Հայաստան

Օրվա Հրամայականը

Արդյո՞ք դա նշանակում է հրաժարում պետական եւ ազգային ինքնության հիմքերից, թե՞ փոփոխություն հասարակական հարաբերություններում, կառավարման մոտեցումներում, էլիտաների վարքագծում, փոփոխություն ինստիտուցիոնալ արդիականացման միջոցով՝ տարբեր ոլորտներում։

Հակոբ Բադալյան

Ինչ փոփոխության հրամայական է Հայաստանի առաջ

Աշխարհում գլոբալ փոփոխություն է եւ պետությունների ու հանրությունների համար շատ կարեւոր է, թե որքանով են ունակ փոխվելու, կարծրացածծ մտածողությունից դուրս գալու, աքսիոմների փոխարեն թեորեմներով առաջնորդվելու: Այդ միտքը մարտի 12-ին հրավիրած ասուլիսում արտահայտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամեն ինչ թերեւս կլիներ անվիճելի, եթե չլիներ մի նրբերանգ: Փաշինյանն այդ միտքը արտահայտել է, խոսելով ոչ թե Հայաստանի ինստիտուցիոնալ արդիականացման, ռեֆորմացիայի հեռանկարների եւ հրամայականների մասին, այլ Անկախության հռրակագրի եւ Սահմանադրության վերաբերյալ իր բացած հայտնի «խոսույթի», բոլորին հայտնի «փաստարկներով»:

Այն, որ աշխարհը փոխվում է, եւ փոխվում են, կամ փոխվելու հրամայականի առաջ են բոլորը, կասկածից վեր է եւ այստեղ չկա նույնիսկ քննարկման հարց: Ժամանակակից աշխարհը՝ տեխնոլոգիական եւ աշխարհաքաղաքական մակարդակներում այնպիսի ժամանակաշրջանում է, այնպիսի դարաշրջանում, որ ճկունություն, անընդհատ փոխվելու ունակություն է պահանջում թե անհատներից, թե հանրություններից ու պետություններից: Բայց, պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում փոփոխություն:

Արդյո՞ք դա նշանակում է հրաժարում պետական եւ ազգային ինքնության հիմքերից, թե՞ փոփոխություն հասարակական հարաբերություններում, կառավարման մոտեցումներում, էլիտաների վարքագծում, փոփոխություն ինստիտուցիոնալ արդիականացման միջոցով՝ տարբեր ոլորտներում: Ներկայիս աշխարհը պահանջում է հենց դա, այլ ոչ թե հրաժարում ինքնությունից: Ավելին, ըստ էության ստեղծվում է վտանգավոր հակադրություն, որ, եթե դեմ չես փոփոխությանը, ապա չես կարող դեմ լինել Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության վերաբերյալ առաջ քաշվող «խոսույթին» ու նարատիվներին, իսկ, եթե դրանց դեմ ես, ապա դեմ ես փոփոխություններին, դեմ ես փոխվելու հրամայականին ու կարողությանը:

Իսկ դա մեր կյանք ներմուծվող հերթական վտանգավոր «դուալիզմն» է, հակադրության ստեղծումով երկու ծայրահեղության իրավիճակ առաջացնելու ու դրա միջոցով կառավարելու ծուղակը: Հայաստանը պետք է փոխի իր ներքին որակները, պետք է փոխվի ներհասարակական մթնոլորտը, քաղաքականության բովանդակությունը, օրակարգը, Հայաստանը պետք է ձեռնմուխ լինի արդյունավետ ինստիտուտների ստեղծման լայն քաղաքականության, Հայաստանը պետք է գտնի իր ներհասարակական եւ ներքաղաքական տարբերությունները ինստիտուցիոնալ մրցակցության հարթություն տեղափոխելու բանաձեւը, եւ այդ ամենի շնորհիվ է, որ Հայաստանը կլինի ժամանակակից աշխարհում այնքան ճկուն, որ կկարողանա իրավիճակից բխող փոփոխության ենթարկել իր վարքագիծն ու ընթացքը՝ միաժամանակ որեւէ կերպ չվնասելով իր պետական եւ ազգային ինքնության հիմքը: Սա է Հայաստանը առաջնորդելու հավակնություն ունեցող որեւէ էլիտայի պարտավորությունը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *