Հայաստան

Ադրբեջանական Արգելքները

Եթե առկա է հայ-ադրբեջանական կարգավորման հնարավորություն՝ ինչպես Ղազախստանի նախագահ Տոկաեւի հետ բանակցություններում «հույս է հայտնել» Իլհամ Ալիեւը, ապա Ադրբեջանն ինչու՞ է երկարաձգել «հատուկ կարանտինային ռեժիմը»: Վրաստանի վարչապետն ինչու՞ հատկապես այս փուլում է ցանկալի տեսնում Ադրբեջանի կողմից ցամաքային սահմանի բացումը։

Վահրամ Աթանեսյան

Ադրբեջանը շարունակում է «խցանած պահել» Հարավային Կովկասի հաղորդուղիները. ի՞նչ է ակնկալում Բաքուն

Ադրբեջանի վարչապետի որոշմամբ երկրում այսպես կոչված «հատուկ կարանտինային ռեժիմը» երկարաձգվել է մինչեւ սույն թվականի հունիսի 1-ը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները հարեւան երկրների հետ կմնան փակ առնվազն սահմանված ժամկետով: «Հատուկ կարանտինային ռեժիմ» Բաքուն սահմանել է 2020 թվականի հունվարից եւ պարբերաբար երկարաձգում է նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թագավարակի վտանգն անցած լինելու մասին պաշտոնական հայտարարությունից հետո:

Ուշագրավ է, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն նույն օրը խոսել է Ադրբեջանի կողմից սահմանը բացելու նպատակահարմարությունից եւ նշել, որ դա կնպաստի երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը, կազատականացնի մարդկանց եւ ապրանքների երկկողմ տեղաշարժը: Դրան զուգահեռ՝ Վրաստանի վարչապետն առանձին հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել է տարածաշրջանի իրավիճակը, խաղաղություն եւ կայունություն հաստատելու հեռանկարը:

Հայտնի է դարձել, որ մարտի 15-ին Բաքվում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Վրաց-թուրք-ադրբեջանական եռակողմ ձեւաչափով հանդիպումներն ավանդական են, բայց այս փուլում Հարավային Կովկասի շուրջ հետաքրքրությունները չափազանց սրված եւ ակնհայտ մրցակցային են: Այդ հանդիպումը հաջորդում է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի ամերիկյան այցին, որի ընթացքում նա ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորումը: Ի՞նչ ընդհանուր մոտեցումների են հանգել նրանք, հանգե՞լ են արդյոք՝ պարզ չէ: Ուշագրավ է, որ Վրաստանի վարչապետի որոշմամբ փոխվել է Ռուսաստանի հետ գլխավոր բանագնացը, բայց Թբիլիսին վստահեցնում է, որ քննարկվելիք խնդիրները չեն փոխվել:

Եթե առկա է հայ-ադրբեջանական կարգավորման հնարավորություն՝ ինչպես Ղազախստանի նախագահ Տոկաեւի հետ բանակցություններում «հույս է հայտնել» Իլհամ Ալիեւը, ապա Ադրբեջանն ինչու՞ է երկարաձգել «հատուկ կարանտինային ռեժիմը»: Վրաստանի վարչապետն ինչու՞ հատկապես այս փուլում է ցանկալի տեսնում Ադրբեջանի կողմից ցամաքային սահմանի բացումը:

Ըստ էության, պարզ է, որ տեսանելի ապագայում Ղազախ-Իջեւան հատվածում հայ-ադրբեջանական «սահմանազատում» է իրականացվելու: Դա վրաց-ադրբեջանական ցամաքային սահմանին անմիջական հարող հատված է, որտեղով անցնում է Հայաստանը Վրաստանին եւ Ռուսաստանին կապող ավտոմայրուղին: Ցամաքային սահմանը փակ պահելու Ադրբեջանի որոշումն ազդակ չէ՞, որ Բաքուն հակված չէ տարածաշրջանային կոմունիկացիոն- լոգիստիկ կապերի գոնե հռչակագրային ազատականացմանը: Ռազմվարական ի՞նչ ակնկալիքներ ունի Բաքուն:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *