Հայաստանի քաղաքացուն հարկադրում են «ընտրություն կատարել» հօգուտ Վորկուտայում կամ Տյումենում աշխատանքի կամ Մոսկվայի շուկաներից մեկում բեռնակիր լինելու «իրավունքի»։
Մուղնի
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել եւ սահմանել, որ ՌԴ պետդումայի ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենալլու սեպտեմբերի 18-ից մինչեւ 20‑ը։

Ուկրաինայի դեմ պատերազմից հետո ՌԴ քանի՞ քաղաքացի է երկրից հեռացել, այդ մարդիկ սեպտեմբերի 18–20‑ը ներառյալ՝ Ռուսաստան մուտք գործելու, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունենալու՞ են։ Կամ Ռուսաստանը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, ԱՊՀ այլ կամ եվրոպական երկրներում, Իսրայելում ընտրական տեղամասե՞ր է բացելու, որպեսզի իր քաղաքացիների սահմանադրական իրավունքը չխախտվի։ Ոչ մի «ինոագենտ» ՌԴ պետդումայի ընտրություններին չի մասնակցելու։
Շատերի նկատմամբ շուտով գործի կդրվի գույքի կալանքի մասին օրերս Պուտինի ստորագրած օրենքը։
Բայց դա Հայաստանի «եռագլուխ» ընդդիմությանը եւ նրա «շոշափուկների» չի հուզում։ Նրանց ընկալումներում, ինչպես Վիսոցկին էր ասում՝ «Ընձուղտը մեծ է, նա ամեն ինչ տեսնում է»։ Այսինքն, Ռուսաստանը գերտերություն է, այնտեղ ժողովրդավարության կարիք չկա, ամեն ինչ տեսնում եւ որոշում է «ցարը»։
Արտառոցը այն է, որ թե «եռագլուխ», թե «շոշափուկային» ընդդիմության կարկառուն դեմքերի զավակները կրթություն են ստանում ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, իրենք բուժման համար մեկնում են Միացյալ Նահանգներ եւ եվրոպական երկրներ, հանգիստ են վայելում եվրոպական առողջարաններում, որդիների եւ դուստրերի համար առանձնատուն են գնում դարձալ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, բայց Հայաստանի քաղաքացուն հարկադրում են «ընտրություն կատարել» հօգուտ Վորկուտայում կամ Տյումենում աշխատանքի կամ Մոսկվայի շուկաներից մեկում բեռնակիր լինելու «իրավունքի»։
Եւ միաձայն աղաղակում են, որ Հայաստանի քաղաքացին պարտավոր չէ ընտրություններից առաջ գոնե վեց ամիս բնակվել հայրենիքում։ «Բա եթե ուսանող է կամ պայմանագրային աշխատո՞ղ»,- հարցնում են։ Քանի՞ հայ երիտասարդ է ՌԴ բուհերում ուսում ստանում, ՀՀ քանի՞ քաղաքացի է Ռուսաստանում պայմանագրային հիմունքներով աշխատում։ Այդ մարդիկ կարող են համապատասխան տեղեկանք ներկայացնել եւ քվեարկության իրավունք ունենալ։

Խնդիրը «ընտրատուրիզմն» է, տասնյակ հազարավոր մարդկանց մեկօրյա «հայրենասիրությունը», որ կարող է հայրենիքի կործանման պատճառ դառնալ։ Պետությունը պարտավոր է կանխել այդ սպառնալիքը, իր քաղաքացուն պաշտպանել այլ պետության ճնշումներից։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
