Հայաստան

Էրդողանի Ծրագիրը Չի Նահանջում

Այս համատեքստում Պուտինին ի՞նչ է առաջարկում կամ առաջարկելու էրդողանը, եթե Ռուսաստանի նախագահի այցն առաջիկա ապրիլին իրոք կայանա: Շվեյցարիայի Խաղաղության համաժողովին այլընտրա՞նք: Իսկ ի՞նչ պլատֆորմով, եթե Թուրքիան սատարում է Ուկրինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, իսկ Մոսկվան Անվտանգության խորհրդի փոխնախագահի մակարդակով հայտարարում է, որ «Ուկրաինան, իհարկե, Ռուսաստան է»։

Վահրամ Աթանեսյան

Էրդողանը «թուրքական աշխարհ» նախագիծը չի զիջում. Հայաստանի փորձությունն այստեղ է

Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղական ընտրությունների քարոզարշավի հանրահավաքում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման սկզբունքներն առանց Ռուսաստանի մասնակցության չի հաջողվի համաձայնեցնել: Նա կրկնել է, որ Թուրքիան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: Փաստացի Էրդողանը հասկացրել է, որ Թուրքիան չի ներգրավվի Շվեյցարիայում ենթադրաբար այս տարի կայանալիք Խաղաղության խորհրդաժողովի նախապատրաստմանը:

Մինչ այդ ռուս-ուկրաինական կարգավորման սկզբունքների իմպլեմենտացիային մասնակցելու առաջարկություն Ուկրաինայի նախագահն արել էր Իլհամ Ալիեւին: Ըստ երեւույթին, Թուրքիայի պահպանողական կեցվածքը Բաքվի հետ համաձայնեցված է, եւ Էրդողանը շատ որոշակիորեն Ադրբեջանին ապահովագրում է Արեւմուտքի հավանական ազդեցությունից: Բայց դա, երեւի, միայն մարտավարական քայլ է: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնից նոր է վերադարձել, որտեղ, երեւում է, նրան չի հաջողվել «թուրքական աշխարհ» նախագիծը «դնել աճուրդի»:

Բլինքեն-Ֆիդան բանակցությունների ավարտին պետդեպարտամենտի խոսնակը ձեւակերպել է, որ քննարկվել են նաեւ «Կենտրոնական Ասիայում համագործակցության հետ կապված հարցեր»: Իսկ Թուրքիային որքանո՞վ է ձեռնտու այդ «համագործակցությունը»: Այսինքն, Անկարան պատրա՞ստ է Կենտրոնական Ասիայում, որ պատմական Թուրքեստանն է, գործել Միացյալ Նահանգների կողմից սահմանվող շրջանակներում եւ խաղի կանոններով:

Նույն հանրահավաքում Էրդողանը հայտարարել է, որ տեղական ընտրություններից հետո սպասում է Ռուսաստանի նախագահ Պուտինին եւ կրկին հիշեցրել, որ ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ առաջինը Թուրքիան է տրամադրել, այժմ էլ պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի մասնակցությամբ գագաթնաժողով: Թուրքիայի նախագահը գերազանց գիտի, որ Ուկրաինայի հարցով այս փուլում Արեւմուտք-Ուկրաինա-Ռուսաստան ձեւաչափով գագաթնաժողով անհնար է կազմակերպել:

Այս համատեքստում Պուտինին ի՞նչ է առաջարկում կամ առաջարկելու էրդողանը, եթե Ռուսաստանի նախագահի այցն առաջիկա ապրիլին իրոք կայանա: Շվեյցարիայի Խաղաղության համաժողովին այլընտրա՞նք: Իսկ ի՞նչ պլատֆորմով, եթե Թուրքիան սատարում է Ուկրինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, իսկ Մոսկվան Անվտանգության խորհրդի փոխնախագահի մակարդակով հայտարարում է, որ «Ուկրաինան, իհարկե, Ռուսաստան է»: Այդ նշաձողն, իհարկե, Պուտինը կարող է իջեցնել, բայց միայն այնքան, որ առնվազն Ղրիմը, Դոնբասը եւ ներկայումս ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքները Նովոռուսիա են:

Թուրքիան կընդունի՞ «կարգավորման» այդ պլատֆորմը: Թուրքիան եւ Ռուսաստանն այդ հիմքով կամ այլ փոխընդունելի տարբերակով համաձայնությունն իրացնելու ռեսուրս ունե՞ն, թե՞ Էրդողանը Վաշինգտոնից ինչ-որ ազդակ է ստացել, որ միայն ինքը կարող է փոխանցել Ռուսաստանի նախագահին: Politoco-ն, հղելով դիվանագիտական աղբյուրների, գրում է, որ մարտի 15-ին Բեռլինում կբանակցեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Շոլցը, ապա նրանց կմիանա Լեհաստնի վարչապետ Տուսկը: Հայտնի է, որ քննարկման թեման Ուկրաինան է:

Գուցե զուգադիպություն է, բայց՝ փաստ, որ նույն օրը Բաքվում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Մինչ այդ Բաքու է այցելել Ղազախստանի նախագահ Տոկաեւը, որ եղել է նաեւ Ֆիզուլիում եւ Շուշիում: Այս ֆոնին Հայաստանի վարչապետի մամուլի ասուլիսն արդյոք ենթադրվող զարգացումներից անմասն չմնալու հա՞յտ չէր: Բայց չափազանց էական է նկատի ունենալ, որ Էրդողանը, կարծես, իր քաղաքական կրեդո՝ «թուրքական աշխարհ» նախագիծը ոչ Արեւմուտքին, ոչ Ռուսաստանին զիջելու մտադրություն չունի, բայց շահերի համադրման, երեւի, կգնա: Հայաստանի փորձությունն, ըստ երեւույթին, այստեղ է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *