Արդյո՞ք Կարսի կոմիտեն հասկանում է, որ ինքը կամ նեղացած երեխայի պես չի գնում, կամ իր կուսակցական շահերը հակադրելով Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը վնասում է այդ բոլորից ավելի մեծ գործի, կամ էլ Պիղատոսի պես ձեռքերը լվանում է, դեռ մյուսներին էլ հրահանգում, որ դուք էլ։ Իսկ արդյո՞ք ազնիվ բան է ձեռքերը լվանալ նման մի պահի, երբ Հայաստանի գլխին իրոք, որ մութ ամպեր են կուտակված։
Մեր Ուղին
2024թ ապրիլի 10-ի շրջաբերականով ՀՅԴ Կարսի կոմիտեն(ԱՄՆ) շարքերին նախ տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-20 Հայաստանում պիտի տեղի ունենա «համաշխարհային հայկական գագաթնաժողով» և ապա նույն շրջաբերականով հրահանգում է չմասնակցել այդ գագաթնաժողովին, որովհետև այս իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը․
«ՀՀ ներկայ իշխանութիւնը վարում է ապազգային քաղաքականութիւն, պայքարում է ազգային շահերի, հոգեւոր-մշակութային արժէքների ու կառոյցների դէմ, որեւէ ջանք չի խնայում պառակտել Սփիւռքը, քանդել սփիւքեան կառոյցները եւ ստեղծել իրեն ենթակայ կառոյցներ: ՀՀ իշխանութիւնը չի պաշտպանում Արցախի եւ արցախահայերի իրաւունքները եւ խոչընդոտում է Արցախի պետական կառոյցների գործունէութիւնը Հայաստանում»,- ասված է շրջաբերականում։
Հրահանգելով չմասնակցել՝ Կարսի կոմիտեն հայտարարում է, որ եթե կան անվանական հրավերներ, ապա դրանք պետք է մերժվեն, որի պատասխանի մեջ պիտի նշվի, «ՀՀ իշխանութեան վերոնշեալ քաղաքականութեան եւ մօտեցումների պատճառով հրաժարում ենք միջոցառմանը մասնակցել»։
Փոքր ինչ տարօրինակ է տեղեկացման այս հրամայական-վերահսկողական ոճը, որում ոչ միայն հրահանգում են չմասնակցել, այլև հրահանգում են, թե ինչու չպետք է մասնակցել ու նույնիսկ թելադրում են, թե մերժման պատասխանի մեջ ինչ պիտի գրվի։ Առնվազն տարօրինակ է, որովհետև խոսքը գնում է, ոչ թե երեխաների մասին, ովքեր կարող են անգիտակցաբար սխալ գորժել, այլ բավական տարիք, կյանքի փորձ ունեցող մարդկանց։ Այդ դեպքում ինչո՞ւ է Կարսի մարմինը ոչ թե առաջարկում չմասնակցել, այլ հրամայում է, այն էլ առարկություն չհանդուրժող տոնով։
Բայց այս հարցը թող կուսակցական ներքին շրջանակներում քննարկվի։ Այն, որ ազատ ու հեղափոխակական սկզբունքների վրա ստեղծված կուսակցությունը վերածվել է գեստապոյական վերաքննիչ դատարանի՝ իր ոստիկանական պահակային կեցվածքով, դա իրենց՝ դաշնակցականների գործն է, թեև հեղափոխականի կերպարը ոչ մի կերպ չի տեղավորվում շղթայված կամակատարի պահվածքի հետ, որը մշտապես փորձ է արվում կարգ ու կանոի տեղ ներկայացնել։ Ինչևէ։
Ավելի կարևոր է հենց մերժումը։ Ավելի բարդ ու անհասկանալի է չմասնակցելու որոշումն իսկ։ Անհասկանալի է, որովհետև չմասնակցել արդեն իսկ նշանակում է նպաստել հարաբերությունների խզմանը, մի բան, որում իշխանություններին մեղադրում է Կարսի կոմիտեն, իր այդ նույն շրջաբերականում նշելով, որ իշխանությունների պահվածքը խզում է առաջացնում Հայաստանի ու Սփյուռքի մեջ։ Իսկ չմասնակցելը խզո՞ւմ է, թե ոչ։
Համահայկական գագաթնաժողովը ենթադրում է կազմակերպական, կուսակցական կամ որևէ այլ լոկալ-տեղային միջավայրից ավելի մեծ ու բարձր մի բան։ Այսինքն կարող են գալ կուսակցականներ, անկուսակցականներ, իշխանավորներ, ընդդիմություն, հոգևորական, աթեիստ, այսինքն՝ հայերը։ Ու նորմալ է, որ հայերը կարող են քաղաքական առումով տարաձայնություններ ունենալ, բայց չէ որ այս գագաթնաժողովը չի կոչվում Քաղաքացիական Պայմանագրի կամ Նիկոլ Փաշինյանի անվան ժողով։ Կոչվում է Համահայկական։ Եթե Կարսի Կոմիտեն մտավախություններ ունի, որ այդ ժողովը իշխանությունները փորձելու են իրենց անձնական նպատակներին ծառայեցնել, ապա ընդհակառակը, պետք է գնալ ու թույլ չտալ դա, դեմ արտահայտվել։ Եթե ոչ՝ ապա չգնալու իմաստն է կորում առհասարակ։
Եվ ի վերջո դեռ ինչքա՞ն են հայկական կուսակցությունները շարունակելու փչացնել ու խանգարել ցանկացած միջոցառում, որի հետ կապված ինչ որ անհամաձայնություններ ունեն։ Իշխանությունները եթե որոշել են, այսպես ասած «վատ բան անեն» այդ ժողովի ժամանակ, ապա որքանո՞վ է ամբողջական հայ ժողովրդի դատի պատասխանատվությունն իր ուսերին վերցրած կուսակցության համար նորմալ չգնալը նմանատիպ համահայկական միջոցառման։ Ընդ որում համահայկական բառը շատ ճոխ է հնչում։ Հատկապես, որ ամեն կուսակցություն ու խումբ փորձում է տապալել այն՝ դեռևս չսկսված։ Միտքը ո՞րն է։ Չմասնակցելու, սեփական շարքերին համահայկականությունից մեկուսացնելու միտքը ո՞րն է։ Եվ արդյո՞ք Կարսի կոմիտեն իրավունք է ունենալու որևէ տառ ասել այդ գագաթնաժողովի հասցեին, մեղադրելու։ Արդյո՞ք Կարսի կոմիտեն հասկանում է, որ ինքը կամ նեղացած երեխայի պես չի գնում, կամ իր կուսակցական շահերը հակադրելով Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը վնասում է այդ բոլորից ավելի մեծ գործի, կամ էլ Պիղատոսի պես ձեռքերը լվանում է, դեռ մյուսներին էլ հրահանգում, որ դուք էլ։ Իսկ արդյո՞ք ազնիվ բան է ձեռքերը լվանալ նման մի պահի, երբ Հայաստանի գլխին իրոք, որ մութ ամպեր են կուտակված։ Եվ իշխանությունները գուցե այնքան շատ կարող են կրկին ու կրկին սխալվել, և նրանց ուղղող, ձեռքը բռնող և օգնող չկա։ Ցանկությո՞ւն չկա, թե՞ ուժ։ Իսկ գուցե Կարսի Կոմիտեն այդքան շատ է ցանկանում արգելել այդ ժողովը այն պատճառով, որ այլևս ուժ չունի մասնակցելու կամ այնտեղ ինչ որ բան փոխելու համար։
Դժվար է ասել։ Այս հարցին կարող են պատասխանել միայն շրջաբերականի հեղինակները, ովքեր գիտեն, թե որն է իրենց իրական նպատակը։ Այդ նպատակը ճափից ավելի կարևոր պիտի լինի, որ արդարացնի մերժման պարտադրանքը, այլապես այն կհամարվի սաբոտաժ։
Ներկայացնում ենք այդ շրջաբերականն ամբողջությամբ՝
ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ԹԻՒ 57-10
Ապրիլ 10,
2024 Հ.Յ.Դ. ԿԱՐՍԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՆ ԵՒ ԸՆԿԵՐՆԵՐՈՒՆ
Սիրելի ընկերներ,
Հ.Յ.Դ. Բիւրոն Մարմիններուն կը տեղեկացնէ որ ՀՀ Սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարի գրասենեակը Սեպտեմբեր 17-20 Հայաստանի մէջ պիտի կազմակերպէ «համաշխարհային հայկական գագաթնաժողով»: Ստորեւ Բիւրոյի ցուցմունքը այս առիթով: «Ինչպէս բոլորդ էլ գիտէք, ՀՀ ներկայ իշխանութիւնը վարում է ապազգային քաղաքականութիւն, պայքարում է ազգային շահերի, հոգեւոր-մշակութային արժէքների ու կառոյցների դէմ, որեւէ ջանք չի խնայում պառակտել Սփիւռքը, քանդել սփիւքեան կառոյցները եւ ստեղծել իրեն ենթակայ կառոյցներ: ՀՀ իշխանութիւնը չի պաշտպանում Արցախի եւ արցախահայերի իրաւունքները եւ խոչընդոտում է Արցախի պետական կառոյցների գործունէութիւնը Հայաստանում: Այդ քաղաքականութիւնը տրամագծօրէն դէմ է մեր դաւանած արժէհամակարգին եւ որեւէ կերպ չի նպաստում Հայրենիք-Սփիւռք փոխյարաբերութիւնների սերտացմանը: Ընդհակառակը՝ էլ աւելի է խզում առաջացնում Հայաստանի եւ Սփիւռքի միչեւ: Արդ, յանձնարարում ենք չմասնակցել նշեալ միջոցառմանը: Անուանական հրաւէրներին գրաւոր պատասխանել որ ՀՀ իշխանութեան վերոնշեալ քաղաքականութեան եւ մօտեցումների պատճառով հրաժարում ենք միջոցառմանը մասնակցել, մինչեւ այն ժամանակ որ չեն սրբագրել իրենց սխալները»:
Ընկերական ջերմ բարեւներ
Հ.Յ.Դ. Կարսի Կեդրոնական Կոմիտէ