Միջազգային հանրությունը Հայաստանը կճանաչի ոչ թե որպես ՀԱՊԿ անդամ-Ռուսաստանի սատելիտ, այլ ագրեսիայի ենթարկված սուվերեն պետություն, որ իր սահմանները եւ տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքին չհակասող բոլոր միջոցներով եւ ձեւերով, այդ թվում՝ ռազմական օգնություն ստանալու ձեւով պաշտպանելու սուվերեն իրավունք ունի։
Վահրամ Աթանեսյան
Ռուսաստանը «երկրորդ ճակա՞տ» է պարտադրում
Բեռլինում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը եւ Գերմանիայի միջնորդությամբ բանակցությունները շարունակելու մասին «ձեռք բերված համաձայնությունը գործնական չէ, ավելի պարզ ասած՝ արարողկարգային է եւ նպատակ ունի երկարաձգելու գործընթացը, որ կազմակերպվում է Ռուսաստանի հովանավորությամբ»: Նման կարծիք «Թուրան» գործակալության «Դժվար հարց» հաղորդմանն արտահայտել է Բաքվի Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլին:
Գասիմլին համոզված է, որ Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ «հսկայական ճնշում է գործադրում՝ փորձելով այն վերածել Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական շահերի իրացման ֆորպոստի»: Ադրբեջանցի քաղաքագետի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական շահը թելադրում է, որ Ռուսաստանը Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի միջոցով «պահպանի վերահսկողությունը «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ, այդ պատճառով էլ մշտապես թեժ է պահում հավանական էսկալացիայի թեման»:
Ըստ էության, Բաքվի Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի տնօրենը գրեթե բաց տեքստով ասում է, որ Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ հսկայական ճնշում է գործադրում, որպեսզի վերջինս սահմանային բախումներ սկսի, ինչը թույլ կտա, որ Մոսկվան իբրեւ Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ Ադրբեջանի դաշնակցային գործընկեր միջամտի եւ այդ համատեքստում սահմանապահ զորքերի հսկողության տակ առնի Սյունիքի հարավը:
Նույն օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան չհայտարարեր, որ Մեղրի երթուղու նկատմամբ Ռուսաստանի հսկողությունը տրամաբանական է, քանի որ ռուսական սահմանապահ ուժերն արդեն իսկ գտնվում են այնտեղ, հսկում են Իրանի հետ Հայաստանի սահմանը: Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանին, Ադրբեջանին եւ հայ-ադրբեջանական բանակցությունների արեւմտյան միջնորդներին հղած բաց ազդակ է, որ Ռուսաստանը «Մեղրիի երթուղու» այլ ռեժիմ, քան իր վերահսկողությունն է, իրացնելի չի համարում:
Երբ իրավիճակը գնահատվում է այդ կտրվածքով, ապա, թերեւս, հասկանալի է դառնում նաեւ ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու Հայաստանի որոշման բուն շարժառիթը, ինչի նկատմամբ այնքան սրված է Մոսկվայի վերաբերմունքը: Եթե անգամ Ալիեւը ոչ մի ճնշման էլ չի ենթարկվում, հավանական էսկալացիան համաձայնեցված է, ապա ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումը Հայաստանի համար վերածվում է ոչ միայն դիվանագիտական, այլեւ իրավական ռեսուրսի:
Միջազգային հանրությունն այդ դեպքում Հայաստանը կճանաչի ոչ թե որպես ՀԱՊԿ անդամ-Ռուսաստանի սատելիտ, այլ ագրեսիայի ենթարկված սուվերեն պետություն, որ իր սահմանները եւ տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքին չհակասող բոլոր միջոցներով եւ ձեւերով, այդ թվում՝ ռազմական օգնություն ստանալու ձեւով պաշտպանելու սուվերեն իրավունք ունի:
Լիովին իմաստազրկվում է քարոզչությունը, որ Հայաստանը, հեռանալով ՀԱՊԿ-ից, նպաստում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացվի: Ռուսաստանն արդեն իսկ Մերձդնեստրում լարվածություն է նախապատրաստել եւ, կարծես, շահագրգռված է, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճական էլ սրվի: Այդ սցենարը լիովին ներգրվում է ՌԴ նախագահ Պուտինի ամենամյա Ուղերձի տոնայնությանը: Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին Արեւմուտքի դեմ երկրորդ ճակատ կբացի՞:
Հոդվածը՝ 1in.am կայքից։