Հայաստան

Մյունխենում Սպանո՞ւմ Են Արցախի Ապագան

Ալիեւին հաջողվե՞լ է ԱՄՆ պետքարտուղարին, Գերմանիայի կանցլերին, ԵԱՀԿ գործող նախագահին եւ գլխավոր քարտուղարին համոզել, որ Հարավային Կովկասում «խաղաղության եւ կայունության գինը Լեռնային Ղարաբաղի քաղաքական հոգեհանգիստն է»:

Վահրամ Աթանեսյան

Մյունխենում Լեռնային Ղարաբաղի քաղաքական «հոգեհանգի՞ստ» էր

Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բաց խոսել է Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտությունից: Բաքվի մամուլին տեղեկություն է տրամադրվել, որ միայն Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի տարեկան բյուջեն անցնում է մեկ միլիոն եվրոյից, իսկ նա «մատնված է անգործության»: ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեւավորվել է  1992 թ. մարտի 24-ին եւ ըստ մանդատի՝ պետք է նախապատրաստեր Մինսկի խորհրդաժողով, որը պետք է որոշեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ նրա ընտրյալ ներկայացուցիչների շահագրգիռ մասնակցությամբ:

Քառասունչորսօրյա եւ սեպետմբերի 19-ի ահաբեկչական պատերազմից հետո ստեղծվել է փաստացի իրավիճակ, երբ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, բնակչությունը բռնատեղահանված է: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին ընդառաջ ադրբեջանական մամուլում փորձագիտական կարծիք շրջանառվեց, որ կա «Լեռնային Ղարաբաղում նախկին շփման գիծը վերականգնելու ծրագիր»: Այսօր Բաքվում Ալիեւի մյունխենյան բանակցությունները գնահատում են այնպես, որ նրան հաջողվել է եվրոպացիներին համոզել, որ Հարավային Կովկասում Իրանի «լռելյայն համաձայնությամբ ձեւավորվել է Մոսկվա-Անկարա-Բաքու դաշինք, որն անվտանգության եւ կայունության երաշխիք է»:

Ու՞մ եւ ինչպե՞ս է համոզել Ալիեւը: Խոսքը ԱՄՆ պետքարտուղարի եւ Գերմանիայի կանցլերի հետ նրա բանակցությունների՞ մասին է: Այդ դեպքում Անկարա մեկնելու եւ «կուլուարային քննարկումներն Էրդողանին ներկայացնելու ի՞նչ անհրաժեշտություն կար»: Ադրբեջանցի փորձագետի ներկայացմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների «քայլ առ քայլ ճանապարհային քարտեզը համաձայնեցված է նախորդ փաստաթղթերում»: Ալիեւն ընդունե՞լ է, օրինակ, իր բացակայությամբ Գրանադայում համաձանեցված հատարարությունը:

Ըստ երեւույթին, Ալիեւի բանակցությունները բարդ են եղել: Իշխանամերձ լրատվամիջոցն առաջին անգամ ընդունում է, որ սեփական անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիան «որպես անկախ պետության՝ Հայաստանի սուվերեն իրավունքն է»: Բաքվի համար անընդունելի է, երբ դիվերսիֆիկացիան ներառնում է հայ-ադրբեջանական բանակցությունները: Հասկացվում է, որ Հայաստանի արեւմտյան գործընկերները Բաքվին հիշեցնում են Լեռնային Ղարաբաղը:

Ինչ վերաբերում է մարդկանց սոցիալական խնդիրներին, ապա Ադրբեջանում դրանք լուծվում են «միասնական պատուհանի» սկզբունքով, մնում է անհատապես ներկայանալ եւ ստանալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,- գրում է Բաքվի լրատվամիջոցը: Խոսքն, ինչպես բխում է վերլուծականի համատեքստից, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասին է: Մյունխենում հազիվ թե որեւէ մեկը բարձրացրած լինի, ասենք, Ղուբայի շրջանի հեռավոր-լեռնային գյուղերի լեզգի բնակիչների սոցիալական ապահովության թեման:

Իրավիճակն, այսպիսով, ներկայացվում է «ճանապարհային քարտեզի» տեսքով. ԵԱՀԿ-ն լուծարում է Մինսկի խումբը, հայ-ադրբեջանական բանակցություններից Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերջնականապես հանվում է, նախկինում ձեռք բերված համաձայնությունների հիմքով աշխատանքային քննարկումները շարունակվում են, ԼՂ բռնատեղահանված հայ բնակչությունն էլ կարող է «միասնական պատուհանի» սկզբունքով դիմել եւ ստանալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Ըստ Բաքվի լրատվամիջոցի՝ «ճանապարհային այդ քարտեզը Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքով համաձայնեցված է, իսկ Իրանն ընդունել է լռելյայն»: Ալիեւին հաջողվե՞լ է ԱՄՆ պետքարտուղարին, Գերմանիայի կանցլերին, ԵԱՀԿ գործող նախագահին եւ գլխավոր քարտուղարին համոզել, որ Հարավային Կովկասում «խաղաղության եւ կայունության գինը Լեռնային Ղարաբաղի քաղաքական հոգեհանգիստն է»: Բայց ավելի կարեւոր է՝ Հայաստանը հաշտվե՞լ է այդ շատ ցավալի հեռանկարի հետ: Մինսկի խումբը կարող է լուծարվել միայն մի դեպքում. եթե այդ հարցում Բաքուն եւ Երեւանը հանգեն կոնսենսուսի:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *