Հայաստան

Ի՞նչ Ասաց Ստոլտենբերգը

Օրերս Եվրոպական Խորհրդի նախագահ Միշելը հեգնել էր Պուտինի ընտրությունը, մինչդեռ առանց հեգնանքի լրջորեն շնորհավորել էր Ալիեւին՝ Ադրբեջանում նախագահ վերընտրվելու առիթով: Ցավոք, արժեհամակարգային գնահատականները վերածվել են ընդամենը փաթեթի, իսկ քաղաքականությունը շարժվում է գերազանցապես ըստ շահի։

Հակոբ Բադալյան

Ստոլտենբերգի հակասական հայտարարությունը Երեւանում. Բաքուն ավտորիտա՞ր է, թե՞ գործընկեր

Ուկրաինայում Պուտինի հաջողությունը կոգեւորի ավտորիտար սուբյեկտներին եւ պետք է անել ամեն ինչ, որ նա չհասնի հաջողության, Երեւանում հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում: Այդ հայտարարությունն ուշադրություն է գրավում առաջին հերթին նրանով, որ Բաքվի լրատվամիջոցներից տված հարցազրույցում Ստոլտենբերգը ասել, որ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը վտանգավոր է այդ թվում Ադրբեջանի համար:

Հարց է առաջանում, մի կողմից ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը ասում է, որ Պուտինի հաղթանակը կոգեւորի ավտորիտար սուբյեկտներին, մյուս կողմից նա այդ հաղթանակը վտանգավոր է համարում Ադրբեջանի համար, որը երկիր մոլորակի թերեւս ամենաավտորիտար պետություններից մեկն է, եւ որի վարքագիծը նաեւ միանգամայն բնորոշ է ավտորիտար սուբյեկտների համար հատկանշական վարքագծին՝ ագրեսիվություն: Ըստ էության, Ադրբեջանը Հայաստանի հանդեպ վարում է այն քաղաքականությունը, որի համար ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն ու մյուս պաշտոնյաներն ու սուբյեկտները կոշտ քննադատության եւ պատժամիջոցների են ենթարկում Ռուսաստանին:

Այլ հարց է, որ Ադրբեջանը, ի տարբերություն Ռուսաստանի, ունի ինքնուրույն պատերազմ սկսելու, այն էլ ռեգիոնալ պատերազմ սկսելու ավելի սահմանափակ հնարավորություն: Մնացյալ առումով ոչ մի տարբերություն: Ավելին, հենց այն ժամերին, երբ Ստոլտենբերգը Բաքվից ժամանում է Երեւան՝ Թբիլիսի այցով, Հայաստանի վարչապետը Տավուշի մարզի բնակիչներին հայտնում էր, որ Ադրբեջանի պայմաններին չհամաձայնելու դեպքում կլինի պատերազմ: Եվ ուրեմն, ինչպե՞ս հասկանալ Ստոլտենբերգի հայտարարությունը, որ Պուտինի հաղթանակը կոգեւորի մյուս ավտորիտարներին, եւ միաժամանակ հայտարարությունը, թե այդ հաղթանակը վտանգավոր է Ադրբեջանի՝ ամենաավտորիտարներից մեկի համար: Իհարկե, երկակի ստանդարտները աշխարհում բոլորովին նորություն չեն:

Ավելին, օրերս Եվվրոպական Խորհրդի նախագահ Միշելը հեգնել էր Պուտինի ընտրությունը, մինչդեռ առանց հեգնանքի լրջորեն շյորհավորել էր Ալիեւին՝ Ադրբեջանում նախագահ վերընտրվելու առիթով: Ցավոք, արժեհամակարգային գնահատականները վերածվել են ընդամենը փաթեթի, իսկ քաղաքականությունը շարժվում է գերազանցապես ըստ շահի, ու ահա այդ համատեքստում, ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի համար մրցակցում է Ռուսաստանի եւ Իրանի հետ, ըստ այդմ Ադրբեջանին դիտարկում է ոչ թե ավտորիտար սուբյեկտ, որը ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարական արժեքների ծիրում, այլ սուբյեկտ, որը կարեւոր գործընկեր է Ռուսաստանի եւ Իրանի դեմ քաղաքականությունը կառուցելու համար:

Այդ իմաստով, կարեւոր է Երեւանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ Հայաստանը կարեւոր համարելով ՆԱՏՕ հետ գործակցությունը, միաժամանակ այդ գործակցությունը չի կառուցի մեր ռեգիոնի, այդ թվում Իրանի դեմ: Կասկածից վեր է, որ Հայաստանի համար ՆԱՏՕ հետ հարաբերությունը կարեւոր է, թե այն ահռելի եւ արդիական փորձի համատեքստում, որ ունի դաշինքը իր պատմության ընթացքոււմ, եւ թե այն քաղաքական իրողությունների, որոնք թելադրում են ՆԱՏՕ քաղաքականությունը նաեւ այս ռեգիոնում: Մյուս կողմից, Հայաստանի համար գերկարեւոր է, որ այդ գործակցությունը ռազմավարական հակադրության մեջ չմտնի ռեգիոնալ այն ճարտարապետության հետ, որ գոյություն ունի պատմականորեն եւ որի պահպանության առաջնային շահառուներից մեկը հարեւան Իրանն է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *