Այս կեղծ կատեգորիաները մի քանի տասնամյակ շարունակ երկիրը քարշ են տվել հակառակ ուղղությամբ և նրան թույլ չեն տվել ընկալել իրականությունն ու ինքնորոշվել։ Դրա հետևանքն այն է, որ այսօր մենք ինքնորոշված չենք ու ինչ որ տարօրինակ խոսույթների հետևից ենք ընկել, Անկախության Հռչակագիրն ենք ուզում խմբագրել, գերբի մեջ ենք ուզում մեղք փնտրել Սահմանադրությանն ենք մեղադրում։
Դավիթ Ստեփանյան
1inTV -ի եթերում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն անդրադարձել է շատ կարևոր մի երևույթի՝ կեղծ քաղաքական կատեգորիաներին ու կեղծ քաղաքական ռեալիզմին մասնավորապես։ Հայ քաղաքական իրականությանը բնորոշ և ինչ որ առումներով գերակա դեր ստացած այդ կեղծ քաղաքական ռեալիզմը, որ ենթադրում էր, թե «Արցախը տանք, հանգիստ ապրենք», ներկայումս ամբողջովին փուլ է եկել, քանի որ Արցախը այժմ հայերի վերահսկողության տակ չէ և խաղաղությունը նույնիսկ չի էլ նշմարվում։
Դավիթ Ստեփանյանն իր խոսքում նշեց քաղաքական մեծ եռանկյունիների և տարածաշրջանային դիրքավորումների մասին, ապա անդարարձավ այն հարցին, թե հայկական իրականության մեջ ինչպես ընկալվեցին աշխարքաղաքական իրադարձությունները և ինչ հետևություններ արվեցին դրանից։
Կեղծ Քաղաքական ռեալիզմը, կամ այլ կերպ ասած՝ «Ժիրայր Լիպարիտյանիզմը», որի առանցքում ընկած էր Արցախը որպես բեռ ընկալելու մոտեցումը, ոչ թե իրոք ռացիոնալ ու սթափ մտքի արգասիք էր, այլ վախի հետևանք։ Քաղաքական վախկոտ մտքի հետևանք, որը թույլ չէր տալիս նորմալ ընկալելու իրականությունն ու ռեալ կողմնորոշվելու։ Եվ հենց այդ մտքի կրողներին ու ջատագովներին պետք է հիմա հարց տալ, թե ի՞նչ են մտածում հիմա։ Գո՞հ են ամեն ինչից։ Արդեն լա՞վ են ապրում կամ վերջապես հասկանո՞ւմ են իրենց մտքի սնանկությունն ու դատարկությունը։
Դրան զուգահեռ՝ Հայաստանում կար նաև քաղաքական կեղծ խաղաղության լրիվ հակառակ կողմը՝ կեղծ հայրենասիրությունը, կամ հայրենասիրության սեփական փուչ պատկերացումները, որի առաջնորդող առաջամարտիկների մեջ գերակշռում էին ՀՅԴ-ականները, որոնց կողմից անընդմեջ շրջանառվող «Մուշ» ու «Սասուն» քաղաքականացված դիրքորոշումները այժմ մոռացության են մատնվել հենց նույն կուսակցական շրջանակների կողմից։ Այժմ Մուշ և Սասուն տերմիններին կարելի է հանդիպել միայն հայրենասիրական երգերում, այն էլ, կարծես ճակատագրի հեգնանքով, ԱՄՆ-ից։ Այժմ կեղծ հայրենասիրական պատկերացումների կրողները ևս հասկանում են, որ իրենց գաղափարը լիովին փուլ է եկել և իրենց միակ գործառույթն այժմ կենդանության նշաններ ցույց տալն է, որով կարծես ցանկանում են ասել, որ իրենք ողջ են և կան, բայց նրանք քաղաքական առումով՝ մեռած են։
Դավիթ Ստեփանյանը հիշեցրեց, որ իրար հակադիր այս կեղծ կատեգորիաները մի քանի տասնամյակ շարունակ երկիրը քարշ են տվել հակառակ ուղղությամբ և նրան թույլ չեն տվել ընկալել իրականությունն ու ինքնորոշվել։ Դրա հետևանքն այն է, որ այսօր մենք ինքնորոշված չենք ու ինչ որ տարօրինակ խոսույթների հետևից ենք ընկել, Անկախության Հռչակագիրն ենք ուզում խմբագրել, գերբի մեջ ենք ուզում մեղք փնտրել Սահմանադրությանն ենք մեղադրում։ Այո՛, ինքնորոշվել պետք է, իրականությունն ըկալել պետք է, բայց ոչ նման կերպ։
Տեսանյութն ամբողջությամբ՝