Հայաստան

Անկախությունը Որպես Անվտանգության Երաշխիք

Ներկա՝ 2024 թվականի կտրվածքով Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքն իշխանության տարբեր օղակներում, հիմնականում ուժային համակարգում վաղօրոք տեղակայված «ականների» պայթեցումն է։

Գևորգ Խուդինյան


Բանալի բառեր – գլոբալ քաոս, հավատարիմ պատանդ, եփվող գորտ, դավաճանության մրցույթ, աշխարհաքաղաքական ստերիլիզացիա, կամքի կենտրոն։ 2024 թվականի սահմանագծին աշխարհում գրանցվեցին այնպիսի սրընթաց զարգացումներ, որոնք Երկիր մոլորակը կարող են ներքաշել գլոբալ քաոսի մեջ՝ մեր ոխերիմ հարևաններին ընձեռելով հայոց վերջին ապաստանը՝ Հայաստանի Հանրապետությունը հոշոտելու հնարավորություն։ Բայց չնայած դրան՝ 44-օրյա պատերազմից հետո մեզ համակած ինքնության ճգնաժամն այդպես էլ թույլ չի տալիս գտնել մեր անվտանգության ապահովման ռազմավարական ուղիները։ Պարզ չէ անգամ, թե ինչ նպատակների ու արժեքների շուրջ է վերականգնվելու հայոց միասնությունը։ Ճեղքվածքը բացվել է 2018 թ.՝ հավատարիմ պատանդ Հայաստանին կառավարվող պարտության մատնելու համար։ Այդ նպատակի իրականացումից հետո՝ 2021 թ., ականապատվել է Հայաստանի քաղաքական դաշտը՝ դրա միջոցով մեզ վերածելով տարածաշրջանային կաթսայի մեջ դանդաղորեն եփվող գորտի։ Ուստի Արցախի 2023 թվականի անկումից հետո նման կաթսայում մնալու պատրանքներ ունեցողներն իրենց կամքից անկախ սպասարկում են Հայաստանի հանձնում-ընդունումի ռուսթուրքական առևտուրը։
Դատե՛ք ինքներդ: 2023 թ. սեպտեմբերին Սոչիում Ռուսաստանի նախագահից պոկելով Արցախն Ադրբեջանին հանձնելու համաձայնությունը՝ Թուրքիայի նախագահն արդեն տարեվերջին դավաճանեց նրան։ Սակայն, Արցախի անկմանն ի պատասխան, Վրաստանին Եվրամիություն հրավիրելու արևմտյան հակախաղի հետևանքով տարածաշրջանում ստեղծվեց մի յուրահատուկ
եռանկյունի՝ Ռուսաստանի՝ նահանջի, Թուրքիայի՝ առաջխաղացման և Եվրամիության՝ Վրաստանն ու Հայաստանն ինտեգրելու քաղաքական հայտի արանքում։ Բայց չնայաց դրան՝ Թուրքիայից ստացվող յուրաքանչյուր «թիկունքից հարվածից» հետո էլ Արևմուտքին վնասելու մասին մտածող Կրեմլն առաջ է տանում Զանգեզուրով միջանցք բացելու և Հայաստանի մնացորդացը կլանելու օրակարգը։
Քանի որ ստեղծված իրավիճակում նման նկրտումները հաջողություն կարող են ունենալ միայն մեր երկրի ինքնիշխանության դեմ ուղղված ներքին խռովության պարագայում, եկել է Հայաստանի ներքաղաքական հայելու մեջ ինքներս մեզ նայելու ժամանակը։ Բոլոր նրանք, ովքեր 2020-ի մեր պարտության պատասխանատվությունը մերօրյա Լենինից
ու Աթաթուրքից փոխադրում էին իրենց իսկ հորինած «սորոսականների»
ուսերին, Արցախի հանդեպ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին իրականացված հաշվեհարդարից հետո պետք է բացատրեն՝ իրենց ապակողմնորոշող քարոզները տգիտությա՞ն հետևանք էին, թե՞ 44-օրյա պատերազմի հետնախորքում ծավալված դավաճանության մրցույթում 1 ունեցած գիտակից մասնակցության։ 2020 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. սեպտեմբերը մեռա՛նք հասկացնելով, որ հետպատերազմյան Հայաստանին պարտադրվել է մի այնպիսի քաղաքական ծուղակ, որի զույգ բևեռներից մեկի առաջնորդը՝ հողերը հանձնելու, իսկ մյուսը նրա «թիկունքն ապահովելու» համար է նախատեսված։ Անշուշտ, առաջինը գործում է բացահայտ՝ պարտաճանաչ աշակերտի նման կատարելով հանձնարարություններն ու միաժամանակ «արևմտամետի» դիմակով ապակողմնորոշելով հայ հասարակությանը, իսկ ահա երկրորդը, ի «պատիվ» իրեն, ամոթից թաքնվել է։ Բոլոր նրանք, ովքեր անտեսում են հայոց համազգային անտերության մասին վկայող այս զույգ իրողությունները, իրենց կամքից անկախ դառնում են հայ հասարակության ապակողմնորոշման գործի մասնակիցները։
Ներկա՝ 2024 թվականի կտրվածքով Հայաստանի համար ամենամեծ
սպառնալիքն իշխանության տարբեր օղակներում, հիմնականում ուժային
համակարգում վաղօրոք տեղակայված «ականների» պայթեցումն է։ Քանզի մեր երկրում եվրոպական դիտորդների հայտնվելուց և եվրոպական հեռանկարների ուրվագծվելուց հետո հակառակորդի հիմնական թիրախների՝ Սյունիքի ու Գեղարքունիքի պաշտպանությունն այլևս ոչ թե Ադրբեջան-Հայաստան, այլ Արևելք-Արևմուտք դիմակայության ասպարեզն է։ Իսկ դա նշանակում է, որ արևմտամետություն խաղացող իշխանական կրկեսի դերասանները նույնպես վտանգավոր են դառնալու։ Դարեր շարունակ ստրուկի խարանը կրած մեր ազգի մեջ դեռ բազմաթիվ են հոգով ստրուկները, ուստի մենք երաշխիք չունենք, որ երեկ Շուշին հանձնողները վաղը չեն բացի Սյունիքի դարպասները՝ սեփական հանցանքը բարդելով «սորոսականների» կամ որևէ այլ կեղծ թիրախի վրա։ 2024 թվականը դեպի վերջնական կործանում կամ նոր վերածնունդ տանող երկու ճանապարհների խաչմերուկն է, որոնցից երկրորդը հենց այնպես չի տրվելու, այլ նվաճվելու է դաժան պայքարով։ Քանզի Թուրանի առաջխաղացման սպառնալիքին հակազդողների շարքում առայժմ «արթուն են» միայն միասնականացող Եվրոպան ու հակաթուրքական նպատակներ հետապնդող Իրանն ու Հնդկաստանը։ Մյուսները հայերիս համար գոյութենական նշանակություն ունեցող այդ հարցը դիտարկում են աշխարհակարգի փոփոխության կամ պահպանման մարտավարական խաղի հարթության վրա, ուստիև կարող են նորանոր անակնկալներ՝ «Արցախ2»-ներ մատուցել մեզ, եթե պահպանենք Հայաստանի այլանդակ ներքաղաքական իրողությունները։
Առաջիկա մեկ տարվա ընթացքում, ամերիկյան ընտրություններով
պայմանավորված, մեր տարածաշրջանում կարող է ստեղծվել ուժերի այնպիսի դասավորություն, երբ Թուրքիան ու Ադրբեջանը մի պահ իրենց անպատիժ կզգան Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու գործում։

Հայաստանն աշխարհաքաղաքական ստերիլիզացիայի ենթարկելու, այսինքն՝ որպես հայկական կամքի կենտրոն չեզոքացնելու համար կարող են կիրառվել տարբեր աշխատակարգեր՝ նվաստացուցիչ պայմանագրերի պարտադրանքից մինչև ռազմավարական նշանակություն ունեցող մարզերի զավթումը։ Վերջին հանգամանքը, անշուշտ, Մոսկվայի «բարձր հովանավորությամբ», որը վերջերս չի էլ թաքցնում մեզ հերթական անգամ «փրկելու» իր բուռն ցանկությունը։ Սակայն ռազմական միջոցներով նման հնարավորությունների իրացումը չի կարող լուծել այդ խնդիրը, եթե հարազատ հողի վրա ունենանք սեփական կամքի կենտրոնը, որը հնարավոր չէ կոտրել կամ չեզոքացնել արտաքին ագրեսիայի կամ ներքաղաքական խառնակությունների միջոցով։ Բուն խնդիրը հենց այստեղ է. Թուրքիան ու Ադրբեջանը, Հայաստանի վրա ռազմաքաղաքական ճնշում գործադրելով, և Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների ու քաղաքական դաշտի միջոցով հետապնդում են նույն նպատակը՝ հայոց կամքը կոտրելը։ Հիմնավորումը նույնն է՝ հայերն ի զորու չեն ունենալու սեփական
պետությունն ու վերահսկելու նրա առավել վտանգված հատվածները,
ուստիև պետք է դադարեն միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց։
Նման վտանգին Հայաստանի իշխանությունների դիմակայությունը վճռական պահին կարող է փլուզվել, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ։
Մեր ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը հետխորհրդային
Հայաստանի ողջ պետաքաղաքական համակարգն է՝ որպես հայ ժողովրդի ապակողմնորոշման գործիքակազմ։ Նրա տարբեր հատվածների առկա դերաբաշխումներն անցած երեք տարիներին ապահովել են հայոց պետականության սողացող ապասուվերենացումը Հայաստանը տարածաշրջանային կաթսայի մեջ դանդաղորեն եփվող գորտի վերածելու միջոցով։ Մինչդեռ ներկա գլոբալ դիմակայության տարբեր բևեռների աստիճանաբար հստակեցվող ծրագրերում կիսանկախ Հայաստան գոյություն չունի, իսկ դրանց որոշ մեկնաբանություններում Հայաստանն ընդհանրապես չկա։ Հետևաբար հայ ազգն ունի երկու ճանապարհ. առաջին՝ դանդաղորեն տրվել 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի պետական ապարատի «խլուրդների» ու քաղաքական դաշտի «դերասանների» միջոցով մեզ պարտադրվող եփվող գորտի դերակատարությանը, որը մատուցվելու է ռուս-թուրք-ադրբեջանական զոհասեղանին, երկրորդ՝ վճռական պահին ապստամբել տարածաշրջանային տերությունների կողմից
բեմականացվող այս ներհայաստանյան թատերախաղի դեմ՝ ձևավորելով
սեփական կամքի կենտրոնը։ Պատճառն ակնհայտ է. գլոբալ մակարդակում գոյություն ունի տարածաշրջանային դավադրությունը չեզոքացնող երկրորդ սցենարը, որով Հայաստանի համար նախատեսված է անառիկ ամրոցի դերակատարությունը։ Հնարավոր չէ գրավել նման ամրոցը, երբ նրա համար պայքարող արտաքին ուժերի նպատակները, տրամագծորեն հակասելով մեկը մյուսին, փոխադարձաբար չեզոքացնում են միմյանց։ Իսկ Հայաստան-ամրոցը
անխորտակելի է որպես անկախության գաղափարով առաջնորդվող գիտակից ու արթուն քաղաքացիների ամբողջություն։ Այդ ամբողջությունն
ընտրել է անկախությունը որպես իր անվտանգության գլխավոր երաշխիք։
Երբ տարածաշրջանային դավադրության արտաքին ու ներքին շոշափուկներն անցնում են համակարգված խափանարարության, վճռական նշանակություն է ձեռք բերում թիկունքից հարվածը՝ Ռուսաստանի կողմից «բարեկամաբար» կլանվելու վտանգը չեզոքացնելու խնդիրը։
Ուստի Հայաստանի փրկության համար պայքարն անկախության գաղափարի վրա խարսխված հակահամակարգային պայքար է, որը կարող են առաջնորդել այն նվիրված ու խիզախ անհատները, որոնք երբևէ մաս չեն կազմել հետխորհրդային Հայաստանի պետաքաղաքական համակարգին։ Ուրեմն ներկա պայմաններում Հայաստանի անվտանգության ապահովման ավանդական հարացույցը հիմնարար-աշխարհայացքային վերագնահատման կարիք ունի: Ներկայումս անկախությունը, ամրապնդելով մեր երկրի սուբյեկտայնությունը, դարձել է նրա անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքը և ավանդական սպառնալքներից՝ թուրքական զուլումից ու ռուսական ձուլումից փրկվելու միակ ուղին: Ու քանի որ նման վտանգները իրենց խորքում օբյեկտիվորեն մեկ ամբողջություն
են կազմում, ապա մեր ավանդական «Ազատություն կամ մահ» կարգախոսը պետականորեն կազմակերպված հայ ազգի համար դառնում է «Անկախություն կամ մահ»։
Խմբ.

INDEPENDENCE AS A GUARANTEE OF SECURITY
Keyword – global chaos, faithful hostage, boiling frog, betrayal
contest, geopolitical sterilization, center of will.

Edit.
НЕЗАВИСИМОСТЬ КАК ГАРАНТ БЕЗОПАСНОСТИ
Ключевые слова – глобальный хаос, верный заложник, вареная
лягушка, конкурс на предательство, геополитическая стерилизация,
центр воли.

Ред.

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *