Կասե՞ք, ինչի եք հասել Դուք և ձեր համախոհները, պարո՛ն Սարգսյան՝ խափանելով Արցախի հարցի լուծման 1997 թվականի ծրագրերը, որ հավանաբար միակ հնարավոր տարբերակն էր: Խոսքը կուտակած հարստության մասին չէ, իշխանությունը ընտրակեղծարարությամբ 20 տարի պահելու մասին չէ: Այդ ամենն արժեք չունեն (իսկ գուցե ունե՞ն որոշների համար) այն աղետի ու մղձավանջի դիմաց, որում հայտնվել ենք բոլորս:
Թաթուլ Հակոբյան
Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Ֆեյսբուքը պարբերաբար շատ կարճ տեսանյութեր է առաջարկում: Այսօր Հայաստանի երրորդ նախագահն էր «հյուր» եկել:
Սերժ Սարգսյանը լրագրողներին (կարծես հերթական դատավարության ավարտին) ասում է.
– Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա իրենք ասեն՝ ի՞նչի են հասել:
Թվում է՝ պարոն Սարգսյանը շատ տրամաբանական հարց է տալիս: Եթե անաչառ դատենք, ու այդ մասին առաջինը ես չէ, որ գրում եմ, թավշյա հեղափոխությունից և վարչապետ Սարգսյանի հրաժարականից հետո հայկական բանակը կորցրել է 12 հազար քառակուսի կիլոմետր հող, այդ թվում՝ բուն Արցախը, տվել ենք 5 հազար զոհ ու ավելի քան 10 հազար վիրավոր, ամեն գյուղում ունենք Եռաբլուր, արցախահայությունը տեղահանվել է բնօրրանից, Հայաստանը հայտնվել է ծանրագույն վիճակում ու դեռ այս աղետի ու մղձավանջի վերջը չի երևում:
Առանց Սարգսյանի հիշեցման էլ՝ տասնյակ հազարներով փողոցներ դուրս եկած և «Սերժին մերժած» քաղաքացիների մի ստվար հատվածն այսօր կամ 2019-ից, 2020-ից հետո Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելը համարում է ճակատագրական սխալ:
Բայց այստեղ Հայաստանի երրորդ նախագահը պետք է այլ հարցերի պատասխանի, եթե հաշիվ ու արդարություն է պահանջում իր ժողովրդից կամ եթե նեղված է ու մինչև հոգու խորքը՝ խոցված:
ա/ Հայաստանի ժողովուրդը այդ ինչքա՜ն էր հոգնել պարոն Սարգսյանից ու թիմից, ի՜նչ աստիճանի էր անընդունելի համարում Մարտի 1‑ով իշխանության եկած, 10 տարի նախագահությունը պահած, վարչապետ մնալու նպատակով սահմանադրական փոփոխություններ պարտադրած առաջնորդից, որ տասնյակ հազարներով ողողել էր Հայաստանի փողոցներն ու հրապարակները:
բ/ Այդ ինչքա՜ն էր Հայաստանի ժողովուրդը հոգնել պարոն Սարգսյանից, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրանց հետ գործակցող ուժերից, որ անգամ 44-օրյա աղետից հետո նախընտրեց Փաշինյանին:
գ/ Եվ ամենակարևորը. պարո՛ն Սարգսյան, իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, ովքեր 1997–1998 թվականներին իրականացրեցին ռազմապետական հեղաշրջում և Արցախի փրկության անվան տակ Հայաստանում զավթեցին իշխանությունը՝ հանուն իշխանության ու հարստություն կուտակելու:
Կասե՞ք, ինչի եք հասել Դուք և ձեր համախոհները, պարո՛ն Սարգսյան՝ խափանելով Արցախի հարցի լուծման 1997 թվականի ծրագրերը, որ հավանաբար միակ հնարավոր տարբերակն էր: Խոսքը կուտակած հարստության մասին չէ, իշխանությունը ընտրակեղծարարությամբ 20 տարի պահելու մասին չէ: Այդ ամենն արժեք չունեն (իսկ գուցե ունե՞ն որոշների համար) այն աղետի ու մղձավանջի դիմաց, որում հայտնվել ենք բոլորս:
Ու ամենավերջում՝ Դո՛ւք, պարոն Սարգսյան, ինչո՞ւ եք նախատում 2018 թվականի Հայաստանի «Մերժիր Սերժին» քաղաքացիներին, երբ Դուք, անձամբ Դուք եք 2018‑ի ապրիլի 23-ին գրել. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։ Ճիշտ է, Դուք երեք տարի անց սրբագրեցիք Ձեր խոսքերը, բայց դրանից ի՞նչ օգուտ: Իշխանությունը կորցնելուց հետո ամեն օր եք մի բան սրբագրում: Այսինքն, Դուք մեղավոր չեք և միայն մեղավոր է Նիկոլ Փաշինյան ընտրած ժողովո՞ւրդը: Սա է՞ Ձեր արդարադատությունը:
Թ.Հ. Դովեղ, 23 փետրվար, 2024
Աղբյուրը՝
