Հյուսիս-հարավ տրանսպորտային տրանզիտի ապահովումը, ինչի շուրջ Մոսկվան եւ Բաքուն, կարծես, սկզբունքային համաձայնության են եկել, առաջին հայացքից ընկալվում է որպես Ալիեւի կողմից արված «հակաթուրքական քայլ»:
Վահրամ Աթանեսյան
Բաքուն «տրորու՞մ է Անկարայի ոտքը». թե՞ գործ ունենք թուրք-ադրբեջանական «փոխակերպման» հետ
Ադրբեջանական գրեթե պաշտոնական լրատվամիջոցի մոսկովյան մեկնաբանը հաստատել է տպավորությունը, որ ՌԴ վարչապետ Միշուստինը Բաքու է գործուղվել որպես նախագահ Պուտինի հատուկ բանագնաց, իսկ քննարկումների առանցքում եղել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցը: Ակնհայտ է, եւ դա բաց հայտարարում են ռուսաստանցի պաշտոնյաները, որ Մոսկվան ձգտում է Ադրբեջանի տրանզիտային հնարավորություններն օգտագործելով ձերբազատվել Բոսֆոր-Դարդանելի նեղուցից եւ Սուեզի ջրանցքից կախվածությունից:
Ըստ երեւույթին, ոչ միայն գոյության իրավունք ունի, այլեւ հեռանկարի կանխատեսման կտրվածքով շատ հավանական է փորձագիտական գնահատականը, որ Ռուսաստանը կամ կանխատեսում է Սեւ ծովի ռազմականացում, կամ հենց ինքն է նման սցենար մշակում: Ռուսաստանին օգնել, որ թոթափի Բոսֆոր-Դարդանելի նեղուցից կախվածությունը, շատ որաշակիորեն նշանակում է ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Բոսֆոր-Դարդանելի նեղուցով նավարկությունն, իհարկե, կարգավորվում է միջազգային համաձայնագրով, բայց դա չի շոշափում Թուրքիայի սուվերենությունը:
Այս համատեքստում Հյուսիս-հարավ տրանսպորտային տրանզիտի ապահովումը, ինչի շուրջ Մոսկվան եւ Բաքուն, կարծես, սկզբունքային համաձայնության են եկել, առաջին հայացքից ընկալվում է որպես Ալիեւի կողմից արված «հակաթուրքական քայլ»: Բայց ո՞րն է երաշխիքը, որ Անկարան եւ Բաքուն աշխարհաքաղաքական «դերաբաշխում չեն կատարել»: Իրավիճակն այնպիսին է, որ Թուրքիան տնտեսական առումով մեծապես կախված է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության բարեհաճությունից, իսկ Ադրբեջանն առանց Ռուսաստանի աջակցության չի կարող իրավա-քաղաքական «փաթեթավորման» հասցնել սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմով ձեւավորված ստատուս-քվոն:
Մարտի 7-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին արդեն պաշտոնական նամակով Իլհամ Ալիեւին հրավրել է Շվեյցարիայում գումարվելիք Խաղաղության խորհրդաժողովին եւ Ռուսաստանի հետ կարգավորման սկզբունքների մշակմանը մասնակցելու պահանգ առաջադրել: Այսօր արդեն ծանուցվել է, որ նա մեկնում է Թուրքիա: Դիվանագիտական այս «մարաթոնը» հաջորդում է Ռուսաստանի վարչապետի Բաքու այցին: Զելենսկիմ փորձելու է Էրդողանին համոզել, որ գործի դնի Ալիեւի նկատմամբ ազդեցության լծակնե՞րը, առաջարկելու է Սեւ ծովը «կիսե՞լ»:
Ըստ երեւույթին, Միացյալ Նահանգներում Ուկրաինայի հարցով խորքային քննարկումներ են սկսվել: Նոր նախաձեռնություն է ձեռնարկել Չինաստանը: Նախագահ Ծինփինի հատուկ բանագնացն այցելել է Մոսկվա, ապա՝ եվրոպական երկրներ: Այս ֆոնին հայտնի է դարձել, որ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը թողնում է պաշտոնը: Նուլանդը պետական դեպարտամենտում զբաղվում է Ռուսաստանի, եվրասիական տարածքի հարցերով:
Նա 2021թ. հոկտեմբերի 11-13-ին գտնվել է Մոսկվայում, բանակցություններ վարել փոխարտգործնախարար Ռյաբկովի, արտաքին քաղաքական հարցերով Պուտինի օգնական Ուշակովի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոզակի հետ: Նուլանդի մոսկովյան այցից հինգ ամիս անց Ռուսաստանը ,,հատուկ ռազմական գործողություն,, սկսեց Ուկրաինայում եւ ռուս-ամերիկյան դիվանագիտական շփումներն իջան ամենացածր մակարդակի:
Բայց դա՝ հրապարակային մակարդակում: Իրականում ի՞նչ կապեր ունեն Մոսկվան եւ Վաշինգտոնը՝ ոչ ոք չի բացահայտում, բայց որ որոշակի «կարմիր գծեր չհատելու» պայմանավորվածություններ կան, հասկացվում է Ուկրաինայում հակամարտ կողմերի «մի քայլ՝ առաջ, երկու քայլ՝ ետ» մարտավարությունից: Բաքուն եւ Անկարան, կարծես, նախապատրաստվում են մի իրավիճակի, երբ կայանալիք «մեծ համաձայնությունից» ոչ մեկը կտուժի, ոչ՝ մյուսը: Եւ հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է Հայաստանի ակնկալիքը, ստանալիքը, երբ Արեւմուտքը եւ Ռուսաստանը կհասնեն սկզբունքային համաձայնության: Բոլոր կողմերն, ըստ էության, հասկանում եւ ընդունում են, որ ուկրաինական պատերազմում կապիտուլյացիա չի լինելու:
Հոդվածը՝ 1in.am կայքից։