Հայաստան

Իրան֊Թուրան Սրացում

Թուրքիան, ինչպես հայտարարել է նախագահի մակարդակով, նախապատրստվում է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչկան ռազմագործողության»:

Վահրամ Աթանեսյան

Իրան – «Թուրան» սրացու՞մ. ինչի՞ց է զգուշանում Ռուսաստանը

ՌԻԱ-Նովոստին, հղելով դիվանագիտական անանուն աղբյուրին, Ստամբուլից տեղեկագրում է, որ կիրակի կայացել է Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ Ֆիդանի եւ Աբդոլահիանի հեռախոսազրույցը, որի ընթացքում թուրքական կողմը հայտարարել է, որ դեմ է քայլերին, որ կարող են հանգեցնել տարածաշրջանային հետագա էսկալացիայի: Իրանի արտգործնախարարը փոխադարձել է, որ Իսրայելի դեմ «վրիժառության ռազմագործողությունն ավարտված է»: Թեհրանը «ոչ մի նոր քայլ չի ձեռնարկի, եթե վերստին չենթարկվի հարձակման»: Այդ դեպքում, ինչպես Իրանի արտգործնախարարն է ձեւակերպել՝ «Թեհրանի պատասխանը զորեղ կլինի»:

Այս ֆոնին ուշագրավ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որ կառուցված է լարվածության կողմերի նկատմամբ «հավասար հեռավորության եւ չեզոքության պահպանման սկզբունքով». Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ ընդամենն ակնարկում, որ լայնածավալ սրացումը չի համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին: Բավական թափանցիկ ակնարկ է, որ Իրան-Իսրայել սրացումը «սադրել են արտատարածաշրջանային ուժերը»:

Թուրքիան, ինչպես հայտարարել է նախագահի մակարդակով, նախապատրստվում է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչկան ռազմագործողության»: Արտգործնախարար Ֆիդանը հայտարարել էր, որ «հաշվի կառնվեն նաեւ Իրանի ազգային շահերը»: Ըստ երեւույթին, Անկարայի «հավաստիացումները» Թեհրանին չեն բավարարում: Իսրայելի դեմ «հարձակումն» այս իմաստով «ուժի ցուցադրություն է» նաեւ Թուրքիային:

Տարեսզբին Իրանը «թիրախ է խոցել» Իրաքյան Քրդաստանի՝ թուրքական ազդեցության տարածքում: Էրդողանը նախապատրստվում է ԱՄՆ նախագահի հետ հանդիպման: Կհաջողվի՞ համաձայնեցնել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական ռազմագործողությունը»: Սկզբունքորեն Թուրքիայի այդ «նեոօսմանական արշավանքին» դեմ պետք է լինի նաեւ Ռուսաստանը: Իրանի անհամաձայնությունը գրեթե ակնհայտ է:

Ըստ երեւույթին, նաեւ դրանով է պայմանավորված Բաքու-Թեհրան սառնությունը: Ադրբեջանը ոչ մի, նույնիսկ փորձագիտական մակարդակով դեռեւս չի անդրադարձել իրանա-իսրայելական լարվածությանը: Ռուսաստանը, հավանաբար, զգուշանում է, որ ստեղծված իրավիճակը կարող է ԱՄՆ-ին մղել Իրանի նկատմամբ դիրքորոշման որոշակի վերանայումների: Այդ եպքում, երեւի, Բաքուն հարկադրված կլինի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի տրանզիտի «նախապայմաններ առաջադրել»: Մոսկվայի հետ ուղղակի դիմակայության Ալիեւը, հավանաբար, չի գնա: Բայց Իրան- «Թուրան» սրացման դեպքում Ադրբեջանը կարող է կորցնել տրանսպորտային-լոգիստիկ «հաբի գրավչությունը»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3409897.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *