Հայաստան

Ի՞նչ Կցանկանա Իրանը

Արդյո՞ք իրանական կողմը բարձրաձայնել է այն միտքը, որ արտահայտել էր դեռեւս նախորդ տարի հոկտեմբերին Հայաստանի ԱԽ քարտուղարի իրանյան այցի ընթացքում: Մասնավորապես, իրանական մեդիան այդ այցի ընթացքում հայտնեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպմանը գեներալ Բաղերին ռեգիոնալ կայունության ապահովման համար հայտնել է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրանյան դիտորդներ տեղակայելու պատրաստակամություն:

Հակոբ Բադալյան

Ի՞նչ է պայմանավորվել Սուրեն Պապիկյանն Իրանում

Մարտի 6-ին պաշտոնական այցով Իրան մեկնած Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հետ: Հանդիպմանը նախարարները խոսել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, քննարկել ռեգիոնալ եւ միջազգային հարցեր: Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել նաեւ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Բաղերիի հետ, քննարկելով երկկողմ հարաբերությունն ու ռեգիոնալ իրավիճակը:

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, Հայաստանի եւ Իրանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում «մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»: Ինչ պայմանավորվածծությունների մասին է խոսքը, հաղորդագրությունը չի մանրամասնում: Դրանք կարող են պարունակել իհարկե տեղեկատվություն, որը ենթակա չէ հանրայնացման՝ հենց երկկողմ շահից ելնելով, միեւնույն ժամանակ դրանք կարող են լինել մանրամասներ, որոնք այդքան էլ էական չեն եւ հանրայնացումը կարող է ցրել այն տպավորությունը, որ թողնում է պայմանավորվածությունների մասին առանց մանրամասների հայտարարությունը:

Թերեւս կասկած չկա մի հարցում, որ Հայաստանի պաշտպանության նախարարի իրանյան այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումներում շոշափելի առկայություն է ունեցել հայ-ֆրանսիական պաշշտպանական գործակցության թեման, ինչպես նաեւ երեւի թե հայտարարությունը, որ Երեւանում արեց Պապիկյանի իրանյան այցի նախօրեին Հայաստան ժամանած Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասը, բարձրաձայնելով Ֆրանսիա, Հունաստան, Հայաստան եւ Հնդկաստան քառակողմ գործակցության հնարավորության մասին: Պաշտպանության նախարարի մակարդակով այդպիսի բարձրաձայնումներ անկասկած չեն արվում պատահական, եւ ըստ ամենայնի Հայաստանի պաշտպանության նախարարն Իրանում անդրադառնալու է այդ թեմային, առնվազն այն պարզ պատճառով, որ պաշտպանական ոլորտում այդօրինակ քառակողմ գործակցության համար իրանյան տարանցումը ըստ էության անփոխարինելի հանգամանք է:

Միեւնույն ժամանակ, դիտարկելով պայմանավորվածությունների հավանական շրջանակը, նախարար Պապիկյանի իրանյան այցի համատեքստում թերեւս ուշադրության է արժանի այն, թե արդյո՞ք իրանական կողմը բարձրաձայնել է այն միտքը, որ արտահայտել էր դեռեւս նախորդ տարի հոկտեմբերին Հայաստանի ԱԽ քարտուղարի իրանյան այցի ընթացքում: Մասնավորապես, իրանական մեդիան այդ այցի ընթացքում հայտնեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպմանը գեներալ Բաղերին ռեգիոնալ կայունության ապահովման համար հայտնել է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրանյան դիտորդներ տեղակայելու պատրաստակամություն: Երեւանն այդ բովանդակությունը չի բարձրաձայնել: Հայաստանի ԱԽ քարտուղարը նախորդ հոկտեմբերին այցելեց Իրան եւ արժանացավ ընդհուպ Իրանի նախագահի ընդունելության, ինչը նշանակում էր, որ այցը ունեցել է բավականին առարկայական քաղաքական բովանդակություն եւ անհրաժեշտություն: Դա ժամանակահատված էր, երբ փաստացի տեղի էր ունեցել Արցախի ամբողջական հայաթափումը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *