Հայաստան

Բանկային Իրարանցում

Բնականաբար, հաջորդիվ առանցքային հարցերից մեկը այն է, թե կա՞ արդյոք դրա տակ մեծ քաղաքականություն: Ընդհանրապես, մեծ փողերը երբեք չեն լինում մեծ քաղաքականությունից զատ:

Հակոբ Բադալյան

Բրիտանական կապիտալի խոշոր «փոխատեղու՞մ» Հայաստանում

Վրացական Bank of Georgia-ն հայտարարել է, որ 303 միլիոն դոլարով գնում է Ամերիաբանկի հիմնական բաժնեմասը: Համաձայն գործարքի, բանկը պահպանելու է իր ապրանքանիշն ու ինքնուրույնությունը, գոյություն ունեցող մենեջմենտը: Միաժամանակ, Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկը պահպանելու է Ամերիաբանկում իր 10 տոկոս բաժնեմասը: Ամերիաբանկի վաճառքի գործարքը հանրային շրջանակում էական ուշադրոության էր արժանացել երկու հանգամանքի պատճառով: Նախ, հայտնի է, որ Ամերիաբանկի բաժնետեր է գործարար, բարերար, ներկայումս ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: 

Վարդանյանի հետ առնչվող Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը այդ կապակցությամբ հայտարարել է, որ Վարդանյանը որեւէ կապ չունի Ամերիաբանկի վաճառքի հետ, նաեւ շատ վաղուց որեւէ կապ չունի բանկի կառավարման հետ, տարիներ առաջ է դուրս եկել կառավարման խորհրդից, իսկ իրեն պատկանող բաժնետոմսերի կառավարումն էլ հանձնել է այլ ընկերության եւ դրա միջոցով է մնում բանկի բաժնետեր: Հանրային մեծ ուշադրության մյուս առարկան այն էր, որ վրացանակն բանկի առնչչությամբ կային թուրք բաժնետերերի կասկածներ: Այստեղ կասկածի «հիմքն» այն էր, որ Վրաստանում ընդհանրապես բավականին մեծ է թուրքական եւ ադրբեջանական տնտեսական ներկայությունը: Սակայն, գոնե առայժմ չկան այդօրինակ կասկածներ հիմնավորող փաստական տվյալներ: 

Ավելին, վրացական Bank of Georgia-ն բրիտանական գրանցում ունեցող BOGG միջազգային ֆինանսական հոլդինգի կազմում է, Լոնդոնի բորսայի մասնակից: Խումբը Միացյալ Թագավորությունում գրանցված միջազգային ֆինանսական ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական շուկայի պրեմիում հարթակում: Այն ներառված է FTSE-250 ինդեքսի ցանկում: Խմբի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard Group-ը, Schroders-ը, Norges Bank Investment Management-ը և այլն: Սա հուշում է, որ գործարքը գործնականում առավել խոշոր նշանակության է, քան կարող է տպավորություն ստեղծվել առաջին հայացքից՝ երբ ասվում է, որ վրացական Bank of Georgian ձեռք է բերում Ամերիաբանկի բաժնետոմսերի մեծամասնությունը: 

Նույնիսկ հարց է առաջանում, թե արդյո՞ք գործ ունենք զգալիոորեն բրիտանական խոշոր կապիտալի հետ, որը Հայաստանում փաստացի «փոխատեղվում» է, իհարկե պայմանական իմաստով: Հայտնի է, որ Հայաստանից հեռանալու որոշման մասին է հայտարարել բրիտանական խոշորագույն բանկերից մեկը՝ HSBC-ն, որն իր հայաստանյան մասնաճյուղը վաճառում է Արդշինբանկին: Փաստացի ստացվում է, որ Հայաստանից կարող է հեռանալ միջազգային խոշորագույն ֆինանսական մի կառույցը՝ բրիտանական բանկը, բայց հայաստանյան ֆինանսա-բանկային շուկա է փաստացի մտնում բրիտանական գրանցում ունեցող ֆինանսական խոշոր հոլդինգի մաս կազմող վրացական բանկը: Բնականաբար, հաջորդիվ առանցքային հարցերից մեկը այն է, թե կա՞ արդյոք դրա տակ մեծ քաղաքականություն: Ընդհանրապես, մեծ փողերը երբեք չեն լինում մեծ քաղաքականությունից զատ: 

Ինչ վերաբերում է ուղիղ կապակցվածություններին, ապա այստեղ անշուշտ իրողությունները մշտապես լինում են բավականին հարաբերական: Այդուհանդերձ բավականին հատկանշական է, որ Հայաստանի ֆինանսա-բանկային համակարգին առնչվող հայ-վրացական խոշոր մասնավոր գործարքի մասին հայտարարվում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործակցության հռչակագրի ստորագրումից հետո, որ փետրվարի սկզբին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի՝ այն ժամանակ դեռեւս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու մասնակցությամբ: Այդ ստորագրումից մի քանի օր անց Վրաստանում տեղի ունեցավ վարչապետի փոփոխություն: Անշուշտ, չկա որեւէ հանգամանք, որը մատնացույց կարող է անել, թե միջբանկային մասնավոր գործարքը որեւէ կերպ կապված է եղել միջպետական ռազմավարական գործակցության հռչակագրի հետ: Պարզապես ուշագրավ ու խորհրդանշական է ֆոնը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *