Հայաստան

ՀԱՄԱՍ-ի «Թուրք Հեծյալը»

ԱՄՆ պետդեպարտամենտը, սակայն, հայտարարեց, թե չկան ապացույցներ, որ ՀԱՄԱՍ-ի թիկունքում Իրանն է: Այդ դեպքում ո՞վ է ՀԱՄԱՍ-ի թիկունքին։

Վահրամ Աթանեսյան

Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը հրապարակել է սահմանապահ զորքերի 414-րդ գումարտակի դիտորդների անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան վերադաս հրամանատարությանը հայտնած տեղեկությունների ձայնագրությունը: Առաջինը, ով նկատել է սահմանային գոտում զինված մարդկանց ներկայությունը, ապա դիտարկել արգելագոտու ոչնչացումը, Ռոնի Էշելն է եղել: Չնայած զգոնությանը եւ սառնասրտությանը, աղջկան չի հաջողվել փրկվել գրոհայինների հարձակումից: Նրա հայրը մեղադրել է իսրայելական բանակի հրամանատարությանը, որ վեց ժամ ուշացել է: Ռոնին առաջին ահազանգը հնչեցրել է առավոտյան ժամը 06:23-ին, իսկ բանակային ստորաբաժանումներն, ըստ նրա հոր, օգնության շտապելու հրաման ստացել են 12-ին:

Իսրայելում ներքաղաքական իրավիճակը չափազանց սրված է, զոհվածների եւ պատանդառվածների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում: Կառավարող կոալիցիայի ապագան խիստ անորոշ է: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ վարչապետ Նաթանյահուն «դադարեցրել է պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ շփումները»: Տեղեկատվական արտահոսքը, հնարավոր է, կազմակերպել են Նաթանյահուի քաղաքական մրցակիցները: Չի բացառված, որ դա նրա նախաձեռնությունն է՝ հանրային դժգոհությունն ուղղորդելու դեպի պաշտպանության նախարարին, բանակին, ուժային կառույցներին:

Այս սկանդալի ամենաուշագրավ դրվագն այն է, որ վերադաս հրամանատարությանը հասցեագրած ծածկագիր հաղորդագրությամբ Ռոնի Էշելը ՀԱՄԱՍ-ի գրոհայինների ներխուժումն անվանել է «իսկական թուրք հեծյալ»: Ստացվում է, որ Գազայի հետ սահմանին գրոհայինների ներխուժում իսրայելական հատուկ ծառայությունների եւ բանակային հետախուզության կողմից ոչ միայն կանխատեսվել է, այլեւ դրան տրվել է «թուրքական հեծյալ» ծածկագրված անվանում: Ինչու՞՝ «թուրքական» եւ ոչ թե, ասենք՝ «արաբական հեծյալ»: Իսկ եթե ծածկագրումը քաղաքական է, ապա, ըստ իշխող տրամադրվածության, այն պետք է կապվեր Իրանի հետ:

Տարածաշրջանում արդեն մի քանի տասնամյակ է՝ Իրանը եւ Իսրայելն են միմյանց «աշխարհի երեսից ջնջելու» սպառնալիքներ հնչեցնում: Իրանը չի ճանաչում Իսրայել պետությունը, անվանում է «սիոնիստական ռեժիմ»: Գազայի հատվածից Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման առաջին օրերին տպավորություն կար, որ Իրանը «կենթարկվի պատժիչ հարվածների»: ԱՄՆ պետդեպարտամենտը, սակայն, հայտարարեց, թե չկան ապացույցներ, որ ՀԱՄԱՍ-ի թիկունքում Իրանն է: Այդ դեպքում ո՞վ է ՀԱՄԱՍ-ի թիկունքին:

Անցյալ հոկտեմբերի 7-ին միջազգային մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հանիան Ստամբուլում է, Էրդողանը նրան հորդորել է լքել Թուրքիան: Օրերս հայտնի է դարձել, որ 62 –ամյա Հանիան Ստամբուլում պսակադրության շքեղ արարողություն է կազմակերպել՝ երրորդ կին ընտրելով 18 տարեկան թրքուհու: Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ ոչ մի ուժ իրեն չի կարող ստիպել, որ ՀԱՄԱՍ-ը ճանաչի ահաբեկչական խմբավորում: Նրա գնահատմամբ՝ «ՀԱՄԱՍ-ը կուսակցություն է եւ պետք է Պաղեստինի անկախ պետության քաղաքական համակարգի մաս կազմի»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *