Հայաստան

Մյունխենի «Դրականը»

Իսկ ինչու՞ հայկական երեսունմեկ գյուղերի տարածքների հարցը «վիճելի է»: Չէ՞ որ դրանք էլ Հայաստանին են պատկանում ՀԽՍՀ վարչատարածքային բաժանմամբ:

Վահրամ Աթանեսյան

Իլհամ Ալիեւը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը գնահատել էր «դրական»: Դրան հաջորդել է արտաքին գործերի նախարարների եւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում, բայց բանակցություններում էական առաջընթաց չկա: Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ հայկական կողմի պնդումը, որ երեսունմեկ գյուղերի տարածքներ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ անվանել է «բացարձակապես անհիմն» քանի դեռ «սահմանազատում չի իրականացվել»:

Ինչ վերաբերում է չորս ադրբեջանական ոչ էքսկլավային գյուղերին՝ Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Գըզըլաղաջալի, ապա «դրանց պատկանելիությունն Ադրբեջանին անվիճելի է եւ պետք է անհապաղ ազատվեն»-ասված է Շահին Մուստաֆաեւի գրասենյակի տարածած հաղորդագրությամբ, որտեղ նաեւ ընդգծվում է, որ «սահմանազատման գործընթացում կլուծվի նաեւ չորս էքսկլավային գյուղերի՝ Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու եւ Քյարքի գյուղերի, որ օկուպացված են Հայաստանի կողմից, ազատման հարցը»:

Ըստ հաղորդագրության՝ հանձնաժողովները ներկայումս «սահմանազատման համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական բազա ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տանում»: Սա, թերեւս, միակ ընդգծումն է, որ համապատասխանում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի տարածած տեղեկատվությանը, ինչի տոնայնությունից, ի դեպ, ակնհայտ էր, որ բանակցությունները, մեղմ ասած, հարթ չեն: Բայց Մուստաֆաեւի գրասենյակի «բացահայտումը» նույնիսկ այդ տպավորությունն է գերազանցում:

Եթե պարզ ձեւակերպենք, ապա Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ չորս ոչ էքսկլավային գյուղերի հարցը պետք է դիտարկել սահմանազատման գործընթացից անջատ՝ որպես տարածքների, որոնց Ադրբեջանին պատկանելիությունն «անվիճելի է»:  Ըստ էության, այս ձեւակերպումից հետեւում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ ամբողջ սահմանը գնահատում է «վիճելի»: Եւ այստեղ հարց է ծագում. ո՞րն է Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Գըզըլաղաջիլար գյուղերի ադրբեջանապատկանության «անվիճելիության» իրավական հիմքը: Խորհրդային Ադրբեջանի վարչա-տարածքային բաժանու՞մը:

Իսկ ինչու՞ հայկական երեսունմեկ գյուղերի տարածքների հարցը «վիճելի է»: Չէ՞ որ դրանք էլ Հայաստանին են պատկանում ՀԽՍՀ վարչատարածքային բաժանմամբ: Եւ սահմանազատման «նորմատիվ-իրավական բազա» ասելիս Ադրբեջանն ի՞նչ է նկատի ունենում, եթե Հայաստանը եւ Ադրբեջանի միջազգային ճանաչում են ստացել, ՄԱԿ-ին անդամակցել որպես նախկին խորհրդային միութենական հանրապետություններ:

Ինչպես պարզ ասված է՝ սահմանազատման գործընթացում Ադրբեջանը բարձրացնելու է նաեւ Քյարքիի հարցը: Սա արդեն զուտ հայ-ադրբեջանական խնդիր չէ, որովհետեւ Նախիջեւանի՝ որպես պրոտեկտորային միավորի, սահմանները որոշված են 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրով, որի համար հիմք է ընդունվել ցարական Ռուսաստանի Գլխավոր շտաբի քարտեզը: Ե՞րբ, ինչպե՞ս, իրավական ի՞նչ հիմքով է Քյարքին կամ այն ընդգրկող տարածքն անցել Նախիջեւանի ԻՀ-ին:

Անշուշտ, բարդ հարցեր են, որոնց կարգավորումը պահանջում է քաղաքական կամք: Չի երեւում, որ Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը «դրական» է եղել, քանի դեռ պաշտոնական Բաքուն հարաբերությունների կարգավորման եւ սահմանազատման է ձգտում մի սկզբունքով. «Կամ գետնի վրա իրավիճակը ֆիքսվում, տարածքային եւ սահմանազատման խնդիրները լուծվում են հաղթող կողմի պայմաններով, կամ կգործի ուժի իրավունքը»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *