Հայաստան

Որտե՞ղ Են Սկսվում Եւ Ավարտվում Սահմանները

Քառասունչորսօրյա պատերազմը դադարել է ղարաբաղյան հակամարտության գոտում, ոչ թե՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «պայմանական սահմանի» որեւէ հատվածում: Հայկական զորքերի հետքաշումը տեղի է ունեցել ըստ Խորհրդային Ադրբեջանի վարչական բաժանման: Լաչինի կամ Քելբաջարի, կամ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջան ասելիս նկատի է առնվել այն տարածքը, որ դրանցից յուրաքանչյուրն ունեցել է Ադր.ԽՍՀ կազմում: Հետեւաբար, այլ Ղազախի շրջան, քան եղել է Խորհրդային Ադրբեջանում, ոչ իրավականորեն, ոչ էլ «գետնի վրա» գոյություն չունի:

Վահրամ Աթանեսյան

«Որտեղի՞ց է սկսվում Հայաստանը»՝ ստույգ է, իսկ որտե՞ղ է ավարտվում Ադրբեջանը

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչության հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հատվածում հայ-ադրբեջանական սահմանազատմամբ կհստակեցվի, թե «որտեղից է սկսվում Հայաստանը»: Մեջբերումը, գուցե, բառացի չէ, բայց Փաշինյանի ասածի իմաստն, ըստ էության, դա էր: Խնդիր է, թե ի՞նչ սկզբունքով է դա որոշվելու: Խոսքը պատմական արդարության, մեր ազգային ընկալումների, անգամ հետագա շատ հավանական բարդությունների մասին չէ: Եթե համաձայնեցվում են սահմանազատման իրավական հիմքերը, դրսեւորվում է քաղաքական կամք, ապա մյուս հարցերն ինքնին անցնում են հետագա խաղաղ-բանակցային կարգավորման տիրույթ:

Իսկ այդ հավանականությունը կախված է ոչ թե ,,որտեղի՞ց է սկսվում Հայաստանը,,-ինչպես Նիկոլ Փաշինյանն է ձեւակերպում- այլ «իսկ որտե՞ղ է ավարտվում Ադրբեջանը» հարցադրման պատասխանից: «Որտեղի՞ց է սկսվում Հայաստանը»՝ ստույգ է. 1990թ. օգոստոսի 23-ի Հռչակագրով. «Հայկական ԽՍՀ-ը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ ՀՀ»: Ադրբեջանի Գերագույն խորհուրդը 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունել է «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական Ակտ, որով ընդունել է 1918-20 թվականներին գոյություն ունեցած՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդություն:

Այդ դե-ֆակտո պետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններ չի ունեցել: ԱԴՀ-ն Փարիզի խաղաղության խորհրդաժողով է ներկայացրել մի քարտեզ, ըստ որի իր տարածքը «110 հազար քառակուսի կիլոմետր է»: Դա, իհարկե, չի ընդունվել, բայց հարց է՝ առկա իրավիճակում Ադրբեջանը հրաժարավու՞մ է «Թոփչիբաշեւի քարտեզից»: Սա է գերկարեւոր հարցը, ուստի ոչ միայն տրամաբանական, արդարացի եւ բարոյական, այլեւ միանգամայն լեգիտիմ է, որպեսզի Տավուշում «սահմանազատում» սկսելուն նախորդի «իսկ որտե՞ղ է ավարտվում Ադրբեջանը» հարցադրման պատասխանի հստակ, տարընթերցումների տեղ չթողնող ճշտորոշումը:

Ընդ որում, դա պետք է լինի ունիվերսալ եւ հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ հետագայում անփոփոխ կիրառելի: Որոշ փորձագետներ ասում են, որ «չորս գյուղերը վերադարձնելով՝ Հայաստանն ամրապնդում է սահմազատման հարցում իր դիրքերի լեգիտիմությունը եւ միջազգային աջակցություն շահում»: Տարրական տրամաբանությունը թելադրում է, որ եթե «ադրբեջանական չորս գյուղերի վերադարձը» լեգիտիմացնում եւ միջազգային աջակցություն է ապահովում Հայաստանի դիրքորոշմանը, ապա նույնքան եւ, գուցե, ավելի լեգիտիմ է չորս գյուղի «ադրբեջանապատկանության» իրավական հիմքի փոխադարձ ճանաչումը եւ փաստաթղթավորումը:

Քառասունչորսօրյա պատերազմը դադարել է ղարաբաղյան հակամարտության գոտում, ոչ թե՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «պայմանական սահմանի» որեւէ հատվածում: Հայկական զորքերի հետքաշումը տեղի է ունեցել ըստ Խորհրդային Ադրբեջանի վարչական բաժանման: Լաչինի կամ Քելբաջարի, կամ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջան ասելիս նկատի է առնվել այն տարածքը, որ դրանցից յուրաքանչյուրն ունեցել է Ադր.ԽՍՀ կազմում: Հետեւաբար, այլ Ղազախի շրջան, քան եղել է Խորհրդային Ադրբեջանում, ոչ իրավականորեն, ոչ էլ «գետնի վրա» գոյություն չունի:

Ասել, թե դիվանագիտական նման դիրքորոշումը «կազուս-բելի է»՝ նշանակում է հետագա սահմանազատման ընթացքում ցանկացած վիճելի հարց թողնել Բաքվի ,,բարի կամեցողությանը,, կամ հուսալ, որ ամեն անգամ «միջազգային հանրությունը մեզ օգնության է գալու»: Դա, ինչպես ղարաբաղցին է ասում՝ «սառույցին գրած՝ արեւին պահած» հույս է: Կամ հնարավոր բոլոր ռեսուրսները գործի են դրվում, որպեսզի «Ղազախի չորս գյուղերի վերադարձը» փաստաթղթավորի Ալմաթիի Հռչակագրի իրավական հիմքով եւ հետագա սահմանազատման համար կիրառելիության համաձայնությամբ, կամ դե-ֆակտո շփման գիծը, այդ էլ՝ լավագույն դեպքում, ամրագրվելու է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված պետական սահման:

Հոդվածը՝ 1in.am կայքից։


    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *