Խաղաղությունը հավասարակշռությունն է, ցանկացած առումով, այլ ոչ թե կողմերից մեկի ռազմա-քաղաքական զրոյացումը։
Հակոբ Բադալյան
Խաղաղությունը մոտենու՞մ է, թե՞ խեղվում
Հայաստանը պետք է բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ զինանշանի վրայից հանի Արարատի պատկերը, Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքալեզու պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը: Նա մասնակցել է Բաքվում տեղի ունեցած միջազգային ֆորումին: Նույն այդ ֆորումի ընթացքում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւը, հայտարարելով, թե Հայաստանի հետ խաղաղությունը մոտ է առավել քան երբեւէ:
Ալիեւի եւ Յըլդըրըմի հայտարարությունները մեղմ ասած հակոտնյա են միմյանց: Որովհետեւ, եթե խաղաղությունը մոտ է, ապա ի՞նչ են նշանակում Յըլդըրըմի հայտարարությունները, բայց, եթե դրանք են խաղաղությունը եւ դրանք խաղաղություն են, ապա խոսքն արդեն ոչ թե իրապես խաղաղության, այլ խաղաղությունը խեղելու մասին է: Խաղաղությունը հավասարակշռությունն է, ցանկացած առումով, այլ ոչ թե կողմերից մեկի ռազմա-քաղաքական զրոյացումը: Թեեւ Յըլդըրըմը Թուրքիայի գործող պաշտոնյա չէ, սակայն, նախ նա բավականին հատկանշական ֆիգուր է այդպիսի հայտարարությունների համար, եւ բաց այդ էլ Թուրքիան այն պետությունը չէ, որտեղ կարող են կառավարող շրջանակի ներկայացուցիչները անել ընդհանուր գծից շեղված հայտարարություններ:
Առավել եւս, որ այդօրինակ հայտարարություններ անում են նաեւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները: Նաեւ Ադրբեջանի: Եվ ուրեմն, երբ Իլհամ Ալիեւը խոսում է, որ խաղաղությունը առավել քան մոտ է, իսկ զուգահեռ հնչում են այդօրինակ հայտարարություններ, ապա ավելի հավանական է այն, որ խաղաղության հեռանկարը գործնականում ավելի հեռու է: Կամ, մոտ է խեղված խաղաղությունը, որի հիմքը ոչ թե հավասարակշռությունն է, այլ՝ միակողմանի գերակայությունը, ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքով գործադրվող շանտաժը: Այն, ինչին ձգտում են Ադրբեջանը եւ Թուրքիան, ոչ թե խաղաղություն է, այլ խաղաղության խեղում:
Հոդվածը՝ 1in.am կայքից։