Տպավորություն է, որ Հայաստանն ու Եվրամիությունը «մոռացել» են այդ պայմանագրի մասին: Այն, որ քննարկվում է նոր փաստաթուղթ, նշանակելու է, որ համապարփակ եւ ընդլայնված գործակցության պայմանագիրը համարվում է այլեւս ժամանակավրեպ կամ կողմերի համար ոչ հետաքրքի՞ր:
Հակոբ Բադալյան
Ի՞նչ նոր փաստաթուղթ են պատրաստում Հայաստանն ու ԵՄ-ն
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը պատրաաստվում են ստորագրել նոր փաստաթուղթ: Ըստ նրա, ներկայումս քննարկումներ են, ակնկալվում է, որ մայիսին կստացվի նախագիծը, իսկ հուլիսին կլինի փաստաթուղթը: Ինչ փաստաթուղթ է, ինչ բովանդակությամբ, ինչ շեշտադրումներով, մարտավարական եւ ռազմավարական հեռաննկարի ինչ թիրախներով, առայ-մ մանրամասներ հայտնի չեն: Պարզ չէ նաեւ, թե այդ փաստաթուղթը ինչ հարաբերակցության մեջ է լինելու Հայաստանի ու ԵՄ միջեւ 2017-ին կնքված համապարփակ ու ընդլայնված գործակցության պայմանագրի հետ:
Այդ պայմանագիրը լիարժեք ուժի մեջ է մտել 2021 թվականին: Ներկայումս շատ քիչ է խոսվում այն մասին, թե ինչպիսին է դրա կատարման ընթացքը, ինչ արդյունավետությամբ: Տպավորություն է, որ Հայաստանն ու Եվրամիությունը «մոռացել» են այդ պայմանագրի մասին: Այն, որ քննարկվում է նոր փաստաթուղթ, նշանակելու է, որ համապարփակ եւ ընդլայնված գործակցության պայմանագիրը համարվում է այլեւս ժամանակավրեպ կամ կողմերի համար ոչ հետաքրքի՞ր: Փոխարտգործնախարարը խորհրդարանում հայտարարել է, որ համապարփակ պայմանագրի իրագործումը կստեղծի Հայաստան-ԵՄ հարաբերության նոր մակարդակ:
Անկասկած, բայց ամբողջ հարցն էլ այն է, թե ինչպես է ընթանում այդ իրագործումը: Առավել եւս, որ նույն փոխարտգործնախարարը հայտարարել է, թե հարցում կա Հայաստան-ԵՄ հարաբերության հետընթաց, թե ԵՄ հետ, թե առանձին երկրների հետ: Ինչով է դա պայմանավորված, փոխարտգործնախարարը չի նշում, հավաստիացնելով, որ Հայաստանը աննախադեպ ակտիվ աշխատում է խնդիրները հաղթահարելու ուղղությամբ եւ տեսանելի ապագայում իրավիճակը կփոխվի: Այն, որ Հայաստանն աշխատում է, անշուշտ լավ է, բայց կարեւոր է հասկանալ, թե՝ իսկ ո՞վ լավ չի աշխատել, որ առաջացել է հետընթաց, եւ արդյո՞ք իրավիճակը ապահովագրված է խնդիրների կրկնությունից: Վերջին հաշվով, կա թերեւս առանցքային հարցը:
Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունը հռետորաբանության, շեշտադրումների մակարդակով մերձեցել է աննախադեպ, սակայն կասկած չկա, որ դրա բուն պատճառը ոչ թե այն է, որ Հայաստանը լավ է կատարում իր տնային աշխատանքը այն իրավա-պայմանագրային հարաբերությունների համատեքստում, որ գոյություն ունեն եւ որոնց գլխավոր էֆեկտը պետք է լինի Հայաստանի արդիականացումը, այլ որովհետեւ հռետորաբանության մակարդակում այդ աննախադեպ մերձեցում թելադրված է աշխարհաքաղաքական իրողություններով:
Մինչդեռ, այդ իրողությունները ենթակա են փոփոխության, եւ առավել եւս ներկայիս աշխարհում, որտեղ խոշոր փոփոխությունները կրում են գրեթե ամենօրյա բնույթ: Հենց դրա համար է չափազանց կարեւոր, որ Հայաստան-ԵՄ փոխհարաբերության սերտացման հիմքը լինի առարկայական աշխատանքը եւ Հայաստանի արդիականացումը, որպեսզի աշխարհաքաղաքական փոփոխությունները չտանեն այդ աշխատանքը, ինչպես ջուրը կտանի ավազը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։