Բայց մի բան է գրեթե «պատերազմական» գոտին, այլ՝ հանրապետության ամբողջ տարածքը: Օրենքի փոփոխությունը չի սահմանափակում կիրառման տիրույթը: Կա՞ ներքին անկայունության սպառնալիք, Ադրբեջանում գործու՞մ են «ծայրահեղական խմբավորումներ»:
Վահրամ Աթանեսյան
Ադրբեջանի Միլլի մեջլիսը փոփոխություն եւ լրացում է կատարել Վարչական օրենսգրքում: Այն վերաբերում է արտակարգ դրության պայմաններում ֆիզիկական անձանց կողմից առաջին անհրաժեշտության եւ սննդամթերքի ձեռք բերման պատասխանատվության խստացմանը: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նման դեպքերում քաղաքացին կենթարկվի 150-ից մինչեւ 200 մանաթ տուգանքի, իսկ առանձին դեպքերում՝ մեկամսյա վարչական կալանքի: Եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում թույլ տա պաշտոնատար անձը, ապա նա կտուգանվի 350-ից մինչեւ 600, իսկ իրավաբանական անձը՝ 1500-ից մինչեւ 2000 մանաթով:
Ինչո՞վ է պայմանավորված արդեն իսկ գործող օրենքի նման կտրուկ խստացումը: Պատահակա՞ն է, որ այն մտցվում է մի իրավիճակում, երբ Ադրբեջանը Ռուսաստանի հետ փաստացի ներգրավվում է «ահաբեկչության դեմ պայքարին»: Ռուս-ադրբեջանական ցամաքային սահմանը մասնավոր այցելությունների համար փակ է արդեն չորրորդ տարին: Ադրբեջանի կառավարությունը մարտի մեկին եւս երեք ամսով երկարաձգել է «հատուկ կարանտինային ռեժիմը»: Դա նշանակում է, որ ՌԴ, Վրաստանի, Իրանի եւ անգամ Թուրքիայի հետ ցամաքային սահմանը փակ կմնա առնվազն մինչեւ հունիսի մեկը:
Անցած փետրվարին Բաքվի լրատվամիջոցները հայտնել են մի քանի տասնյակ «հավատացյալների» ձերբակալության մասին: Վտարանդի իրավապաշտպան Յունուսովի տեղեկություններով՝ ներկայումս Ադրբեջանի բանտերում եւ նախնական կալանքի վայրերում պահվում է շուրջ երեք հարյուր հավատացյալ: Յունուսովը նույնիսկ ծաղրել է, որ «իսլամաֆոբիայի մեջ Ֆրանսիային մեղադրող երկրում իսլամ հավատացյալները քաղբանտարկյալ են»: Ինչի՞ է նախապատրաստվում Իլհամ Ալիեւը՝ խստացնելով արտակարգ դրության ռեժիմի խախտման համար պատասխանատվությունը:
Դա արվում է Ադրբեջանի ներսում «պնդօղակներն ավելի ձգելու՞» նպատակով, թե՞ Ադրբեջանը խնդիր ունի գնալ Հայաստանի դեմ ռազմական սադրանքի եւ նախապես հրապարակայնացնում է արտակարգ դրության ռեժիմի թեման՝ հանրությանը նախապատրաստելով «պատերազմական իրավիճակի»: Ըստ էության, Ադրբեջանը միշտ էլ շփման գծի հարակից շրջաններում կիրառել է արտակարգ միջոցառումներ: Նույն ռեժիմն այսօր գործում է օկուպացված Արցախում եւ հարակից տարածքներում, որտեղ սահմանված են մուտքի հատուկ սահմանափակումներ:
Բայց մի բան է գրեթե «պատերազմական» գոտին, այլ՝ հանրապետության ամբողջ տարածքը: Օրենքի փոփոխությունը չի սահմանափակում կիրառման տիրույթը: Կա՞ ներքին անկայունության սպառնալիք, Ադրբեջանում գործու՞մ են «ծայրահեղական խմբավորումներ»: Խորհրդարանում Վարչական օրենսգրքի փոփոխությունը եւ լրացումները քննարկվել են ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինի Բաքու այցից ընդամենը երկու օր անց: Կողմերն ստորագրել են իրավապահ մարմինների համագործակցության Ծրագիր՝ 2024-2026 թվականների համար:
Հոդվածը՝ 1in.am կայքից։