Զեյնալովի նկատմամբ կայացվել է արտադատական, այսինքն՝ բացառապես քաղաքական որոշում: Քսանչորսժամյա ռուս-ադրբեջանական բանակցությունները հասե՞լ են Ալիեւ-Պուտին հեռախոսազրույցի մակարդակի՝ հայտնի չէ, բայց նաեւ բացառված չէ:
Վահրամ Աթանեսյան
«Օպերացիա Զեյնալով». ի՞նչ սպասել
Նախօրեին Մոսկվայում ձերբակալված «ֆիթնես-մարզիչ եւ բլոգեր» Քյամիլ Զեյնալովն անցած գիշեր ազատ է արձակվել եւ «Վնուկովո» օդանավակայանից թռել Բաքու: Ժամը 02-ի սահմաններում այդ մասին haqqin.az-ին տեղեկացրել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին՝ ասելով, որ «հաջողվել է ռուսական կողմին համոզել, որ Հայաստանի ներկայացրած մեղադրանքներն անհիմն են»: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում՝ կարելի է ենթադրել Ադրբեջանի դեսպանի նախօրեին արված հայտարարության եւ Զեյնալովի կեսգիշերային ազատարձակման փաստի համադրությունից:
Բյուլբյուլ-օղլին երեկ Բաքվի նույն լրատվամիջոցին ասել էր, որ Դոմոդեդեվոյի շրջանի դատախազությունը Զեյնալովի գործը ներկայացրել է դատարան, սպասվում էր, որ այսօր նա կկանգնի դատարանի առաջ: Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը նաեւ տեղեկացրել էր, որ ռուս իրավապահներն սպասում են Հայաստանից «լրացուցիչ հիմնավորումների»: Նա նույնիսկ տպավորություն էր փոխանցել, թե իրավիճակից չի հետեւում, որ Զեյնալովին «անմիջապես ինքնաթիռ կնստեցնեն եւ կտեղափոխեն Հայաստան, դա տեւական գործընթաց է»:
Բյուլբյուլ-օղլին կատարած «քրտնաջան աշխատանքը» վերագրում է Մոսկվայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությանը, անձամբ իրեն. «Մեկ օր է՝ անքուն ենք» -ադրբեջանական լրատվամիջոցին «հոգնած ձայնով» ասել է նա, ինչից հասկացվում է, որ Զեյնալովի նկատմամբ կայացվել է արտադատական, այսինքն՝ բացառապես քաղաքական որոշում: Քսանչորսժամյա ռուս-ադրբեջանական բանակցությունները հասե՞լ են Ալիեւ-Պուտին հեռախոսազրույցի մակարդակի՝ հայտնի չէ, բայց նաեւ բացառված չէ:
Փաստ է, որ Զեյնալովի գործը դատարան չի մտել, Հայաստանի կողմից նրան ներկայացված մեղադրանքն «անհիմն» է ճանաչվել Դոմոդեդովոյի շրջանի դատախազության որոշմամբ: Մոսկվան, իհարկե, կարող է պատասխանել, որ Ռուսաստանն «իրավական երկիր է»: Բայց ինչու՞ տարրական ընթակարգը չի պահպանվել: Չէ՞ որ Զեյնալովի համար Ադրբեջանի դեսպանատունը մի քանի փաստաբան էր վարձել, եւ նրանք դատական նիստին կարող էին «հողմացրիվ անել» Հայաստանի «անհիմն մեղադրանքը»:
Ըստ երեւույթին, կայացել է Մոսկվա-Բաքու քաղաքական գործարք, ինչին նախորդել է «թեթեւակի վախը». Կրեմլից Ալիեւին հասկացրել են, որ ադրբեջանցի մարդասպաններն Ռուսաստանում չպետք է իրենց լավ զգան: Ռուսաստանի իրավապահները մի քանի ադրբեջանցի են ձերբակալել՝ տարբեր քաղաքներում, նույնիսկ Սանկտ-Պետերբուրգում մարդկանց նկատմամբ բռնություններ գործադրելու մեղադրանքով: Բայց, հավանաբար, դա չէ ամենաէականը:
Զեյնալովի «գործը» շատ ավելի խորքային հետագիծ կարող է ունենալ: Եւ այստեղ չափազանց կարեւոր է սառը գնահատել՝ ազդակը նաեւ Երեւանի՞ն էր հասցեագրած, Հայաստանի իրավապահները ներգրավվե՞լ են Զեյնալովի «գործի քննությանը»: Մոսկվան ինչ-որ ակնարկ արե՞լ է: Շատ էական է, թե արդյոք Ադրբեջանը Ռուսաստանին հետախուզվող հայ անձանց անուններ ներկայացրե՞լ է: Եթե անգամ՝ ոչ, ապա պետք է սպասել, որ ներկայացնելու է, եւ Ռուսաստանում հատկապես Արցախից բռնագաղթվածների համար խնդիր կարող են առաջանալ:
Զեյնալովն ասել է, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո մի քանի անգամ եղել է Մոսկվայում եւ երբեք իրեն չեն անհանգստացրել: Ինչու՞ հատկապես Մյունխենի անվտանգության համաժողովից հետո է Զեյնալովին ձերբակալելու, ապա Հայաստանի մեղդրանքն «անհիմն լինելու» պատճառաբանությամբ ազատ արձակելու անհրաժեշտություն առաջացել: Արդյոք դա ռուս-ադրբեջանական «համատեղ օպերացիա՞» չէ: Իսկ եթե այն շարունակություն ունենա՞:
Հոդվածը՝ 1in.am կայքից։