Հայաստանին պետք կգա նախ ժամանակ, որի ընթացքում հայկական արտադրողներն ու սպասարկողները կպարտավորվեն բարձրացնել իրենց առաջարկի որակը, միևնույն ժամանակ նրանք որոշակի ժամանակահատված կկարողանան արտոնյալ պայմաններում իրացնել այն ինչ ունեն, որպեսզի ծանր ցնցումների չենթարկվեն, մինչև սահմանված ժամկետներում ապահովեն որակի բարձրացումը։ Այստեղ է, որ պետության դերը պիտի երևա։
Արման Եղոյան
1inTV-ն զրուցել է ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի հետ։ Զրուցն ընթացել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման և դրանից սպասվող ակնկալիքների թեմայով։
Արման Եղոյանն իր խոսքում նշեց, որ մեր տնտեսությունն իրոք որ ունի դիվերսիֆիկացման և ապահովագրման կարիք ու ԵՄ հետ խորացող հարաբերությունները իրավ կարող են մեծ ու նշանակալի փոփոխություններ մտցնել ՀՀ տնտեսությունն ապահովագրելու հարցում։ Այդ առումով կարևոր է ապրիլի հինգին սպասվող եռակողմ հանդիպումը, բայց մի քիչ անհասկանալի է դրա շուրջ բարձրացած աղմուկը։ Այդ հանդիպումը ինչ-որ առասպելական բան չի բերելու իր հետ, այն ունի իր օրակարգն ու նշանակությունը և ոչ թե պետք է անհասկանալի աղմուկի մջ թաղել այն, այլ հստակ ընդգծել դրա հետևանքները։
Անդրադառնալով այն բանին, որ ԵԱՏՄ հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը շուրջ մեկ մլրդ ԱՄՆ դոլարից աճել է մինչև մոտ 7 մլրդ ԱՄՆ դոլար և ինչպե՞ս է ԵՄ հետ առևտրի ազատականացումը փորձելու լրացնել այդ մեծ բացը՝ Արման Եղոյանը նշեց, որ այդ հարցը իրոք կա, որը հստակ լուծում է պահանջում։ Այդ նպատակով եվրոպացի գործընկերներից ակնկալվում է որոշակի ապրանքատեսակների անտոկոս ու առանց մաքս առևտրի ազատականացում, որը հնարավորություն կտա անվտանգ դարձնել ՀՀ տնտեսությանը սպառնացող այն հարվածները, որոնք կլինեն ԵԱՏՄ-ից ԵՄ անցման ժամանակ։ Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ ԵՄ-ը ունի միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների համար նախատեսվող սոցիալական օգնության փաթեթ, որից սակայն, Հայաստանն այլևս չի օգտվում, որովհետև 2019-2020թթ ընթացքում Հայաստանը դարձել է միջինից բարձր եկամուտներ ունեցող երկիր։ Դա պայմանավորված է մի կողմից տնտեսության աշխուժացումով, մյուս կողմից՝ համաշխարհային բանկի կողմից մշակված չափանիշների որոշակի փոփոխումով։ Բայց այս պարագայի համար ևս կան համապատասխան լուծումներ։ Ամեն երկիր ունի զգայուն ապրանքների ցուցակ, որի համար էլ պիտի կիրառվի ազատականացման որոշակի մոտեցում։
Հաջորդ հարցը, որին անդրադարձավ Աման Եղոյանը՝ վիզաների ազատականացումն ու ԵՄ ստանդարտներին համապատասխանեցումն է։ Ինչ վերաբերում է ԵՄ ստանդարտներին համապատասխանելուն, դա միանգամից չի կատարվելու և չի էլ կարող կատարվել, քանի որ այս պահին կա արտադրման որոշակի որակ, որից հրաժարվելը մի քանի օրվա հարց չէ։ Հավանաբար այս դեպքում Հայաստանը կօգտվի այն հնարավորությունից, որը ժամանակին տրվեց Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, որպեսզի նրանք հասցնեն իրենց արտադրանքի ու սպասարկման որակը հասցնել ԵՄ ստանդարտներին, մի բան, որ եվրոպացիների համար շատ կարևոր է։ Ընդ որում այստեղ Հայաստանին պետք կգա նախ ժամանակ, որի ընթացքում հայկական արտադրողներն ու սպասարկողները կպարտավորվեն բարձրացնել իրենց առաջարկի որակը, միևնույն ժամանակ նրանք որոշակի ժամանակահատված կկարողանան արտոնյալ պայմաններում իրացնել այն ինչ ունեն, որպեսզի ծանր ցնցումների չենթարկվեն, մինչև սահմանված ժամկետներում ապահովեն որակի բարձրացումը։ Այստեղ է, որ պետության դերը պիտի երևա։ Եթե գործը մնա միայն արտադրողին, ապա նա չի ձգտի այդ բարձրացմանը քանի որ որակի բարձրացումը նախատեսում է հավելյալ միջոցների, ջանքերի և ժամանակի տրամադրում, որը չի կարող չազդել առաջարկվող արտադրանքի ու ծառայության շուկայական գնի և ինքնարժեքի վրա։ Մինչդեռ եթե կա այլընտրանքային շուկա, որտեղ հնարավոր է իրացնել առկա որակը, ապա արտադրողը չի ցանկանա իր վրա բեռ վերցնել և որակի բարձրացում ապահովել, եթե միայն դա ընդհանուր պետական քաղաքականություն չլինի, որը թույլ կտա իրացնել ունեցածը և որակի ապահովումը դարձնել ժամանակի ընթացքում կատարվող պահանջ։ Հնարավոր չէ ասենք երկու տարով կանգնեցնել ողջ արտադրական ու սպասարկման համակարգն ու սկսել բարձրացնել այն։ ԱԺ պատգամավորը վստահեցրեց, որ այդ նույն փորձն ունեցել են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, այնպես, որ գործընթացը սկզբունքորեն պարզ է, կիրառելի է և հեռանկարներ ունեցող։ Այսպես թե այնպես լինելու է որոշակիորեն զգացվող անցումային փուլ, դա զգալի կլինի բոլորի համար, բայց դրա հետևանքը շատ ավելի լավ կլինի
Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, ապա անհիմն է այն մտավախությունը, որ վիզաների ազատականացումնից հետո մեծ արտագաղթ կսկսվի դեպի Եվրոպա։ Վիզաների ազատականացումը չի նշանակում Եվրոպա գնալու և ապրելու թույլտվություն։ Այդ ազատականացումն իրենից ենթադրում է ըստ էության տուրիստական կարգավիճակի վիզաների ազատականացում, այսինքն Եվրոպայում 90 օր գտնվելու թույլտվություն։ Իսկ աշխատանքային վիզան այսօր էլ գործող մի համակարգ է։ Ոչ մի ապշեցուցիչ ու աղետալի բան չի կատարվելու, ավելին, ամեն ինչ ավելի հարմարավետ և հեշտ է լինելու։
Պատգամավորը խոսեց նաև Հարավային Կովկասը եվրոպական ընկալումներում մեկ ամբողջական մարզ լինելու պատկերացումների, Հայաստանի համար առևտրային նոր ուղիների հնարավորության և այդ հնարավորություններն իրացնելու մասին։
Ամբողջական տեսանյութը՝