պետության գաղափարի ու ընկալման մասին։

Հակոբ Մովսեսը նախ անդրադարձել է վերջին շրջանում անընդհատ քննարկվող «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» եզրույթներին և մեկը մյուսով փոխարինելու ԿԳՄՍՆ առաջարկին։ Բանաստեղծի կարծիքով «Հայոց» և «Հայաստանի» եզրույթները մեկը մյուսին չեն հակասում, այլ լրացնում են։ Պետք չէ դրանք հակադրել իրար, քանի որ դրանք նույն մետաղադրամի երկու երեսներն են։ Բանաստեղծի կարծիքով մենք պետք է կարողանանք ինքներս մեր ներսում պատմական տարածության ընկալում ունենանք և հասկանանք, թե եզրույթների փոխարինումը մեկը մյուսով ինչ իրական նշանակություն ունի։ Նա չհամաձայնվեց այն կարծիքի հետ, որ «Հայոց»-ի փոխարինումը «Հայաստանի»-ով նշանակում է ազգային արժեքներից հրաժարում կամ պատմության խեղաթյուրում, ընդհակառակը, «Հայոց պատմությանը»  նաև «Հայաստանի պատմություն» ասելով մենք կարևորում ենք պատմական անդրադարձների ընթացքում հայ ժողովրդի կերտած պետականության շրջանները։

Հակոբ Մովսեսը հիշեցրեց, որ պատմություն ունեն բոլորը։ Կան բազմաթիվ ցեղեր ու ժողովուրդներ, որոնք մեծ և ընդգրկուն պատմություն ունեն, բայց չունեն պետություն և նրանք հնարավորություն չունեն իրենց պատմության անվան մեջ իրենց պետականությունը շեշտել և կարող են խոսել միայն պատմության ընթացքում ազգային, բայց ոչ պետականության շեշտերով։ Մենք ունենք այդ պետականությունը։ Բանաստեղծի կարծիքով հրաշք է, որ մենք ասյօր պետություն ունենք, դա Աստծո պարգևն է մեզ, բայց Աստծո տվածը պահել է պետք։

Հակոբ Մովսեսն անդրադարձավ նաև զինանշանի փոփոխություններին վերաբերող կարծիքներին և ասաց, որ զինանշանի վրա պետք է լինի իրական, ռացիոնալ խորհրդանիշ, ոչ թե պարզապես առարկա։ Եթե մեր պետության, ժողովրդի սթափ ու ռեալ քաղաքականությունը ենթադրում է առյուծի, արծվի կամ այլ խորհրդանշանի գոյություն, ապա այն պարտադիր պետք է տեղ ունենա զինանշանի վրա, իսկ եթե առյուծը կամ արծիվը ոչ մի նշանակություն չեն ունենալու, այլ միայն դառնալու են անիրական երազանքների մարմնավորում, ապա դրանց գոյությունն ավելորդ է։ Մենք շատ երկար ժամանակ պետություն չենք ունեցել ու այժմ մեր պետական մտածողության մեջ բացակայում է մեծ ու երկար տարածության ընկալումը։ Սա մի խնդիր է, որն արտահայտվում է ոչ միայն զինանշանի կամ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» փոխարինմամբ, այլև բանակի գիտակցմամբ, հարկի վճարում և այլ երևույթներում։ Վերջին դարերի ընթացքում մենք բանակ ասելով հասկացել ենք պարսկական, թուրքական, ռուսական, խորհրդային բանակ ասվածը։ Վերջին երեսուն տարում մենք ստեղծել ենք բանակ, բայց չենք ստեղծել այդ բանակի բարոյական չափանիշները, որի հետևանքով բանակը դուրս է մնացել լիարժեք գիտակցման դաշտից ու վերածվել է կենացի, մինչդեռ այդ նույն բանակը, որի կենացը խմել են ամեն օր, նման է եղել գաղութի, ուր գտնվելը ոչ թե հպարտություն է եղել, այլ՝ պատիժ։ Հակոբ Մովսեսն ասաց, որ իր երկու որդիները և հինգ թոռները ծառայել են բանակում և դրանք եղել են դժոխային տարիներ, քանի որ բանակը զուրկ է եղել և՛ ներքին, և՛ հասարակական իրական ընկալման դաշտից։ Մենք բանակ ասելով հասկացել ենք ֆիդայի։ Ֆիդայիները մեր պատմության մեջ շատ կարևոր դեր ու տեղ ունեն, սուրբ մարդիկ են ֆիդայիներ եղել, բայց ֆիդային զինվոր չէ, իստիտուցիոնալ կառույց չէ։ Պետությունը պիտի բանակ ունենա, կայացած ու հասկանալի երևույթ, որը չի մնա ֆիդայու կարգավիճակում։

Հակոբ Մովսեսը համաձայնեց, որ հայերը և հրեաները մեծ նմանություն ունեն պատմական ճակատագրի առումով։ Երկուսն էլ շատ երկար ժամանակ պետություն չեն ունեցել ու երկուսն էլ իրենց գաղափարներում պահպանել են պետությունը։ Բայց եթե հրեաները կարողացել են պետություն գաղափարը գրքայնացնել, դարձնել դավանանք, ապա մենք ավելի շատ այն վերածել ենք էմոցիայի, որի հետևանքով էլ գաղափարը վերածվել է հուզմունքի։ Մենք պիտի հասկանանք, որ պետությունը մեր սրբությունն է, որը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր երազանքները։ Հայրենիք բոլորն ունեն, նույնիսկ կենդանիները, բայց պետություն կարող են կառուցել միայն քաղաքակիրթ ժողովուրդները։ Մենք այսօր ընտրության առջև ենք՝ դառնալ Իսրայե՞լ, թե՞ Աստորեստան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *