«Որեւէ կապ կա՞ ԱՄՆ կողմից Պուտինին «ոչ լեգիտիմ» չճանաչելու եւ ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագրի «լրամշակման փուլում» շարունակաբար մնալու միջեւ: Գազայի հարցում Մոսկվայի եւ Թեհրանի մոտեցումները գրեթե նույնական են: Իսրայելա-պաղեստինյան սկզբունքային կարգավորման առումով Միացյալ Նահանգների մոտեցումը շատ հեռու չէ նրանից, ինչ Մոսկվան եւ Թեհրանն են «նույնականացնում»»։
Վահրամ Աթանեսյան
Real-politic-ը եւ «սեւ-սպիտակի» մեր կոնստանտը
Իտալական La Rebublica պարբերականը, հղելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը G7 նախարարական բանակցությունների արդյունքներով «արգելափակել է Ռուսաստանի նախագահական ընտրությունները դատապարտող հայտարարությունը»-հաղորդում է inosmi.ru-ն: Ընդսմին, ըստ իտալական լրատվամիջոցի, այդ «հայտարարության տեքստը նախապես արժանացել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի հավանությանը»:
La Republica-ի դիվանագիտական աղբյուրն ասել է, որ Բլինքենը «մտավախություն է ունեցել, որ Ռուսաստանը կմիջամտի ԱՄՆ նախագահական ընտրություններին, եթե Պուտինի լեգիտիմությունը հրապարակային կասկածի տակ առնվի»: ԱՄՆ պետական դեպարտամենտն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել է, որ «Պուտինը Ռուսաստանի առաջնորդն է»: Ճիշտ է, Կրեմլի խոսնակն իր հերթին այդ ձեւակերպումը «բառախաղ» է որակել, բայց դրանից սկզբունքորեն քիչ բան է փոխվում կամ ոչինչ չի փոխվում:
Իրական քաղաքականությունը բարդ «փազլ» է, որտեղ ամենավերջին «դեկորն» իսկ կարեւորվում է: Ռուսաստանում քչերը կարող էին ակնկալել, որ վերընտրությունից հետո Պուտինը կխոսի ուկրաինական կարգավորման հարցում Ֆրանսիայի հավանական դերակատարության մասին, բայց դա արդեն փաստ է, ինչպես եւ այն, որ, չնայած բազմիցս հնչեցված հավաստիացումներին, Իրան-Ռուսաստան համապարփակ հարաբերությունների մասին պայմանագիրը, ինչպես պարզ դարձավ Պուտին-Ռաիսի հեռախոսազրույցից, դեռեւս «լրամշակման փուլում»:
Որեւէ կապ կա՞ ԱՄՆ կողմից Պուտինին «ոչ լեգիտիմ» չճանաչելու եւ ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագրի «լրամշակման փուլում» շարունակաբար մնալու միջեւ: Գազայի հարցում Մոսկվայի եւ Թեհրանի մոտեցումները գրեթե նույնական են: Իսրայելա-պաղեստինյան սկզբունքային կարգավորման առումով Միացյալ Նահանգների մոտեցումը շատ հեռու չէ նրանից, ինչ Մոսկվան եւ Թեհրանն են «նույնականացնում»:
Միայն մեր «սեւ-սպիտակ» պատկերացումներով է, որ Իրանը Մոսկվային դաշնակից, Վաշինգտոնին արմատապես թշնամի է: Միայն այդ «ակնոցներով նայելիս» է, որ միջին-վիճակագրական հայ մարդը տպավորություն է ստանում, թե Իրանը երբեւէ հանուն Հայաստանի Ադրբեջանին «պատերազմ կհայտարարի»: Ստացվում է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ասվածը մի բան է նշանակել. «Արցախ չի լինելու, պրոյեկտը փակվում է»: Իսկ մենք շարունակում ենք, ղարաբաղցու ասած՝ «ճղատված» մնալ «սեւ» Արեւմուտքի եւ «սպիտակ» Ռուսաստանի միջեւ: Գունավորումները փոփոխական են, փոփոխվում են, real-politic-ից մեր անտեղյակությունը՝ մնում կոնստանտ:
Հոդվածը՝ 1in.am:
https://www.1in.am/3400054.htmln he