Փարիզի հետ Իլհամ Ալիեւի բաց առճակատումն ունի արտաքին հովանավոր: Ո՞վ է նա: Թուրքիա՞ն, որ դեմ է Հարավային Կովկասում Ֆրանսիայի ներկայութանը: Սկզբունքորեն Փարիզի հետ կոշտ մրցակցության մեջ է նաեւ Ռուսաստանը:
Վահրամ Աթանեսյան
Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆրանսիան խորհրդակցությունների համար Փարիզ է հրավիրել Ադրբեջանում արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Բուայոնին: Ըստ երեւույթին, դա տեղի է ունեցել ավելի վաղ, քանի որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն հայտնել է, որ նախագահ Մակրոնն ընդունել է դեսպանին: Ըստ հաղորդագրության՝ դեսպանը խորհրդատվությունների է հրավիրվել, քանի որ Ադրբեջանի «գործողությունները վնասում են երկկողմ հարաբերություններին»:
Ֆրանսիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները բարդ են անցյալ տարվանից, երբ Իլհամ Ալիեւը մերժեց նախագահ Մակրոնի մասնակցությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական նախաձեռնությունը: Դեկտեմբերին Բաքվում ձերբակալվեց Ֆրանսիայի քաղաքացի, որ կալանավորվեց որպես «Ադրբեջանում Ֆրանսիայի արտաքին հետախուզության ռեզիդենտ»: Բաքվում Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել նաեւ անցած ամիս: Նա մեղադրվում է «Բաքվի մետրոպոլիտենի դեպո ապօրինի մուտք գործելու եւ վնասրարություն իրականացնելու» մեջ:
Ադրբեջանի Միլլի մեջլիսում կազմավորվել է «Կորսիկայի անկախության աջակցության» պատգամավորական խումբ: Տարեսզբից առնվազն երկու անգամ Բաքու են հրավիրվել ֆրանսիական Նոր Կոլեդոնիայի անջատողական շարժման պարագլուխներ: Բաքուն, ամենայն հավանականությամբ, նրանց ֆինանսական լուրջ աջակցություն է ցուցաբերում, բայց թվարկածն, ըստ երեւույթին, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների «սառցալեռան վերջրյա մասն» է: Խորքային ի՞նչ հակասություններ կան՝ միայն ենթադրել կարելի է:
Փարիզի հակաքայլը նշանակալի է: Ֆրանսիայի դեսպանը ե՞րբ եւ լրացուցիչ ի՞նչ հանձնարարականներով կվերադառնա Բաքու՝ հայտնի չէ: Տեղեկություն չկա, թե արդյոք Իլհամ Ալիեւը Փարիզում իր դեսպանին խորհրդատվությունների համար հրավիրե՞լ է Բաքու: Ֆրանսիական կապիտալն Ադրբեջանում բավական ազդեցիկ ներկայություն ունի, Փարիզը նաեւ տեխնոլոգիական աջակցություն է ցուցաբերել. Ադրբեջանի առաջին արհեստական արբանյակը ֆրանսիական է:
Ամենայն հավանականությամբ, Փարիզի հետ Իլհամ Ալիեւի բաց առչակատումն ունի արտաքին հովանավոր: Ո՞վ է նա: Թուրքիա՞ն, որ դեմ է Հարավային Կովկասում Ֆրանսիայի ներկայությունը: Սկզբունքորեն Փարիզի հետ կոշտ մրցակցության մեջ է նաեւ Ռուսաստանը: Վերջերս Իրանն ակնարկել է, որ Հայաստանի հարցում իր եւ Ֆրանսիայի մոտեցումները մոտ են կամ համընկնում են:
Ֆրանսիան կգնա՞ Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր լարվածության: Դեսպանին խորհրդատվությունների հրավիրելը դեռեւս դիվանագիտական ճգնաժամ չէ, բայց ազդակ է, որ երկու երկրների հարաբերությունները փակ խողովակներով քննարկման ռեժիմից դուրս են: Ալիեւն, իհարկե, ամեն ինչ պայմանավորում է Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի վերաբերմունքով: Ֆրանսիական կողմը, կարծես, դեմ չէ, որ իրավիճակը հենց այդ կտրվածքով էլ հրապարակայնացվի: Կարելի է ենթադրել, որ դա առարկայական հակասությունները «փաթեթավորելու» քարոզչական հնարք է: Բայց Փարիզը, կարծես, սկսել է «սեղմել» Ալիեւին: Ի՞նչ է ակնկալում Ֆրանսիան: Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապի արտոնյալ ռեժի՞մ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։