Հայաստան

Պետություն Եւ Հայրենիք

Կա՞ մեկը, որը կբացատրի, թե Ռուսաստանն ինչու է Թուրքիայի հետ մերձենալու փորձեր անում, բայց դա բացատրի իրական, խորքային պատճառներով, ոչ թե ցորենի կամ ինչ որ իրավիճակային դրդապատճառներով։ Մենք պետք է ճանաչենք Ռուսաստանը, բայց այն պետք է դուրս գա ռուսատյացության ու ռուսասիրության սահմաններից։

Հակոբ Մովսես

Factor TV-ի հյուրն է բանաստեղծ, թարգմանիչ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը։ Զրույցն ընթացել է հայրենիք և պետություն գաղափարների, դրանց կարևորման ու պահպանման մասին։

Անդրադառնալով այն բանին, որ շատ վերլուծաբաններ համարում են, որ մենք՝ հայերս, պետությունն ու հայրենիքը հակադրում ենք իրար, փորձում ենք գնալ պետություն, մինչդեռ հարկավոր է արժևորել հայրենիքը, Հակոբ Մովսեսն ասաց, որ մենք պետք է հասկանանք, որ պետությունը պարզապես տառերի միացում չէ։ Պետությունը քաղաքակրթական ևս մեկ աստիճան է, հնարավոր չէ և պետք չէ հակադրել միմյանց պետությունն ու հայրենիքը։ Դրանք նուն մեդալի երկու կողմն են։ Չի կարելի առանձնացնել ու կարևորել միայն մեկ կողմը։ Այն պետք է համերաշխ գաղափարական միասնություն ունենա, ոչ թե արհեստական հակադրություն։ Եթե դատարկ է մեդալի մի կողմը, ապա անիմաստ է դառնում նաև երկրորդը։ Մենք շատ երկար ժամանակ պետություն չենք ունեցել և հիմա պետք է մեծագույնս գնահատենք, որ հիմա ունենք պետություն։ Շատերը ենթագիտակցորեն վախենում են պետությունից, որովհետև պետության կայացումը բարդ և դժվարին գործընթաց է, բայց հենց դա էլ ցույց է տալիս մեր քաղաքակրթվածության մակարդակը։ Որովհետև պետությունը մեծ խնամք ու պատասխանատվություն է ենթադրում։

Հակոբ Մովսեսն ասաց, որ մեզ խաղաղություն է անհրաժեշտ։ Խաղաղությունը պետք է մեր պետությանը, զարգացման համար։ Իսկ խաղաղության համար նաև անհրաժեշտ է, որ Հայաստանն իր տրամադրվածությունը ուղղի դեպի խաղաղություն։ Բայց այդ խաղաղասիրությունը չի նշանակում անտեսել թշնամու ռազմականացվածությունը։ Եվ ոչ էլ այն, որ պետք է մոռանալ Արարատը կամ Ցեղասպանությունը։ Արարատը հայ ժողովրդի սրբություններից է և պետք է այն միշտ պահել, հարցն այն է, որ այն չօգտագործեն անցողիկ կարճաժամկետ ծրագրերի համար։ Օրինակ գերմանացիները երբեք չեն մոռանում Քյոնիքսբերգի կամ Քյոլնի տաճարի մասին։ Բայց նրանց մոտ հայրենասիրությունը ասվածը ոչ թե արտաքուստ ռազմականացված ցուցադրություն է, այլ հայրենիք-պետության միաձուլում ու բարձրագույն գիտակցում։ Հայաստանին ևս պետության գիտակցման խորքային մոտեցում է պետք։ 

Հակոբ Մովսեսը նաև խոսեց Հայաստանի և նրա հարևանների մասին։ Նա նշեց խաղաղության կարևորության մասին, բայց նշեց, որ եթե որևէ մեկը հարձակվի Հայաստանի վրա, ապա ոչ ոք  թող չկասկածի, որ ողջ հայությունը կրկին  կպայքարի հանուն իր հայրենիքի։ Բայց, հարկավոր է հասկանալ, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն արհեստածին պետություն է ու հայերին ատելը իր համար կայացման գործիք է,մենք չենք կարող այդքան պարզունակ գտնվել, իսկ ադրբեջանական թշնամանքին ոչ թե անատամ խաղաղություն առաջարկենք, այլ լինենք այնքան խելացի, որ կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը լավագույնս օգտագործել՝ ի շահ պետության։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *