Կասե՞ք, ինչի եք հասել Դուք և ձեր համախոհները, պարո՛ն Սարգսյան՝ խափանելով Արցախի հարցի լուծման 1997 թվականի ծրագրերը, որ հավանաբար միակ հնարավոր տարբերակն էր: Խոսքը կուտակած հարստության մասին չէ, իշխանությունը ընտրակեղծարարությամբ 20 տարի պահելու մասին չէ: Այդ ամենն արժեք չունեն (իսկ գուցե ունե՞ն որոշների համար) այն աղետի ու մղձավանջի դիմաց, որում հայտնվել ենք բոլորս:
Թաթուլ Հակոբյան
Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Ֆեյսբուքը պարբերաբար շատ կարճ տեսանյութեր է առաջարկում: Այսօր Հայաստանի երրորդ նախագահն էր «հյուր» եկել:
Սերժ Սարգսյանը լրագրողներին (կարծես հերթական դատավարության ավարտին) ասում է.
– Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա իրենք ասեն՝ ի՞նչի են հասել:
Թվում է՝ պարոն Սարգսյանը շատ տրամաբանական հարց է տալիս: Եթե անաչառ դատենք, ու այդ մասին առաջինը ես չէ, որ գրում եմ, թավշյա հեղափոխությունից և վարչապետ Սարգսյանի հրաժարականից հետո հայկական բանակը կորցրել է 12 հազար քառակուսի կիլոմետր հող, այդ թվում՝ բուն Արցախը, տվել ենք 5 հազար զոհ ու ավելի քան 10 հազար վիրավոր, ամեն գյուղում ունենք Եռաբլուր, արցախահայությունը տեղահանվել է բնօրրանից, Հայաստանը հայտնվել է ծանրագույն վիճակում ու դեռ այս աղետի ու մղձավանջի վերջը չի երևում:
Առանց Սարգսյանի հիշեցման էլ՝ տասնյակ հազարներով փողոցներ դուրս եկած և «Սերժին մերժած» քաղաքացիների մի ստվար հատվածն այսօր կամ 2019-ից, 2020-ից հետո Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելը համարում է ճակատագրական սխալ:
Բայց այստեղ Հայաստանի երրորդ նախագահը պետք է այլ հարցերի պատասխանի, եթե հաշիվ ու արդարություն է պահանջում իր ժողովրդից կամ եթե նեղված է ու մինչև հոգու խորքը՝ խոցված:
ա/ Հայաստանի ժողովուրդը այդ ինչքա՜ն էր հոգնել պարոն Սարգսյանից ու թիմից, ի՜նչ աստիճանի էր անընդունելի համարում Մարտի 1-ով իշխանության եկած, 10 տարի նախագահությունը պահած, վարչապետ մնալու նպատակով սահմանադրական փոփոխություններ պարտադրած առաջնորդից, որ տասնյակ հազարներով ողողել էր Հայաստանի փողոցներն ու հրապարակները:
բ/ Այդ ինչքա՜ն էր Հայաստանի ժողովուրդը հոգնել պարոն Սարգսյանից, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրանց հետ գործակցող ուժերից, որ անգամ 44-օրյա աղետից հետո նախընտրեց Փաշինյանին:
գ/ Եվ ամենակարևորը. պարո՛ն Սարգսյան, իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, ովքեր 1997-1998 թվականներին իրականացրեցին ռազմապետական հեղաշրջում և Արցախի փրկության անվան տակ Հայաստանում զավթեցին իշխանությունը՝ հանուն իշխանության ու հարստություն կուտակելու:
Կասե՞ք, ինչի եք հասել Դուք և ձեր համախոհները, պարո՛ն Սարգսյան՝ խափանելով Արցախի հարցի լուծման 1997 թվականի ծրագրերը, որ հավանաբար միակ հնարավոր տարբերակն էր: Խոսքը կուտակած հարստության մասին չէ, իշխանությունը ընտրակեղծարարությամբ 20 տարի պահելու մասին չէ: Այդ ամենն արժեք չունեն (իսկ գուցե ունե՞ն որոշների համար) այն աղետի ու մղձավանջի դիմաց, որում հայտնվել ենք բոլորս:
Ու ամենավերջում՝ Դո՛ւք, պարոն Սարգսյան, ինչո՞ւ եք նախատում 2018 թվականի Հայաստանի «Մերժիր Սերժին» քաղաքացիներին, երբ Դուք, անձամբ Դուք եք 2018-ի ապրիլի 23-ին գրել. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։ Ճիշտ է, Դուք երեք տարի անց սրբագրեցիք Ձեր խոսքերը, բայց դրանից ի՞նչ օգուտ: Իշխանությունը կորցնելուց հետո ամեն օր եք մի բան սրբագրում: Այսինքն, Դուք մեղավոր չեք և միայն մեղավոր է Նիկոլ Փաշինյան ընտրած ժողովո՞ւրդը: Սա է՞ Ձեր արդարադատությունը:
Թ.Հ. Դովեղ, 23 փետրվար, 2024
Աղբյուրը՝