Հայաստան

Բաքուն Շանտաժով Ապահովագրում Է Իրեն

Ինչու՞ է անհանգստանում Բաքուն: Բաքուն իր շանտաժով իր «ներկայությունն» է ապահովում Բրյուսելի հանդիպմանը: Ընդ որում, շանտաժն Ադրբեջանը սկսել է ավելի վաղ, դեռեւս արտաքին գործերի նախարարության հայտարարությունից, որը Բրյուսելում սպասվող հանդիպումը որակել էր կողմնակալ:

Հակոբ Բադալյան

Աճող Շանտաժ Բրյուսելից Առաջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե Հայաստանն իբրեւ սպառազինություն է կուտակում սահմանին եւ իրականացնում զորքի տեղաշարժ, ակնհայտ շանտաժ է եւ այստեղ անշուշտ չկա երկրորդ հարց: Հայաստանի ՊՆ-ն հերքեց ադրբեջանական հայտարարությունը, ասելով, որ դա կեղծ է: Ըստ էության այդ հայտարարությունը հերքեց նաեւ Եվրամիության դիտորդական առաքելությունը, հայտնելով, որ չի արձանագրել որեւէ արտառոց իրավիճակ: Ադրբեջանի շանտաժի հիմնական թիրախը թերեւս ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպումն է՝ Բլինքեն-Փաշինյան-Ֆոն Դեր Լյաեին: Եվրամիության արտաքին հանձնակատարի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ այդ հանդիպմանը չեն քննարկվելու անվտանգային ոլորտի հարցեր, լինելու է տնտեսական եւ մարդասիրական հարցերի քննարկում:

Այդ դեպքում ինչու՞ է անհանգստանում Բաքուն: Բաքուն իր շանտաժով իր «ներկայությունն» է ապահովում Բրյուսելի հանդիպմանը: Ընդ որում, շանտաժն Ադրբեջանը սկսել է ավելի վաղ, դեռեւս արտաքին գործերի նախարարության հայտարարությունից, որը Բրյուսելում սպասվող հանդիպումը որակել էր կողմնակալ: Հենց այդ հայտարարությանը հաջորդեցին «արդարացումներ» Եվրոպայից ու ԱՄՆ-ից, որ հանդիպումը քննարկելու է միայն տնտեսական հարցեր: Ադրբեջանն այդուհանդերձ դրանից ոչ թե «հանգստացավ», այլ որոշեց զարգացնել շանտաժը, թեժացնել այն:

Բոլորովին բացառված չէ, որ առաջիկա օրերին Բաքուն նույնիսկ գնա սահմանային փոքր լարման, որեւէ հատվածում: Այդ իմաստով, ի դեպ, Հայաստանի զինված ուժերը թերեւս պետք է բերվեն ամենաբարձր պատրաստականության: Ադրբեջանի խնդիրը Բրյուսելում սպասվող հանդիպումից «ապահովագրվելը» չէ, այլ այդ հանդիպմանը «ներկա» լինելը, թեկուզ հեռակա: Իսկ դա տարբերակը հենց այն է, ինչ ընտրել է Բաքուն՝ շանտաժը, առավել եւս, որ ԱԳՆ մակարդակով նախնական հայտարարությունից հետո եղած արձագանքները այնքան «կոկիկ« ու «մեղմ» էին, որ Ադրբեջանը համոզվեց՝ իր մարտավարությունը եւ հաշվարկը ունի ծավալվելու տեղ:

Պետք չէ բացառել, որ իրերի այդ դրությունը խոշոր հաշվով կարող է բավարարել նաեւ Եվրամիությանն ու ԱՄՆ-ին, հաշվի առնելով այն, որ նրանք չունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշանը խախտելու մոտիվ եւ մտադրություն, ըստ այդմ Ադրբեջանի «սադրանքահեն» վարքագիծը կարող է լինել հիմնավորում, թե ինչու է պետք հաշվի առնել նաեւ Բաքվին՝ իրավիճակը չապակայունացնելու համար: Ի վերջո, հակառակ դեպքում հազիվ թե նույն՝ «հաշվի առնելու» վարքագիծը դրսեւորեր նաեւ Երեւանը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3404563.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *