18.5 C
Yerevan

Ռուսնե­րի «Պատժիչ» Գործիքնե­րը

Ռուսաստա­նը, որն արդեն խզել է հարա­բե­րություննե­րը Եվրո­պա­յի հետ, որքանո՞վ կարող է իրեն թույլ տալ զրկվել մնա­ցած հարեւան շուկա­նե­րից։ Հատկա­պես այն պայմաննե­րում, երբ նման տնտե­սա­կան ճնշման արդյունա­վե­տությունը կասկա­ծե­լի է, Հայաստա­նը սովոր է շրջա­փակման մեջ ապրե­լուն։

Կիրիլ Կրի­վո­շեեւ

Ռուսաստա­նը Հայաստա­նին «պատժե­լու» սահմա­նա­փակ լծակներ ունի

Ներկա­յացնում ենք քաղա­քա­գետ Կիրիլ Կրի­վո­շեեի Еще один разрыв. Как Россия может наказать Армению за разворот на Запад հոդվա­ծի հայե­րեն թարգմա­նությունը:

Այն վեց տարի­նե­րի ընթացքում, որ Նիկոլ Փաշինյա­նը ղեկա­վա­րում է Հայաստա­նը, մեկ անգամ չէ, որ խոսք է գնա­ցել Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի արմա­տա­կան վերա­նայման մասին։ Եվ ամեն անգամ Մոսկվան կարող էր առարկել, որ երկրնե­րի միջեւ ապրանքաշրջա­նա­ռությունը կայուն է, ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցությունը շարունակվում է, եւ նույնիսկ ղարա­բաղյան կարգա­վորման հարցում Ռուսաստա­նը փորձում է գոնե մեղմել իր ֆորմալ դաշնակցի ճակա­տա­գի­րը։

Սակայն այս բոլոր հակա­փաստարկներն աշխա­տում էին մինչեւ 2023 թվա­կա­նի աշունը։ Այժմ, երբ հայե­րը վերջնա­կա­նա­պես կորցրե­ցին Ղարա­բա­ղը, նրանք այլեւս չեն մտա­ծում, թե արդյո՞ք պետք է հույս դնել Ռուսաստա­նի վրա՝ որպես իրենց հիմնա­կան դաշնակցի։ Ինտրիգն այլ է. ինչպե՞ս կարող է Կրեմլը պատժել Հայաստա­նին արտա­քին քաղա­քա­կան շրջա­դարձի համար:

Կուտակված էֆեկտը

Այն, որ Մոսկվա­յի եւ Երեւա­նի հարա­բե­րություննե­րը կայծեր են տալիս, վաղուց նորություն չէ։ Կտրուկ ժեստեր, որոնք ստի­պում էին անհանգստա­նալ ոչ միայն Ռուսաստա­նի ԱԳՆ-ին, այլեւ ուժա­յիննե­րին, նախկի­նում էլ կային․օրինակ՝ ՀԱՊԿ նախկին գլխա­վոր քարտուղար Յուրի Խաչա­տուրո­վի եւ նախկին նախա­գահ Քոչարյա­նի դեմ դեռեւս 2018 թվա­կա­նին հարուցված քրեա­կան գործե­րը կամ Փաշինյա­նի խոստո­վա­նությունը, որ Ռուսաստա­նի կողմից տրա­մադրված «Իսկանդեր» հրթիռնե­րը «չեն կրա­կել կամ կրա­կել են 10%-ով»:

Սակայն վերջին ամիսնե­րին այդ հայտա­րա­րություննե­րը կարծրա­ցել են։ Երբ Հայաստա­նի ղեկա­վա­րությունը մի քանի շաբաթվա ընթացքում հայտա­րա­րում է ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման, ԵՄ-ին անդա­մակցե­լու ցանկության եւ Երեւա­նի «Զվարթնոց» օդա­նա­վա­կա­յա­նից ռուս սահմա­նա­պահնե­րի դուրսբերման մասին, պարզ է դառնում, որ նախկին հարա­բե­րություննե­րի վերա­նա­յումը հռե­տո­րա­բա­նություն չէ, այլ իրա­կա­նություն։

Նախկի­նում Հայաստա­նի իշխա­նություննե­րի հայտա­րա­րություններն այն մասին, թե Ռուսաստա­նը չի կատա­րում իր դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րը, ավե­լի շուտ բողոքներ էին եւ միշտ վերա­պա­հում էին պարունա­կում նախկին ձեւա­չա­փին վերա­դառնա­լու պատրաստա­կա­մության վերա­բերյալ։ Օրի­նակ՝ դեռ 2023 թվա­կա­նի գարնա­նը Փաշինյա­նը չէր բացա­ռում, որ կարող է ՀԱՊԿ առա­քե­լություն տեղա­կա­յել հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին, եթե այդ կազմա­կերպությունը «սահմա­նի իր պատասխա­նատվության գոտին Հայաստա­նում եւ Հարա­վա­յին Կովկա­սում»։

Իսկ այժմ մենք գործ ունենք արդյունքի հետ. Երեւա­նը մեկուկես տարի անտե­սում է ՀԱՊԿ‑ի միջո­ցա­ռումնե­րը, իսկ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ «սառեցրել է» Հայաստա­նի մասնակցությունը այդ կազմա­կերպությա­նը։

Այնուհե­տեւ հանդես եկավ Հայաստա­նի Անվտանգության խորհրդի քարտուղա­րը՝ «ռազմա­վա­րա­կան սխալ» անվա­նե­լով անկա­խության սկզբից Մոսկվա­յի վրա հույս դնե­լը։ Իսկ մարտի 6‑ին Հայաստա­նը պաշտո­նա­պես ծանուցեց Մոսկվա­յին Երեւա­նի օդա­նա­վա­կա­յա­նում ռուս սահմա­նա­պահնե­րի աշխա­տանքի դադա­րեցման մասին։ Իրա­վի­ճա­կը կարող է ամբողջացնել Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկու այցը Երեւան, որը, ըստ ամե­նայնի, պատրաստվում էր առա­ջի­կա օրե­րին, սակայն տապալվեց։

Այս ամենն արդեն սոսկ դժգո­հություններ ու բողոքներ չեն, այլ շոշա­փե­լի բաներ են։ Հայկա­կան քաղա­քա­կա­նության առաջնա­հերթություննե­րը փոխվել են, եւ դրա նոր ուրվագծերն արդեն գծված են։ Մոսկվա­յի հետ Երեւա­նի ռազմա­վա­րա­կան գործընկե­րությունն ավարտվել է։ Իհարկե, Գյումրիի ռազմա­բա­զան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, առայժմ ոչ մի տեղ չի անհե­տա­նա, բայց նույնիսկ Երեւա­նի օդա­նա­վա­կա­յա­նից սահմա­նա­պահնե­րի դուրսբե­րումը Հայաստա­նը բոլո­րո­վին այլ կդարձնի։ Իսկ Ղարա­բա­ղում ռուս խաղա­ղա­պահնե­րի օրի­նա­կը վկա­յում է. մի քանի հազար զինվո­րա­կաններ քաղա­քա­կան գործոն չեն լինի, եթե մնա­ցած բոլոր պայմաննե­րը նրանց դեմ լինեն։

Երկիր երկու լեռնանցքնե­րի հետեւում

Ռուսաստա­նի հետ իր խզումը Հայաստա­նը ստիպված է իրա­կա­նացնել՝ հնա­րա­վոր հետեւանքներ հաշվի առնե­լով։ «Ինչպե՞ս կարող են մեզ պատժել» հարցն օդում է, սակայն Հայաստա­նում երկար ամիսներ մտա­ծե­լուց հետո այն եզրա­կա­ցության եկան, որ ամե­նա­վատն արդեն կատարվել է։ Երեւա­նի կարծի­քով, Հայաստանն արդեն վճա­րել է, եւ այդ գինը Ղարա­բաղն էր։ Նման դիրքո­րո­շումը կարող է միա­միտ թվալ երեք միլիո­նա­նոց փոքրիկ երկրի համար, որը մեծա­պես կախված է ռուսա­կան ներմուծումից: Սակայն իրա­կա­նում Ռուսաստա­նը Հայաստա­նին պատժե­լու շատ միջոցներ չունի, եւ դրանցից ոչ մեկն առանձնա­պես արդյունա­վետ չի թվում։

Սկսենք վատա­գույնից՝ իշխա­նա­փո­խություն ընդդի­մա­դիր ուժե­րի ու տարա­տե­սակ ռազմա­կա­նացված կազմա­կերպություննե­րի օգնությամբ։ Հայաստա­նում իսկա­պես շատ են Ղարա­բաղյան երկու պատե­րազմնե­րի վետե­րաննե­րը, ովքեր ատում են Փաշինյա­նին, ու հիմա նրանց ավե­լա­ցել է 100 հազար փախստա­կան։ Սակայն վերջին տարի­նե­րի ենթադրություննե­րը, որ ղարա­բաղցի­նե­րը կգան Երեւան եւ հեղա­փո­խություն կսկսեն, գործնա­կա­նում բազմիցս ցույց են տվել իրենց անկենսունա­կությունը։

Բողո­քի ակցիա­ներ իսկա­պես եղան, սակայն նույնիսկ ամե­նաէ­մո­ցիո­նալ պահե­րին դրանք շատ փոքրա­թիվ էին եւ ուղղված ոչ միայն Փաշինյա­նի, այլեւ Արցա­խի Հանրա­պե­տության նախկին իշխա­նություննե­րի, միջազգա­յին կազմա­կերպություննե­րի եւ նույնիսկ Ռուսաստա­նի դեմ։ Հայաստա­նում վաղուց գործում է տելեգրամյան ալիքնե­րի ցանց, որտեղ խոսում են Արեւմուտքի կեղծա­վո­րության մասին եւ տեղադրում հատվածներ Սոլովյո­վի հեռուստա­շոուից, բայց դրանք առանձնա­պես ընդունված չեն ժողովրդի կողմից եւ դժվար թե լինեն։

Եթե նույնիսկ պատկե­րացնել, որ երկրում կրկին արտա­հերթ ընտրություններ են հայտա­րարվե­լու, ապա Ղարա­բա­ղից փախստա­կաննե­րը չեն կարո­ղա­նա քվեարկել։ Նրանց անձնագրե­րը միայն արտաքնա­պես չեն տարբերվում սովո­րա­կան հայկա­կա­նից, սակայն Հայաստա­նը ճանա­չում է դրանք միայն որպես ուղեւո­րա­կան փաստաթղթեր, իսկ տերե­րին՝ ոչ քաղա­քա­ցի­ներ, որոնք պետք է անցնեն հայրե­նա­դարձության ընթա­ցա­կարգը։

Այլ խոսքով, Հայաստա­նում Փաշինյա­նին քննա­դա­տողնե­րը քիչ չեն, բայց նրանք, ովքեր միա­ժա­մա­նակ երկրպա­գում են Մարգա­րի­տա Սիմոնյա­նին ու Մարիա Զախա­րո­վա­յին, բացարձակ փոքրա­մասնություն են։ Այդ թվում՝ զինվո­րա­կաննե­րի շրջա­նում, ինչը գրե­թե անհնա­րին է դարձնում ռազմա­կան հեղաշրջումը։ Նման փորձ արվել էր 2020 թվա­կա­նի պատե­րազմից անմի­ջա­պես հետո, բայց այն չավարտվեց ոչնչով։

Դավադրության տեսությունը, թե Ռուսաստա­նը կարող է պատժել Հայաստա­նին Ադրբե­ջա­նի ձեռքով, նույնպես չի քննա­դա­տությա­նը դիմա­նում։ Բաքվի բոլոր գործո­ղություննե­րը վերջին մի քանի տարի­նե­րի ընթացքում ապա­ցուցում են, որ նրանք չեն հետեւում Մոսկվա­յին, հատկա­պես՝ սկզբունքա­յին հարցե­րում։ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ նոր պատե­րազմ լինել-չլի­նե­լու հարցը դեռ բաց է, բայց այն Բաքվի, այլ ոչ թե Մոսկվա­յի որո­շե­լիքն է:

Հաճախ կարե­լի է լսել կարծիքներ, որ Հայաստա­նը տնտե­սա­կան ճնշման կենթարկվի. երկի­րը ստա­նում է ռուսա­կան գազ, էլեկտրա­ցանցե­րը վերահսկվում են ռուսա­կան անձնագրով օլի­գարխի ընկե­րության կողմից, երկա­թուղի­նե­րը պատկա­նում են «Ռուսա­կան երկա­թուղի­նե­րին», ԵԱՏՄ-ում անդա­մության շնորհիվ խանութնե­րը լի են ռուսա­կան ապրանքնե­րով։ Բայց հարցն այն է, թե Ռուսաստա­նը, որն արդեն խզել է հարա­բե­րություննե­րը Եվրո­պա­յի հետ, որքանո՞վ կարող է իրեն թույլ տալ զրկվել մնա­ցած հարեւան շուկա­նե­րից։ Հատկա­պես այն պայմաննե­րում, երբ նման տնտե­սա­կան ճնշման արդյունա­վե­տությունը կասկա­ծե­լի է, Հայաստա­նը սովոր է շրջա­փակման մեջ ապրե­լուն։

Ըստ էության, Ռուսաստա­նը տնտե­սա­կան ճնշում արդեն գործադրում է։ Երկու երկրնե­րը կապող «Վերին Լարս» անցա­կե­տի միջո­ցով գլխա­վոր ճանա­պարհը պարբե­րա­բար փակվում է, եւ ռուս մաքսա­վորնե­րը լրա­ցուցիչ դժվա­րություններ են ստեղծում։ Սակայն նման ճնշմա­նը Հայաստանն հաստատ կդի­մա­նա, ինչպես դիմա­ցավ մեկուկես տարով «Վերին Լարսի» ամբողջա­կան փակմա­նը ռուս-վրա­ցա­կան պատե­րազմից հետո։

Մոլդո­վա­կան մոդել

Այնուա­մե­նայնիվ, չնա­յած բոլոր խնդիրնե­րին, դժվար է պատկե­րացնել, որ Հայաստա­նի եւ Ռուսաստա­նի հարա­բե­րություննե­րը կարող են սառչել մինչեւ, օրի­նակ, այն մակարդա­կը, որը կա Վրաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում։ Երկրնե­րի միջեւ տարածքա­յին հակա­մարտություն չկա, հայ հասա­րա­կության մեջ շատ են ռուսա­մետ հայացքներ ունե­ցող մարդիկ, երկրում լայնո­րեն տարածված են ռուսաց լեզուն եւ ռուսա­կան լրատվա­մի­ջոցնե­րը։ Հետեւա­բար, Մոլդո­վան ավե­լի տեղին անա­լո­գիա է թվում:

Համե­րաշխություն հայտնե­լով Վրաստա­նին եւ Ուկրաի­նա­յին՝ Մոլդո­վան հասկա­նում է իր դիրքի առա­վե­լությունը. Ռուսաստա­նի հետ նրա անմի­ջա­կան բախումը հավա­նա­կան սցե­նար չի թվում՝ չնա­յած Դնեստրում իրա­վի­ճա­կի անկա­յունությա­նը։ Եվ քանի որ գոյա­բա­նա­կան ընտրություն կատա­րե­լու կարիք չկա, ուրեմն, կարե­լի է ավե­լի քիչ ուղղա­հա­յաց հարա­բե­րություններ կառուցել։ Մինչեւ վերջերս Մոլդո­վան բավա­կա­նին մեծ ապրանքաշրջա­նա­ռություն ուներ Ռուսաստա­նի հետ, եւ ներկա­յիս անկումը ոչ այնքան քաղա­քա­կան որո­շում էր, որքան լոգիստիկ շղթա­նե­րի խզման հետեւանք։ ԱՊՀ-ում Մոլդո­վա­յի մասնակցության հարցը նույնպես ծագեց բոլո­րո­վին վերջերս, մինչ այդ ոչ ոք առանձնա­պես անհանգստա­ցած չէր նրա ներկա­յությամբ հետխորհրդա­յին ակումբում:

Հայաստա­նի ապա­գան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, նույնն է լինե­լու։ Ռուսաստա­նի հետ առեւտուրը կշա­րունակվի եւ նույնիսկ կաճի այնքա­նով, որքա­նով թույլ է տալիս «Վերին Լարսի» թողունա­կությունը։ Մարդիկ կմեկնեն Մոսկվա՝ աշխա­տե­լու, քանի դեռ ռուբլու փոխարժե­քը նման ուղեւո­րություննե­րը անշա­հա­վետ չի դարձնի։ Հինգ հազար զինծա­ռա­յո­ղի համար նախա­տեսված ռուսա­կան ռազմա­կա­յա­նը կարող է գոյա­տեւել համա­պա­տասխան պայմա­նագրով նախա­տեսված ողջ ժամա­նա­կա­հատվա­ծը մինչեւ 2044 թվա­կա­նը, բայց ավե­լի շուտ որպես անցյալ դարաշրջա­նի մասունք՝ ինչպես Մերձդնեստրում ռուսա­կան զորքե­րի խումբը։

Այստեղ ամե­նա­կա­րեւոր խնդի­րը լինե­լու է Հայաստա­նի անվտանգության նոր գործընկերնե­րի՝ առա­ջին հերթին Թուրքիա­յի պատմա­կան հակա­ռա­կորդ Ֆրանսիա­յի եւ Հունաստա­նի արդյունա­վե­տությունը։ Դրա պատասխա­նը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, հայե­րի համար այնքան էլ հուսադրող չի լինի. նոր գործընկերնե­րը հաճույքով կմա­տա­կա­րա­րեն զենք, բայց Ադրբե­ջա­նի հետ նոր պատե­րազմի դեպքում նրանք հանդես կգան որպես Հայաստա­նի փաստա­բաններ, այլ ոչ թե ռազմա­կան դաշնա­կիցներ:

Լուսանկա­րը‘ ՀՀ ՊՆ

Դա շատ ավե­լի քիչ է, քան Թուրքիան արել է Ադրբե­ջա­նի համար, ՆԱՏՕ‑ն՝ Ուկրաի­նա­յի, սակայն միեւնույն է ավե­լին է, քան Ռուսաստա­նը արել է Հայաստա­նի համար 2020 թվա­կա­նից ի վեր։ «Հայաստա­նը երբեք ռազմա­կան միջամտություն չէր սպա­սում ՀԱՊԿ-ից… Առա­ջին հերթին մենք քաղա­քա­կան դիրքո­րո­շում էինք ակնկա­լում»,- ասել է Փաշինյա­նը վերջերս։ Եվ նման աջակցություն Երեւանն անպայման կստա­նա։ Այնպես որ, եթե Հայաստա­նի նպա­տա­կը ուշադրությունն է արեւմտյան հարթակնե­րում, ապա Ֆրանսիան եւ Հունաստա­նը դա հաստատ ավե­լի լավ կապա­հո­վեն, քան Մոսկվան։

Հայաստա­նի իրա­վի­ճա­կը նման չէ հետխորհրդա­յին շատ այլ երկրնե­րին։ Նրա անվտանգությա­նը սպառնա­ցող հիմնա­կան սպառնա­լի­քը ոչ թե Ռուսաստանն է, որի հետ ընդհա­նուր սահման չկա, այլ Ադրբե­ջա­նը։ Իսկ Երեւա­նին դաշնա­կիցներ են պետք առա­ջին հերթին Բաքվին զսպե­լու համար։ Ռուսաստա­նը գործնա­կա­նում արդեն ցույց է տվել, որ չի պատրաստվում դա անել։ Իսկ Եվրո­պան կարող է անել դա շատ ավե­լի լավ։ Եթե ինչ-որ բան Ադրբե­ջա­նին հետ կպա­հի հետա­գա կտրուկ քայլե­րից, դա կլի­նի նրա դժկա­մությունը՝ խնդիրներ ստեղծել իր էներգա­կիրնե­րի արտա­հանման համար դեպի ԵՄ, եւ վախը, որ նա կհայտնվի Պուտի­նի եւ Լուկա­շենկո­յի հետ նույն ճամբա­րում:

Թարգմա­նությունը՝ Մարթա Սեմյո­նո­վա­յի

Այս հոդվա­ծը թարգմանվել եւ հրա­պա­րակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվա­ծում արտա­հայտված մտքե­րը պարտա­դիր չէ, որ արտա­ցո­լեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիա­մաքսի տեսա­կետնե­րը:

Հոդվա­ծը՝ mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ