«Ուկրաինական կարգավորման մեդվեդեւյան ծրագիրն» ուշագրավ է նաեւ նրանով, որ մի շարք կետեր գրեթե մեկը՝ մեկին հակընկնում են այն քայլերին, որ անցած սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրել է Արցախում։
Վահրամ Աթանեսյան
Մեդվեդեւի «խաղաղության ծրագիրը» եւ Արցախի հայաթափումը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որ ժամանակին քաղաքական չափավոր լիբերալ գործչի համարում ուներ, X (նախկին Թվիթեր) սոցհարթակի անձնական միկրոբլոգում բավական ծավալուն գրառում է կատարել եւ ներկայացրել ռուս-ուկրաինական հակաամրտության «կարգավորման» իր տեսլականը:
Մեդվեդեւը բելետրիստ չէ, ոչ էլ՝ Վոլֆ Մեսինգ, որպեսզի իրեն թույլ տա աշխարհաքաղաքական ուտոպիաներ կամ պայծառատեսություններ հեղինակել: Նա պետական բարձրաստիճան պաշտոնյա է, դե-ֆակտո՝ ՌԴ փոխնախագահ առնվազն անվտանգային եւ արտաքին քաղաքական կոնցեպտուալ հարցերում տեսակետ հնչեցնելու առումով: Իսկ ի՞նչ է ասում նա, ի՞նչ քաղաքական պլատֆորմի վրա է տեսնում կաչգավորումը:
Եթե փորձենք ամփոփ ներկայացնել, ապա Մեդվեդեւը հակամարտության կարգավորումը տեսնում է հետեւյալ քայլերի իրականացմամբ. ներկայիս ուկրաինական իշխանությունը ստորագրում է անվերապահ կապիտուլյացիայի ակտ, իրականացնում համապարփակ զորացրում, որից հետո հայտարարում, որ իշխանության սահմանադրական բոլոր մարմինները լուծարվում են: Երկրորդ փուլում ՄԱԿ-ի հսկողության ներքո, իահարկե՝ ռուսական զորքերի ներկայությամբ, տեղի են ունենում ժամանակավոր խորհրդարանի ընտրություններ:
Վերջինիս անելիքն, ըստ Մեդվեդեւի, մեկն է՝ հայտարարել, որ Ուկրաինան որպես պետություն դադարում է, իսկ նրա ամբողջ տարածքը՝ միավորվում Ռուսաստանին: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն այնուհետեւ մեծահագություն եւ միջազգային իրավունքի նկատմամբ ընդգծավծ հարգանք է դրսեւորում եւ ամփոփում, որ ուկրաինական ժամանակավոր խորհրդարանի հայտարարությունը եւ նրա ինքնալուծարումը լեգիտիմություն են ստանում ՄԱԿ-ի կողմից ճանաչվելուց հետո:
Թե ինչպես է ՄԱԿ-ը, որի անդամ պետությունները գրեթե միաձայն դատապարտել են Ուկրաինայի տարածք Ռուսաստանի զինված ներխուժումը, ճանաչելու Ուկրաինայի «ինքնալուծարումը եւ կամավոր միավորումը» Ռուսաստանին կամ ով եւ ինչպես է ժամանակավոր խորհրդարան ընտրելու՝ Ուկրաինայի քաղաքացինե՞րը, թե՞ ՌԴ ԶՈՒ-ի զինծառահողները՝ այս պահին այնքան էլ կարեւոր չեն:
«Ուկրաինական կարգավորման մեդվեդեւյան ծրագիրն» ուշագրավ է նաեւ նրանով, որ մի շարք կետեր գրեթե մեկը՝ մեկին հակընկնում են այն քայլերին, որ անցած սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրել է Արցախում՝ ահաբեկչական մեկօրյա պատերազմ, կապիտուլյացիա, իշխանության սահմանադրական մարմինների լուծարում, տարածքի ամբողջական անեքսիա եւ «միավորում մայր-Ադրբեջանին»: Միակ տարբերությունն այն է, որ Մեդվեդեւը չի հայտարարում, թե ուկրաինական պետության լուծարումից հետո էթնիկ ուկրաինացիները կարող են կամ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել, կամ՝ հեռանալ:
Իհարկե, բացառված չէ, որ Մեդվեդեւի «վերջնագիրը» մարտավարական քայլ է, որով Ռուսաստանը պատերազմը բորբոքելու ազդակ է հղում Ուկրաինային եւ նրա արեւմտյան դաշնակիցներին: Ի՞նչ լուծում է գտնվելու Ուկրաինայում՝ միջազգային քաղաքականության ազդեցիկ դերակատարների որոշելիքն է: Եւ, այնուամենայնիվ, Մեդվեդեւի «ուկրաինական կարգավորման ծրագրի» եւ անցած սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ահաբեկչական պատերազմի գրեթե նույնականությունը չափազանց ծանր նստվածք է թողնում: Բոլոր, այդ թվում առաջին հերթին՝ Հայաստանի ապագայի հանդեպ խոր անհանգստության առումով:
Հոդվածը՝ 1in.am կայքից։