Որտե՞ղ եւ ինչպե՞ս է Ռուսաստանը «տրորել» կամ «պատրաստվում է տրորել» Հարավային Կովկասում Իրանի ռազմավարական շահերը՝ կարելի է միայն ենթադրել։
Վահրամ Աթանեսյան
Իսրայելի ալիեւյան «մայրամուտը». Ադրբեջանը ռուս-իրանա-չինական «ալյանսի» հանգուցակե՞տ
Haqqin.az-ի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաեւն Իսրայելում ավարտել է մեկամսյա «ստեղծագործական գործուղումը» եւ արդյունքներն ամփոփել մոտ կեսժամանոց «տեսաֆիլմով»: Այն ամվանվել է «Իսրայելի մայրամուտը»: Իսրայելա-ադրբեջանական ավելի քան քառորդդարյա ռազմավարական համագործակցության եւ դրանից Բաքվի ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլեւ քաղաքական օգուտների նկատառմամբ այս բնորոշումը չափազանց կոպիտ, ցինիզմին սահմանակցող է հնչում, բայց քաղաքականությունը լիրիկա չէ:
Մարտի 19-ին Իրանի նախագահ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ «երկու երկրները Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հարցով նույն դիրքորոշումն ունեն, եւ Ռուսաստանը պատրաստ է այդ ասպարեզում Իրանի հետ ավելի սերտ համագործակցության»: Պուտինը նաեւ ասել է, որ մատնանշել է Իրան-Ռուսաստան համապարփակ համագործակցության մասին պայմանագրի «շուտափույթ լրամշակման անհրաժեշտությունը»:
Իր հերթին Իրանի նախագահը կարեւորել է, որ Ռուսաստանի նոր կառավարությունը «հարաբերությունների ընդլայնման եւ կառուցողական համագործակցության հող կնախապատրաստի»: Իրանի նախագահը, կարծես, Վլադիմիր Պուտինին հորդորում է վերանայել կամ բարելավել իր երկրի դերի եւ նշանակության գնահատումը: Այս առումով կարեւոր է Իրանի նախագահի շեշտադրումը, որ Թեհրանը «զգայուն» է գնահատում Հարավային Կովկասում «իրադարձությունները եւ շարժումները եւ պատրաստ է աջակցել կայունությանը ու պաշտպանել իր ռազմավարական շահերը»: Որտե՞ղ եւ ինչպե՞ս է Ռուսաստանը «տրորել» կամ «պատրաստվում է տրորել» Հարավային Կովկասում Իրանի ռազմավարական շահերը՝ կարելի է միայն ենթադրել, բայց փաստ է, որ Իրանի նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույց է ունել Ալիեւ-Պուտին հեռախոսազրույցից հետո, որի հիմնական հավաստիացումն այն է, որ կողմերը «կամրապնդեն դաշնակցային հարաբերությունները եւ ռազմավարական համագործակցությունը»:
Հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցին զուգահեռ՝ Պեկին է մեկնել Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը: Այդ մասին նա անձնական միկրոբլոգում գրառում է արել եւ մասնավորեցրել, որ բանակցություններ է վարել Չինաստանի փոխարտգործնախարարի, Կոմկուսի Կենտկոմի միջազգային հարաբերությունների բաժնի փոխտեղակալի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահի հետ: Քննարկվել են երկկողմ եւ ՇՀԿ ձեւաչափով համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
Ադրբեջանը դիտորդի կարգավիճակով մասնակցել է «Ծովային սահմանի պահպանություն 2024» ռուս-իրանա-չինական համատեղ զորավարժություններին՝ Օմանի նեղուցում: Իսրայելի «մայրամուտը» Մերձավոր Արեւելքում եւ ընդհանրապես Գլոբալ հարավում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծում: Բաքուն, կարծես, խաղադրույք է դնում ռուս-իրանա-չինական աշխարհաքաղաքական կարեւորության համագործակցության հանգուցակետ «վերադասավորվելու» հեռանկարի վրա: Բայց սկզբունքային իմաստով այդ «ալյանսը» կկայանա՞:
Հոդվածը՝ 1in.am կայքից։