Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել անցած տարի հոկտեմբերին, դրանցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ է տրամադրում, ինչպես նաև խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։
Բաքուն «կողմնակալ» է որակում ապրիլի 5‑ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը
Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակում ապրիլի 5‑ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե այդ հանդիպումը «թափանցիկ չէ, չի ընդգրկում տարածաշրջանը և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության ձևավորմանը»։
«Այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»,-նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շեշտելով, թե «Երևանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ‑ն և ԱՄՆ‑ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։
Բաքուն հայտարարել է, թե ԵՄ‑ն և ԱՄՆ‑ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում լարվածության նոր ալիք հրահրել։
Բրյուսելում ապրիլի 5‑ին հանդիպելու են Նիկոլ Փաշինյանը, Էնթոնի Բլինքենն ու Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։ Միացյալ Նահանգների և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարի հանդիպման օրակարգի մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է ընդհանուր տեղեկություններ հայտնել։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մեր նպատակն է խրախուսել Երևանին ու Բաքվին աշխատել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Միլլեր
Բաքուն մտահոգություն է հայտնել նաև «Հայաստանի ռազմականացմանն ուղղված» Ֆրանսիայի գործողությունների և «ավելի մեծ ռազմական մատակարարումների (ներառյալ մահաբեր և հարձակողական զենքեր)» կապակցությամբ։
Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել անցած տարի հոկտեմբերին, դրանցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ է տրամադրում, ինչպես նաև խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։ Ֆրանսիան բազմիս հայտարարել է, որ Հայաստանին միայն պաշտպանական զենքեր է մատակարարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր. Սեբաստիեն Լըքորնյու
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ Բաքուն նշել է, թե Ադրբեջանն է նախաձեռնել Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ գործընթացը, կառուցողական դիրքորոշում դրսևորել հետկոնֆլիկտային կարգավորման բոլոր հարցերի վերաբերյալ։
Բացի այդ, ըստ Արտգործնախարարության, 2022 թվականի հոկտեմբերի 6‑ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն է խնդրել համաձայնություն տալ 40 փորձագետներից բաղկացած Եվրամիության կարճաժամկետ մոնիտորինգի ներուժի տեղակայման համար։ Ըստ Բաքվի՝ այն պետք է տեղակայվեր հայկական կողմում և նպաստեր Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատմանը։
«Ցավոք, նախնական երկամսյա ժամկետից հետո, առանց Ադրբեջանի համաձայնության, այն վերածվեց Հայաստանում ԵՄ առաքելության՝ զգալիորեն երկարաձգված ժամկետով և ավելի մեծ թվով դիտորդներով»։
Բաքուն նշել է՝ ԵՄ առաքելությունը Հայաստանում ակտիվորեն օգտագործվում է որպես «հակաադրբեջանական քարոզչության գործիք», իսկ «Կանադայի միանալով այն փաստացի ստացավ ՆԱՏՕ‑ի առաքելության կարգավիճակ»։
Եվրոպացի դիտորդները Հայաստան ժամանեցին 2023‑ի փետրվարից, այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138‑ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։
Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
Հոդվածը՝ azatutyun.am կայքից։
